Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հանձնարարությամբ համակարգում շուտով կգործի «Թեժ գիծ»

Դեկտեմբեր 20,2013 17:31

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համակարգի ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունն անցկացնում էր Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Փոլադյանը: Հանդիպման ժամանակ Փոլադյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք շտապ լուծման կարիք ունեն: «Նախևառաջ պետք է ուշադրություն հրավիրել աշխատանքային կարգապահությանը. մեր առջև դրված է պահանջ` մշտապես աշխատել բաց, թափանցիկ և բոլորի համար հավասար պայմաններով: Այս առումով անհրաժեշտ է նաև խիստ ուշադրություն դարձնել datalex.am տեղեկատվական համակարգի բովանդակությանը, քանի որ այն հասանելի է ողջ հանրությանը»,-նշեց Կարեն Փոլադյանը` հավելելով, որ կայքում տեղադրված նյութերը երբեմն լինում են տառասխալներով, չճշգրտված անուններով, որոշ դեպքերում` անգամ արձանագրվել են բովանդակային թերություններ: Նշված աշխատանքներն ամբողջությամբ ապահովելու նպատակով Դեպարտամենտի կենտրոնական մարմնում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պարբերաբար չնախատեսված այցեր է կատարելու բոլոր դատարաններ:
Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հանձնարարությամբ համակարգում շուտով կգործի նաև «Թեժ գիծ»: Փոլադյանը վստահեցրեց, որ այդպիսով կատարվող աշխատանքներն ավելի թափանցիկ կլինեն. հասարակությունն իր դժգոհությունների մասին, անշուշտ, կդիմի Դատական դեպարտամենտ: «Թեժ գծին ստացված յուրաքանչյուր զանգի համար Դեպարտամենտում կիրականացվեն ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրված բացթողումներն ու ձեռքբերումները համապատասխան կգնահատվեն»,-նշեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը:
Հանդիպման ժամանակ Կարեն Փոլադյանն անդրադարձավ նաև դատական ծառայողների կողմից լիազորությունների վերազանցման դեպքերին: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հետևել, որպեսզի դատական ծառայողները չպատասխանեն այն գրություններին, որոնց պատասխանելը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից:
Նա վստահեցրեց, որ այսուհետ այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար դատական ծառայողը կարժանանա կարգապահական համապատասխան տույժի:
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը կարևոր ու առաջնային խնդիր դիտարկեց նաև դատական գործերի արխիվի թվայնացման հարցը:
Համակարգի որոշակի ստորաբաժանումներում հաստիքների ավելացումը կամ կրճատումը ևս դիտարկվեց որպես հիմնահարց, ինչն առաջիկայում կքննարկվի նաև Դատարանների նախագահների խորհրդում:
Կարեն Փոլադյանը հայտնեց, որ դատական ծառայության համակարգում առկա թերությունները շտկելու համար անակնկալ այցելություններ կիրականացվեն նաև վարչական շրջանների և մարզերի դատարաններ` տեղում ուսումնասիրելու և ստուգելու ստորաբաժանումների աշխատանքն ու զրուցելու աշխատակիցների հետ: Նրա պնդմամբ` նմանատիպ այցելությունները հնարավորություն կտան ամրապնդել առանձնացված ստորաբաժանում – կենտրոնական մարմին կապը, ինչպես նաև լուծել այն խնդիրները, որոնք աշխատակազմի ղեկավարներին չի հաջողվում ինքնուրույն լուծել:
Փոլադյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց վերանայել բոլոր աշխատակիցների աշխատանքը` հետևել ներքին կարգապահական կանոններին, պատասխանել բոլոր հեռախոսազանգերին և սիրալիր մոտեցում ցուցաբերել գրասենյակի պատուհանին մոտեցող յուրաքանչյուր քաղաքացու: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց դատական կարգադրիչների գործունեության վրա` վերջիններիս հորդորելով յուրաքանչյուր անձի նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք:
Կարեն Փոլադյանը տեղեկացրեց նաև, որ դատական ծառայության համակարգում կա կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն: «2014թ-ին Վճռաբեկ դատարանին կներկայացնենք առաջարկություններ` դատական ծառայության համակարգում կառուցվածքային և սկզբունքային որոշակի փոփոխություններ անելու համար: Այս պահին ուսումնասիրում ենք բոլոր դատարանների աշխատակազմերի և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը: Ըստ դրա` կորոշվի, թե որ աշխատակազմերում հաստիքներ կավելացվեն և կառուցվածքային որ ստորաբաժանումներում կադրային փոփոխություններ կկատարվեն: Աշխատակազմերում պետք է ներգրավված լինեն լուրջ, տեսական և վերլուծական միտք ունեցող մասնագետներ»,-նշեց Կարեն Փոլադյանը:
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ նմանատիպ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, որպեսզի ծանոթանան աշխատակազմերի առջև ծառացած խնդիրներին և միասնաբար գտնեն դրանց լուծման արդյունավետ միջոցներ և ուղիներ:

ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031