ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր Ազգային ժողովի առջեւ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ «կռուտիտ» էր լինում՝ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների մեջ, արդարացնելու նպատակով:
25 պատգամավոր էր հերթագրվել նախարարին հարցեր տալու համար: Հարցերը ամենատարբեր էին, սակայն բոլորն էլ նպատակ ունեին՝ պարզելու մութ եւ անհասկանալի հիմքեր ունեցող համաձայնագրի պայմանները:
Արմեն Մովսիսյանը անդրդվելի տոնով կարճ ու կոնկրետ պատասխանում էր պատգամավորների հարցերին, սակայն նրա պատասխանները, դատելով պատգամավորների արձագանքներից, ամենեւին չէին բավարարում պատգամավորներին:
«ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը Ռուսաստանին՝ «Գազպրոմին» է տրվում 300 մլն դոլարի պարտքի դիմաց, որը կուտակվել էր 2011 թ. ապրիլից սկսված, երբ «Գազպրոմը» թանկացրեց իր գազը, իսկ մեր կառավարությունը, Արմեն Մովսիսյանի խոսքերով, ռուսական կառավարության հետ բանավոր պայմանավորվածություն ունեցավ, որ Հայաստանին գազը տրվի նախկին գնով: Իսկ առաջացած բացասական սալդոյի վերաբերյալ սկսվելու էին բանակցություններ: Բանակցությունների արդյունքում, ըստ էներգետիկայի նախարարի, «Գազպրոմը» որոշեց փակել պարտքի կեսը, իսկ 155 մլն դոլարի կամ 63,339 մլրդ դրամ պարտքի դիմաց, որը պիտի փակեր կառավարությունը, կառավարությունը «Գազպրոմին» է փոխանցում իր բաժնեմասը:
Կարդացեք նաև
Պարոն Մովսիսյանի ձեւակերպումների մեջ կար անհասկանալի նոտա. «Երբ մենք պայմանավորվեցինք մեզ նույն գնով տալ, մնացած գումարի մասին չէր խոսվում, որոշեցինք, որ դա պարզ կդառնա բանակցությունների արդյունքում: Երբ մենք բանակցում էինք ռուսական կողմի հետ, ոչ ոք դեռ չգիտեր՝ նման ճեղքվածք կառաջանա՞ , թե՞ չէր առաջանա, ընդունելի՞ կլիներ, թե՞ չէ»:
Այսինքն, ստացվում է, որ ռուսական կողմը բանակցությունների ավարտին կարող էր, օրինակ, որոշեր, որ մենք ոչ թե 300 մլն դոլար ենք պարտք, այլ 900 մլն:
Եվ այդ պարագայում ի՞նչ էր անելու մեր կառավարությունը, եթե նախապես պայմանավորվել էր՝ վերջում որոշել գինը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Էս մարդու էրեսին ինչքան էլ թքեն, էլի կասի անձրև ա գալի: Ախր մի քիչ նամուսն ի՞նչ ա, որ չունեք այ ՀՀԿ նախարաներ: Նույնիսկ ԱԺ ի հավաքարարը դուրս կգար գործից, եթե սրա կեսի-կեսի չափ իրեն վիրավորեին: Թե՞ ամեն գնով որոշել էք կոկորդիլոսի մսից դուք էլ համտես անել: