Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյան. «Ես ինձ խաբված եմ զգում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 16:20

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցը՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Ազգային ժողովում ներկայացնում էր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի  առքուվաճառքի  վերաբերյալ համաձայնագիրը, հետեւյալն էր. «Մենք իրար հետ տարիներ աշխատել ենք, հաճախ ենք բարդ իրավիճակներում գտնվել, բայց մի սկզբունք է եղել. հնարավոր է իրականությունը չասել, բայց կարեւորն է՝ չստելը: Ես ուզում եմ հավատալ, որ հիմա էլ է դա արվում, եւ պետք է անկեղծ լինենք պատգամավորների, բայց ամենակարեւորը՝ հայ ժողովրդի հետ:

Ես ինքս ինձ խաբված եմ զգում: Միգուցե դուք փորձեք ինձ հակառակում համոզել, բայց դուք անձամբ այստեղ բազմաթիվ անգամ հերքել եք, ասել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել, բայց հիմա պարզվում է, որ տարիների ընթացքում Հայաստանը պարտք է կուտակել, որի կեսը Ռուսաստանն է տալիս, մյուս կեսը՝ մենք: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պարտք ենք կուտակել, դա նշանակում է, որ Ազգային ժողովը պետք է այդ պարտքի կուտակմանը հավանություն տար, բայց դուք չեք եկել եւ չեք ներկայացրել այդ պարտքի մասին, հակառակը, դուք հերքել եք, որ գինը բարձրացել է, իսկ հիմա եկել եք եւ ասում եք, որ վավերացնենք: Դուք ուզում եք, որ մենք մասնակից դառնանք մի գործարքի, որը թաքցրել եք»:

Պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ ասել, որ գազի գինը չի բարձրացել, ես ասել եմ, Հայաստանում գինը չի բարձրանալու, ես երբեք չեմ հայտարարել ուրիշ բան: Այո, այն ժամանակ խնդիր դրվեց, որ գինը պետք է բարձրանա, բայց դեռ պարզ չէր՝ ինչքան, եւ մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանում կսպառենք եղած գնով՝ մինչեւ բանակցությունները ավարտվեն , վերջնական համաձայնության գանք: Երբ որ  վերջնական համաձայնության եկանք, հաշվեցինք եւ արդեն եկանք ձեզ ասեցինք: Պարտքը կուտակվել է 2011 թվականից, բայց, թե ինչ պետք է իրենից ներկայացներ այդ պարտքը, միայն բանակցությունների ավարտին կարելի էր իմանալ: Բանակցությունների ավարտից հետո պարզ դարձավ, որ պարտքը 300 մլն է, բայց կեսն իր վրա է վերցնում Ռուսաստանը, մենք էլ մեր կեսը փակվում ենք այդ 20%-ով»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031