Լրահոս
Օրվա լրահոսը

Որդուն օղի գնելու մոր մերժումը կյանք արժեցավ

Դեկտեմբեր 20,2013 13:57

44-ամյա Արմեն Չիլինգարյանի՝ մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տալ, այն էլ՝ ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարեւաններն այսօրվա պես հիշում են այն: Մեզ հետ զրույցում առաջին իսկ պատահած հարեւանը՝ տիկին Գրետան, ափսոսանքով էր խոսում ու անընդհատ նշում. «Շատ ափսոս, շատ, լավ տղա էր, բա մայրը ինչ լավ, բարի կին էր: Արմենին մանկուց եմ ճանաչում, շատ լավ երեխա էր, լավ մարդ, բոլորին օգնող, հասնող, բայց խեղճ տղեն արդեն երեւի խանգարվել էր, խմելու հետ էլ սեր ուներ: Ձեռքից ամեն ինչ գալիս էր, ռեմոնտ էր անում, ինքն էլ կահույքի արտադրամասում էր աշխատում»:

Մտերիմ հարեւանները մեզ պատմում են, որ Արմենը չկարողացավ հաշտվել, որ կինը երեխաների հետ լքել էր նրան, ու սկսել էր ավելի շատ խմել, իսկ երբ խմում էր, անպայման վիճաբանություն էր սկսում մոր հետ, գոռգոռոցները հարեւանները միշտ լսել են: Բայց Արմենը, ինչպես պատմում են նրան լավ ճանաչողները, վաղուց սեր ուներ խմիչքի հետ, 15 տարի առաջ հոր մահից հետո սկսեց խմել. ասում են՝ ծանր է տարել հոր կորուստը ու խմելու առիթը բաց չէր թողնում: Կինն էլ, չդիմանալով ամուսնու պարբերաբար հարբած վիճակին, որդիներին վերցրել ու ծնողների տուն էր վերադարձել:

Արմեն Չիլինգարյանի՝ անմիջապես վերեւի հարկի հարեւանը ասում է, որ նույնիսկ փորձել են բուժման ուղարկել ու ազատել Արմենին ոգելից խմիչքի կախվածությունից. «Հենց տիկին Գոհարին՝ Արմենի մորը, տեսնում էինք դեմքին կապտուկներով ու հարցնում՝ էլի տղե՞դ ա ծեծել, չէր խոստովանում, որ էդպես էր, ասում էր՝ չէ, ընկել եմ: Բայց նաեւ միշտ ինձ ասում էր՝ հենց ձենս լսես, խնդրում եմ կգաս՝ կհասնես: Շատ լավ, հրաշք կին էր, որդուն նվիրված իսկական մայր, էն որ ասում են՝ «ձեռքի վրա ձվածեղ էր եփում», տալիս որդուն: Շատ ցավալի դեպք է, չէինք ուզենա էդպիսի ավարտ լիներ: Մի անգամ էլ Արմենը հալյուցինացիաների մեջ էր, աչքին բաներ էին երեւում, վատ մտքեր գալիս, ասում էր` վայ լյուկի մեջ երեխա կա, գնամ փրկեմ, զգացի՝ շատ վատ է, մայրն էլ օգնություն էր խնդրել, զանգեցի շտապօգնություն, հատուկ բրիգադ եկավ ու տարավ նարկոդիսպանսեր: Մի ամիս պառկեց, դուրս եկավ, մոտ 2 ամիս չխմեց ու էլի սկսեց: Ախր, խմածն էլ ի՞նչ էր՝ «դիշովի» օղի, որ մարդուն թունավորում էր»:

Դեպքի օրը հարեւաններից մեկը ցերեկը ժամը 16.00-ի շրջանում, երբ անցնելիս է եղել Արմենի բնակարանի մոտով (առաջին հարկում է բնակարանը), ձայներ է լսել, գոռոցներ, դուռը հենց թակել է, ձայները կտրվել են, ավելի ուշ Արմենն անձամբ է կանչել այս հարեւանին, վերջինս փորձել է որդու կողմից ծեծված կնոջը օգնություն ցուցաբերել, բայց արդեն շատ ուշ է եղել. «Տեսա՝ գետնին ընկած տիկին Գոհարին, ինձ թվաց՝ դեռ շնչում է, շտապօգնություն կանչեցի, շուտ եկան, նայեցին, ասացին՝ մոտ 1 ժամ է՝ մահացած է: Ահավոր տեսարան էր, կինը գետնին ընկած, գլուխն ուռած»: Հետո ոստիկանները պարզել են, որ Արմեն Չիլինգարյանը ալկոհոլի ազդեցության տակ մոր դեմքին բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել, կինը ընկել է հատակին, որից հետո որդին շարունակել է հարվածներ հասցնել մորը. «Ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ ապօինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր կենսականորեն կարեւորագույն օրգանի՝ գլխի շրջանին, եւ պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետեւանքով առաջացած գլխուղեղի կենսական նշանակության կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում ապօրինաբար կյանքից զրկել է»:

Իսկ մորը սպանելու պատճառը, կրկին իրավապահների ու հարեւանների ներկայացմամբ, եղել է այն, որ ոչ սթափ վիճակում Արմեն Չիլինգարյանը մորը հորդորել է իր համար խանութից օղի բերել, մայրը նախատել է որդուն, որից հետո էլ Արմենը հարձակվել է մոր վրա: Այդ օրը Արմենն արդեն հարբած գնացել է կնոջ ծնողների տուն` երեխաներին տեսակցելու, կինն արգելել է ամուսնուն տեսակցությունը՝ ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով: Սա եւս մեկ պատրվակ եղավ Արմենի համար, որպեսզի մորից նորից օղի գնել պահանջի, որդուն օղի գնելու մոր մերժումը կյանք արժեցավ:

Արմենի մեղադրանքը՝ «Կյանքից զրկելու դիտավորությունը», իրավապահ մարմինների ձեւակերպումն է, հարեւանները, սակայն, վստահեցնում են` «Արմենը, եթե խմած չլիներ, նման բան չէր անի, չէր ուզի մորը սպանել, որ չէր խմում՝ ոսկի տղա էր: Ամեն անգամ խմելուց հետո, որ սթափվում էր, ասում էր` էլ չեմ խմելու, բայց չէր կարողանում թողնել: Շատ լավ սիրտ ուներ, անշահախնդիր, ծրագրեր ուներ՝ ուզում էր տան դուռ-պատուհանները փոխել, տունը սիրուն իր ձեռքերով ռեմոնտ էր արել, ուզում էր՝ մի քիչ էլ կարգի գցեր ու գնար 2 տղերքին բերեր մոտը: Տղաները շատ են սիրում հորը, գալիս էին երկար ժամանակով մնում մոտը»:
Պարբերաբար որդու կողմից բռնության ենթարկվելու համար մայրը նույնիսկ չի փորձել դիմել ոստիկանություն. հարեւաններն ասում են՝ «Ամոթ-աբուռով կին է եղել, հո տղուն դատի չէ՞ր տալու, համ էլ՝ չէր ուզում խոստովանել, որ որդին իրեն ծեծում է»:

Մենք փորձեցինք հանդիպել նաեւ Արմենի կնոջ՝ Գայանեի ու երեխաների հետ, սակայն հարեւանները չգիտեին ո՛չ բնակության վայրը եւ ո՛չ էլ հեռախոսահամարը, մի քանի օր շարունակ հարեւաններն ու մենք փնտրեցինք Գայանեի հեռախոսահամարն ու հասցեն, սակայն ապարդյուն: Հարեւանները պատմում են, որ կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում նրա վրա Արմենը ձեռք չէր բարձրացնում. Գայանեն մշտապես սպառնում էր, որ կլքի, իսկ դրանից Արմենն ուղղակի սարսափում էր. «Գայանեն շատ «ճտպտան» կին է, միամիտ չէ ու «դուխով» աղջիկ էր, նա թույլ չէր տա իրան խփեր»:

Արմեն Չիլինգարյանի փաստաբան Կարինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմենն ընդունել է իր մեղքը, զղջում է եղածի համար. ներկայումս գործը դատարանում է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031