Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Ես այսօր մի փոքր կշեղվեմ պաշտպանական ճառի ընդունված ձեւերից, կանդրադառնամ արդար որոշման կայացման համար ոչ պակաս կարեւորություն, այս պարագայում նույնիսկ կասեի՝ որոշիչ նշանակություն ունեցող հարցերի: Ինչու եմ հատուկ շեշտադրմամբ դիմում նաեւ սույն դատավարությանը ներկա գտնվող լրագրողներին եւ քաղաքացիներին: Գաղտնիք չէ, որ մեր պետությունում հասարակական մեծ անվստահություն կա պետական կառույցների եւ հատկապես ոստիկանության եւ դատական համակարգի նկատմամբ: Դա է պատճառը, որ գրեթե ամեն օր լսում, կարդում կամ տեղեկանում ենք այնպիսի լուրերի մասին, որոնք վերաբերում են հենց արդարության պահանջներին: Այսօր ձեւավորվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմինների, դատարանների հետ առնչվող իրավապաշտպան կառույցները քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները պահանջում են, որպեսզի ցանկացած իրադրությունում գործեն օրենքին համապատասխան»,- ասաց Երեմ Սարգսյանը եւ նաեւ ակնարկեց, որ հաճախ դատապարտվում են մարդիկ որոշ պաշտոնատար եւ այլ անձանց կամայական ցանկությունների, մասնավոր շահերի պատճառով:
Ըստ Երեմ Սարգսյանի, Վահե Ավետյանի եւ նրա ընտանիքի հետ տեղի է ունեցել անդառնալի դժբախտություն, ինչին ինքն էլ ցավում է որպես այս հասարակության անդամ:
Նա չթաքցրեց իր տպավորությունը, այն է՝ «ինչ-ինչ հանգամանքների պատճառով ձեւավորվել է մի իրադրություն, որ մեծամասնությանը չի հետաքրքրում, թե ամբաստանյալների կարգավիճակում հայտնված բոլոր 6 անձինք մեղավո՞ր են, արդյոք, կատարված հանցագործության մեջ, թե՞ ոչ: Եթե մեղավոր են, ապա իրականում ի՞նչ իրավական որակման է ենթակա նրանց կատարած հանցագործությունը»:
Պաշտպանը իր ճառում ասաց, որ Նորայր Հայրապետյանը դեպքից 4 օր անց՝ 21.06.2012թ. ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հայտնել է, որ իրենց տուն վերջին մի քանի օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել եւ պարտավորեցրել, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գա ոստիկանություն, ինչի համար էլ ներկայացել է:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, դատաքննության ընթացքում քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտման ժամանակ պարզվել է, որ մինչ Նորայր Հայրապետյանի ներկայանալու պահը նրա վերաբերյալ քրեական գործում ընդհանրապես որեւէ տվյալ չի եղել, նույնիսկ օպերատիվ տեղեկություններում նրա վերաբերյալ որեւէ հիշատակում չի եղել ինչպես վիճաբանության մասնակցի, ականատեսի, անգամ «անուղղակիորեն այդ միջադեպի հետ առնչություն ունեցող անձի»:
Ըստ պաշտպանի՝ վարույթ իրականացնող մարմնին դա չի խանգարել, որ առանց որեւէ ապացույցի եւ փաստական տվյալների իր պաշտպանյալին ձերբակալի Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու եւ նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Պաշտպանական ճառի ժամանակ դատական նիստը ընդմիջվեց, դահլիճում ցրտի պատճառով անհնար է նստել: Առաջին դահլիճից նիստի մասնակիցները տեղափոխվում են այլ դահլիճ, որտեղ կշարունակվի պաշտպանական ճառը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ