Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը չի ընդունում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 16:28

«ՄԻՊ զեկույցից հետո երևի թե վստահության պակասի աստիճանը մեծացել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով ՀՀ-ում արդարադատության ընդհանուր վիճակը՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:Նա ՄԻՊ զեկույցը համարեց «տարվա երևույթ» ու ասաց, որ այդտեղ ներկայացվող իրավիճակից բազմիցս ինքը խոսել է ու փորձել գտնել լուծումներ:

Պարոն Թովմասյանը հայտնեց, որ դատավորների ընտրության հարցում պետք են «ռենտգեն սարքեր», որ իմանանք կենցաղային հարաբերություններում և մարդկային հարաբերություններում մարդը արդար է, թե` ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին` կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման մասին նախարարն ի՞նչ կասի: Նա նշեց. «Ես արմատներով Սահմանադրական դատարանից եմ ու չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը ոչ թե այն պատճառով, որ հայրական տուն քար չեն նետում, այլ եթե լինեի ազատ նկարիչ կամ փորձագետ, ապա կարող էի դիրքորոշում արտահայտել: Մեկնաբանել մարմնի որոշումը մեկ այլ պաշտոնյայի կողմից, լավ տարբերակ չէ: Համենայնդեպս, ՍԴ-ն արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, ուրեմն հարցը փակված է»:

Aravot.am-ը պարոն Թովմասյանին փոխանցեց փորձագետների այն մտահոգությունը, թե Սուրիկ Խաչատրյանի, «Հարսնաքարի» գործերը, բանակում մահացության դեպքերի ոչ արդար քննությունը, տասնչորս քաղբանտարկյալների առկայությունը` հանձինս Շանթ Հարությունյանի և նրա համախոհների, վկայում են արդարադատության համակարգի չկայացվածության մասին:

Նախարարը պատասխանեց. «Համաձայն չեմ, որ ունենք տասնչորս քաղբանտարկյալներ: Անգամ միջազգային և տեղական փորձագետները քաղբանտարկյալ տերմինը չեն օգտագործում: Ընդամենը երեք-չորս հոգու մասին է խոսքը, վստահ եմ, որ երեքից այն կողմ անուն չեք կարող տալ: Մեր լեքսիկոնից դուրս է եկել քաղբանտարկյալ տերմինը»:

Անդրադառնալով վերոնշյալ խնդրահարույց գործերին՝ պարոն Թովմասյանն ասաց. «Եթե հասարակության լայն շրջանակներում խնդիրը դիտվում է որպես խնդրահարույց, ուրեմն այստեղ մենք լրջագույն անելիք ունենք: Դժվար է այս հարցերում ընդունել որոշում, որը հարյուր տոկոսով հարցերը կփակի: Ցավոք, նման դեպքեր լինելու են ու այս տարին էլ չի եղել բեկումային»:

Բանակում գոյություն ունեցող մահացության դեպքերի հետ կապված քննության մասին նախարարն ասաց. «Ցուցանիշները խոսում են այն մասին, որ այս ոլորտում ունենք դրական տեմպեր: Կա այդ երևույթների հասարակական ընկալման խնդիր, ու եթե ժամանակին նախաքննական մարմինն այդքան հրապարակային չէր աշխատում ու այդ դեպքերի մասին չէին իմանում, ապա հիմա հակառակն է: Բայց հրապարակային աշխատելն իր բացասական կողմերն ունի: Օրինակ՝ ասում են, թե ամբողջ նախարարությունում 170 հոգի է աշխատում, բայց 20 հազար հատ տուալետի թուղթ են գնել: Չեն ասում, թե դա 4000 դատապարտյալների համար է»:

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված ՄԻԵԴ որոշման գործում ՀՀ-ին որպես կողմ ներգրավելու նախաձեռնության մասին հարցին Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Որոշումը պիտի ավելի խորը ուսումնասիրել: Բայց այն, որ յոթ դատավորից երկուսը դեմ են քվեարկել, սա նշանակում է, որ որոշումը միանշանակ չի եղել: Գուցե առանձին անդրադարձ կատարենք այդ հարցին»:

Հարցին՝ քաղաքացիական հասարակության պոռթկումները վկայում են այն մասին, որ հասարակությունն առողջանում է ու հնարավոր է նաև իշխանափոխություն, Հրայր Թովմասյանն ասաց. «Քաղաքացիական հասարակություն ու իշխանություն հարաբերությունները պատերազմի դաշտ չէ, որ մեկը հաղթում է, մյուսը պարտվում: Երբ այդպես ենք ասում, ուրեմն կողմերից մյուսի մոտ սկսում ենք ագրեսիա առաջացնել: Կանխատեսում չեմ կարող անել, թե ինչ է լինելու: Որպես նախարար ոնց կարող եմ չցանկանալ, որ գազի գինը իջնի: Ես ձեզ ուղարկեմ այս ամսվա վճարումները, կտեսնեք, որ դրանք ավելացել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031