Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփելով տարին, ասաց, որ նախարարությունը 160 զանգ է ստացել «թեժ գծին» եւ 2500 գրություն: Նշեց, որ կասեցվել է ինը լիցենզիա: Նաեւ հավելեց, որ հստակեցվել է 100 լավագույն գիտնականների ցանկը, նրանք 97-ն, որոնք իննսուն հազարից ավելի հավելավճար կստանան:
Անդրադառնալով ձախողումներին, Արմեն Աշոտյանն ասաց, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել, բայց իրականացված բարեփոխումների տեմպը միշտ չէ, որ իրենց բավարարում է: Ինչ վերաբերում է կոռուպցիային, նախարարի խոսքով. «Կոռուպցիայի դեմ պայքարը հավերժական է, սա չեմ ասում՝ խուսափելու համար պատասխանատվությունից»:
Aravot.am-ը նախարարին հարցրեց՝ թե ինչ առաջարկ է ներկայացնելու ու քննարկելու, երբ փետրվարին մեկնի Հոլանդիա բանակցելու՝ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի հայացման շուրջ։ «Հոլանդիայի իմ կատարելիք այցը՝ հոլանդական կողմի հետ չի սահմանափակվում միայն Միջազգային բակալավրիատի հետ գրասենյակի աշխատանքներով, պետբյուջեի հաշվին չեմ կարող ինձ թույլ տալ ու ընդամենը մեկ հարցով մեկնել…Այցի ընթացքում նաեւ քաղաքական բնույթի եւ կրթության ոլորտի հագեցած ծրագիր է նախատեսվում, որը հետո կներկայացնենք, որպեսզի չասեք, թե կարող էր skype-ով խոսել: Ամեն դեպքում Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի հայացումը համադարման չի լինելու եւ պետք չէ դրանից աշխարհացունց փոփոխություններ ակնկալել: Ի դեպ, միջազգային բակալավրիատն այս պահին աշխատում է միայն երեք լեզվով, ոչ մի երկիր նրանց կրթական ստանդարտը չի ընդունել իբրեւ ազգային ստանդարտ»,-ասաց նախարարը:
Մեր մյուս հարցը վերաբերում էր «Գոլոս Ռոսիին» տված հարցազրույցին: Հետաքրքրվեցինք, չէ՞ որ 2010թ.-ին խոսքը գնում էր 40 դասարանի մասին, ի՞նչ է, փոքրամասնությունների ներգաղթ է նկատվե՞լ, ինչպե՞ս է պարոն Աշոտյանը բացատրում այդ աճը: Նախարարն ասաց, որ խոսքը գնում է ընդամենը ռուսերենի խորացված ուսուցման մասին, եւ դպրոցների թիվն էլ ընդամենը երկուսով է աճել՝ դառնալով 42, դրանցից մեկն էլ Սլավոնական համալսարանին կից գործող դպրոցն է. «Հայաստանում կա 60 դպրոց, որտեղ անցկացվում է ռուսերենի խորացված ուսուցում, իսկ ռուսական դասարաններ կան 40 դպրոցներում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ