«Հիմա շատ է խոսվում քաղաքացիական հասարակության մասին, բայց դա արմատներից ի վեր ստեղծվել է հենց ուսանողական կառույցների ստեղծման ժամանակ եւ այսօր պատահական չէ, որ ուսանողական կառույցներից ուժեղ երիտասարդական կառույցներ չկան,- դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը:
Ուսանողական խորհրդի հիմնադիր նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ միշտ գիտակցել է ուսանողական նման կառույցի անհրաժեշտությունը, եւ չնայած շատերի անվստահությանը, խորհուրդը հիմնվել է.
«Շատերը մեզ ասում էին՝ նոր կոմսոմոլ եք ստեղծո՞ւմ, բայց, բարեբախտաբար, մենք ունեցել ենք շատ ավագ ընկերներ, շատ աջակիցներ, ովքեր շատ լավ ըմբռնում էին ու մեր նախաձեռնություններին աջակցում էին:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով 8 տարի ղեկավարել է Ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդը, նշեց, որ չի մտաբերում մի այնպիսի խնդիր, որ այդ տարիների ընթացքում լուծում չի ստացել.
«Ցանկացած ուսանողի համար ուսում ստանալուց բացի կարեւոր է նաեւ հասարակական, քաղաքական ակտիվ կեցվածքը եւ դա արտացոլվում է ուսանողական խորհրդի աշխատանքներում ներգրավված լինելով: Կարծում եմ, լավ մասնագետ դառնալու երաշխիքներից մեկն ակտիվ հասարակական դերակատարում ունենալն է:
Միջոցառման ավարտին ուսանողական խորհրդի 20 տարիների ընթացքում ակտիվ գործունեություն ցուցաբերած ուսանողներին շնորհվեցին պատվոգրեր:
Ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1993 թվականին, նրա առաջին նախագահն է եղել Մանվել Բադալյանը, իսկ ներկայիս նախագահն է Հայկ Ղեւոնդյանը, ով ղեկավարում է ուսանողական խորհուրդը սկսած 2011 թվականից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ