Ազատ ոճային ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Բերբերյանը 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի Հայաստանի առաջատար մարզիկներից էր: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք օլիմպիական խաղերի` Սիդնեյում (2000 թ.), Աթենքում (2004) եւ Պեկինում (2008), դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը նա հանդես է եկել մինչեւ 55 կգ քաշային կարգում, դրանից հետո տեղափոխվել 60 կգ քաշային կարգ:
Մարտինը 2006 թվականին մեկնել է ԱՄՆ եւ այնտեղ մշտական բնակություն հաստատել: Aravot.am-ը այսօր զրուցեց Մարտին Բերբերյանի հետ:
– Հայաստանից հեռացողները գնում են «նեղացած»: Քեզ է՞լ են ժամանակին նեղացրել:
– Ոչ: Իմ պարագայում նման բան չի եղել: Փառք Աստծո, Հայաստանում զբաղվել եմ իմ սիրած մարզաձեւով, բավականին լուրջ հաջողությունների հասել միջազգային մրցագորգերում: Այն ժամանակների չափանիշներով օգտվել եմ մարզումային բոլոր լավագույն պայմաններից, մասնակցել ամենաբարձր կարգի մրցումներին: Պարզապես, ապագա կինս` Ռուզաննան, բնակվում էր Ամերիկայում: Եկա այստեղ` ամուսնացանք եւ տեղափոխվեցի Կալիֆոռնիա:
Կարդացեք նաև
– Դա 2006 թվականին էր: Բայց դրանից հետո շարունակում էիր կապեր պահպանել Հայաստանի հետ:
– Այո: Մինչեւ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերը եղել եմ Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել բոլոր մրցումներին:
– Սպորտից հեռացե՞լ ես:
– Ոչ: Մինչեւ 2012 թվականը մարզվում էի, մասնակցում մրցումների: Դարձել եմ Կալիֆոռնիայի չեմպիոն, Ամերիկայի հավաքականում էի: Բայց անցած տարվա Ամերիկայի առաջնության եզրափակչում ծնկի վնասվածք ստացա եւ վիրահատվեցի: Դրանից հետո սկսեցի մարզչություն անել` հիմնականում «S.K. Golden Boys» ակումբում: Ուրիշ ակումբների ըմբիշների էլ եմ մարզում: Աշխատում եմ նաեւ Ամերիկայի հավաքականի հետ: Հիմա կրկին սկսել եմ մարզվել:
– Երկու հրաշալի դուստր ունես: Սպորտով զբաղվո՞ւմ են:
– Մեծ աղջիկս մարմնամարզությամբ է զբաղվում, փոքրս դեռ 1,5 տարեկան է:
– Հայաստանը կարոտո՞ւմ ես:
– Ամեն տարի ընտանիքով անպայման գալիս ենք:
– 11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտում աշխարհի չեմպիոն ունեցավ` Դավիթ Սաֆարյանը, որին Հայաստանի մարզական լրագրողները ճանաչեցին 2013 թվականի լավագույն մարզիկ:
– Դավիթն արժանի էր Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը գլխավորելուն: Նա այս տարի այնպիսի արդյունքներ ցույց տվեց, որ ոչ ոք մոտ չի դրան: Շնորհավորում եմ Դավիթին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ