ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր Ազգային ժողովում, երբ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորների դատին էր հանձնել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիրը, հարցրեց. «Դուք ասացիք, որ երբ 2011-ի ապրիլին Գազպրոմն ասաց, որ մտադիր է թանկացնել գազի գինը, դուք «Հայռուսգազարդին» հանձնարարեցիք, որ գազը ձեռք բերի նույն գնով, որով մատակարարվում էր մինչ այդ, եւ խոստացաք, որ բացասական սալդոն, որը պետք է առաջանա, կառավարությունը կփակի: Ինչ հետաքրքրում է՝ ինչպե՞ս եք տվել այդ հանձնարարությունը, ձեր քարտուղարուհին զանգել է Հայռուսգազարդի քարտուղարուհուն, ասել է՝ սենց պետք է լինի, թե կառավարության որոշում կա, որ այդպես պետք է լինի»:
Արմեն Մովսիսյանի պատասխանն էր.« Կառավարության որոշում, որով հանձնարարվեր «Հայռուսգազարդին», որ իրացնի ցածր գնով, քան նախատեսվում է, չկա: Որովհետեւ, երբ մենք պայմանավորվեցինք ռուսական կողմի հետ, որովհետեւ ոչ ոք չգիտեր՝ նման ճեղքվածք, բացասական սալդո լինելո՞ւ է, թե չէ, առաջարկը ընդունելի՞ է լինելու, թե չէ: Մեր առաջարկն էր՝ այդ գնով շարունակել, մինչեւ բանակցությունները կավարտվեն: Չկա կառավարության որոշում՝ նման ֆինանսական բեռ վերցնելու մասին, որովհետեւ կարող էր եւ ոչ մի պարտք չլիներ, բայց եղավ, եւ մինիմումը սա էր»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը՝ a1plusnews-ի