Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննչական նորաստեղծ կոմիտեն կունենա իր օմբուդսմենը

Դեկտեմբեր 20,2013 14:05

«Կոնգրես» հյուրանոցում շարունակվում է աշխատանքային հերթական խորհրդակցությունը քննչական միացյալ կոմիտեի կառուցվածքի, վերահսկողության մեխանիզմների հետ կապված:

Նախագահի հրամանով ստեղծված քննչական միացյալ կոմիտեի աշխատանքային հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ քննչական կոմիտեի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը արդարադատության նախարարությունն արդեն իսկ ուղարկել է կառավարություն եւ հավանության արժանանալու դեպքում այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը: Աղվան Հովսեփյանն անդրադարձավ ոչ միայն օրենսդրական, վերահսկողական մեխանիզմների ձեւավորմանը, որը, ըստ նրա՝ չպետք է սահմանափակի քննիչների գործունեությունը եւ անկողմնակալությունը, այլ նաեւ անդրադառնա նյութատեխնիկական բազայի ձեւավորմանը, որը ուղղակի առնչություն ունի քննության որակի հետ:

«Քննության որակի արդյունավետությունը բարձրացնելու համար էական քայլեր ունենք ձեռնարկելու, նաեւ քրեագիտական համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար, քննչական գործողությունների համար նախատեսված սենյակների կազմավորման ուղղությամբ»: Ի դեպ, խոսքը ճանաչման, առերես հարցաքննությունների, անչափահասների համար նախատեսված առանձին քննչական սենյակների ձեւավորման մասին էր: Այսօր խոսք գնաց քննիչների նեղ մասնագիտացման մասին: Ա. Հովսեփյանն ասաց, որ ունենք քննիչներ, որոնք ծանր սպանությունների գործեր են քննում, սակայն դժվարանում են տնտեսական գործեր քննելիս եւ հակառակը:

Այսօրվա քննությանը մասնակցում էին ոստիկանության, պաշտպանության նախարարության քննչական մարմինների ղեկավարները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Փաստաբանների պալատից, ինչպես նաեւ Եվրամիությունից հրավիրված փորձագետ:

ԵՄ փորձագետ Արենդ Ֆաստը, որը նախկինում եղել է դատախազ եւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ շփվել է ԵՄ շրջանակներում, նկատեց, որ նախկին քննչական մարմինները ֆորմալ առումով իրար հետ էին, բայց իրականում այդպես չէր եւ որ միացյալ մարմնի ստեղծումը կապահովի ավելի լավ ներքին վերահսկողություն եւ քննչական գործողությունների բարձր մակարդակ: Ի դեպ, հենց հյուրից էլ տեղեկացանք, որ քննչական միացյալ կոմիտեում ուղիղ ենթակայությամբ գործելու է օմբուդսմենի ինստիտուտ: Խոսքը այն օմբուդսմենի մասին է, որը համագործակցելու է Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Մեր հյուրը նաեւ ասաց, որ հարկային մարմինների, պետեկամուտների, քննչական մարմինների կարողությունները պետք է օգտագործվեն, քանի որ կազմակերպված հանցագործությունները կապված են փողի հետ:

Ի դեպ, քննչական միացյալ կոմիտեի մասին օրենքի համաձայն, վարչապետն է ներկայացնելու կոմիտեի նախագահին հանրապետության նախագահի հաստատմանը: Քննչական կոմիտեում գործելու են կարգապահական եւ որակավորման հանձնաժողովներ, կարգապահականը բաղկացած է լինելու 6 անդամից, որի կազմի մեջ են մտնելու քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, ՀՀ նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի՝ նախագահի եւ վարչապետի կողմից նշանակված մեկական ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվելու են 3 տարի ժամկետով եւ չեն կարող լինել որակավորման հանձնաժողովի անդամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031