Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մատենադարանում ամփոփեց տարին: Նախարարը նշեց, որ ԿԳ համակարգի համար Անկախության ձեռքբերման առաջին իսկ տարվանից մինչ այս տարի հեշտ չի եղել: Նա ասաց, որ 2013-ով ավարտվում է հետճգնաժամային տարիների շարքը, իսկ գալիք տարին կարող ենք ընկալվել որպես առավել ինտենսիվ գործողությունների եւ վերականգնման տարի:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ ոլորտի ձեռքբերումներին: Նախարարի խոսքով, ի թիվս այլ հաջողությունների, դրանք են ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, Միջազգայնացման շրջանակներում ԿԳ նախարարութան կատարած աշխատանքները, ԵԽ կողմից Հայաստանում կազմակերպված տարածաշրջանային նախարարական համաժողովը, ՀՀ բուհերի՝ այս տարի աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրերի մասնակցելն ու շահելը, այդ թվում՝ 18 ՏԵՄՊՈՒՍ-ային ծրագիր, սկիզբ է դրվել բուհական ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը: Նախադպրոցական կրթության հետագա զարգացումը եւս փաստվեց՝ 73 նախակրթարանների բացումը բոլոր մարզերում եւ Երեւանում:
Նախարարի ասելով, եւս 1800 երեխա այդպիսով հնարավորություն ունեցավ ստանալ նախադպրոցական կրթություն: Արմեն Աշոտյանի ասելով, Հայաստանը լինելով Բոլոնիայի քարտուղար երկիր՝ կարողացել է իր վրա դրված բոլոր պարտավորությունները իրականացնել եւ նրա ձեւակերպմամբ՝ բառի համապարփակ եւ դրական իմաստով սպասարկել Եվրոպայի ուղեղային կենտրոններից մեկը եւ շտեմարանները: Բուհերի վարկանիշավորմանը եւ Շախմատ առարկայի ներդրմանը, ներառական դպրոցների թվի աճին, միջազգային օլիմպիադաներից հայ դպրոցականների բերված մեդալներին եւս անդրադարձ եղավ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ