«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ՌԴ-ին՝ մեր երկրի ունեցած 300 մլն դոլար պարտքի դիմաց hանձնելու համաձայնագիրը «Ասպարեզ» լրագրողների միության նախագահ Լեւոն Բարսեղյանի համար Հայաստանը գաղութացման տանող հերթական քայլն է:
«Այս պայմանագրով ռուսական բիզնես ընկերության համար Հայաստանը վերածվում է շահույթ ապահովող տիրույթի: Հայաստանից, իհարկե, երեւելի շահույթներ չեն սպասվում, բայց այնքան ծանր պայմանագիր է մեր երկրի դեմ, որ կարելի է այն հեշտությամբ չհամարել գազային, այլ`ղազային պայմանագիր »,- ասաց պարոն Բարսեղյանը:
Նա այս համաձայնագիրը ՀՀ իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության մի փոքր մասն է համարում ու հիշեցնում է վերջին տասը տարում ինչեր վաճառվեցին պարտքերի դիմաց. «92-94 միլիոն դոլարի դիմաց 10 տարի առաջ Ռուսաստանին տվեցին միլիարդ ու կես գնահատվող գույքային հարստություն, այն դեպքում, որ Ռուսաստանը օրեր առաջ Կուբային զիջեց 15 միլիարդ դոլարի պարտքը, Աֆրիկայի տասնյակ երկրներին զիջեց 100 միլիարդից ավելի պարտք»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Ռուսաստանը մեր երկրում իր շահերն է պաշտպանում, իսկ Հայաստանի «ապաշնորհ» իշխանությունները, չցանկանալով զրկվել իշխանությունից, հանձնում են այն ամենը, ինչի վրա Ռուսաստանն իր մատն է դնում. «Ինքնիշխանության մասին խոսելը չափազանց ուշացած է…խայտառակ պայմանագիր է, որն այսօր բերման ենթարկված պատգամավորներով փորձում են վավերացնել»:
«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն էլ ստորացուցիչ է համարում համաձայնագիրը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է ԱԺ` վավերացնելու. «Համաձայնագիրը հետապնդում է միայն ռուսական կողմի շահերը: Թե ինչ է շահում Հայաստանը` կնքելով նման ստորացուցիչ համաձայնագիր, Հայաստանի հասարակության այդպես էլ մնում է անհայտ»:
Պարոն Կիվիրյանի խոսքով, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ վերջին մի քանի ամիսներին զբաղված է քաղաքացիներին մոլորեցնելու գործով. «10 օր առաջ Հայաստանի քաղաքացիները տեղեկացան, որ կուտակվել են ահռելի պարտքեր, իսկ Արմեն Մովսիսյանն այդպես էլ չի կարողանում հստակ բացատրել` որտեղից են կուտակվել, ինչ հանգամանքներում են առաջացել նման պարտքեր»:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ