Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքել եմ այդ տասը-քսան հազար դրամի վրա»

Դեկտեմբեր 20,2013 13:53

Հարություն Կարապետյանը դեմ է չինովնիկների «գիտնականացմանը»

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը (լուսանկարում) պատրաստվում է վերադարձնել իր՝ գիտությունների թեկնածուի վկայականը: Ասում է՝ «Թքած այդ տասը-քսան հազար դրամի վրա……
Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»: «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ ասաց, որ իր օրինակին հետեւելու կոչ է անելու բոլոր այն մարդկանց, որոնք ազնվորեն են ստացել գիտական աստիճան եւ լուրջ ներդրումներ ունեն գիտության ասպարեզում: Հարություն Կարապետյանը նեղսրտել է չինովնիկների՝ գիտնականացման միտումից: Ամենաթարմ օրինակն էլ այն է, որ դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ատենախոսություն կպաշտպանի եւ բնականաբար կստանա տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

«Գիտության բնագավառը աղբանոցի է վերածվել, որի հավաստագրումը տվել է Ռադիկ Մարտիրոսյանը… Այդտեղ մի Տարոն Մարգարյանով կամ Գալուստ Սահակյանի տղաներով ոչինչ չի փոխվում: Ցավն այն է, որ գիտությունը այլասերել են ու շարունակում են այլասերել: Եվ այդ ամենի կնքահայրը Սերժ Սարգսյանն է: Ես կոչ եմ անում, ով իսկապես գործ է արել, աշխատել է, ինքնուրույն է ձեռք բերել իր գիտական աստիճանը, ով արժանապատվություն ունի, թող վերադարձնի»,- ասում է մեր զրուցակիցը: Խոսելով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նոր ղեկավար Լիլիթ Արզումանյանի մասին, պարոն Կարապետյանը նշեց, թե հարգում է նրան, բայց տիկին Արզումանյանը միայնակ չի կարող կանխել, իր ձեւակերպմամբ տառաճանաչների՝ ատենախոսությունների պաշտպանությունը. «Մարդիկ կան, որոնք փողով դիսերտացիաներ են գրում, Արզումանյանն ի՞նչ պետք է անի, բերում դիմացն են դնում աշխատանքը: Դա ձեռնտու է կառավարության անդամներին եւ Գիտությունների ակադեմիային՝ ի դեմս Ռադիկ Մարտիրոսյանի»: Դառնալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, Հարություն Կարապետյանը հայտարարեց, թե նա իր համագյուղացուն՝ Յուրի Սուվարյանին դարձրել է ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար եւ նախագահության անդամ. «Ես անձամբ Սուվարյանին դեմ չեմ, բայց գիտեմ, որ համաշխարհային գիտության մեջ նա ոչ մի բան չի արել, իսկ գիտությունը լոկալ չի լինում, այն միայն Ռադիկ Մարտիրոսյանի գյուղով եւ ծննդավայրով չէ»:

«Առավոտը» մեկնաբանություն ստացավ նաեւ Ռադիկ Մարտիրոսյանից: Նա ասաց, որ նորմալ է վերաբերվում Տարոն Մարգարյանի՝ ատենախոսություն պաշտպանելուն: «Ուղղակի այդպիսի պատասխանատու պաշտոններում գտնվող մարդկանց համար ժամանակի առումով գիտությամբ զբաղվելը հարմար չէ, մեկը մյուսին խանգարում է: Ամեն մարդ էլ կարող է ատենախոսություն պաշտպանել, եթե ասելիք ունի գիտության մեջ»,- ասաց ԳԱԱ նախագահը:
Իսկ մի՞թե պարտադիր է, որ չինովնիկներն ատենախոսություն պաշտպանեն ու գիտական աստիճան ստանան, մեր այս հարցին էլ Ռադիկ Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է, այդ խնդիրը նաեւ Ռուսաստանի Դաշնությունում կա: Դրա համար էլ ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ռուսաստանցի չինովնիկների համար երկու նոր գիտական աստիճան է մտածել՝ բիզնես կառավարման եւ հասարակական կառավարման գծով: Ուղղակի այս դեպքում էլ հարց է առաջանում, ինչպես են օգտագործելու այդ մարդիկ իրենց գիտական աստիճանը, եթե ազատվեն պաշտոնից»: Պարոն Սուվարյանի մասին էլ հավելեց. «Յուրի Սուվարյանը չի հայտնվել ակադեմիայում, որովհետեւ իմ համագյուղացին է: Եվ հետո դժվար չի պարզել, նա արդյոք իմ համագյուղացի՞ն է: Ի դեպ, Սուվարյանը կարծեմ Ստեփանակերտի շրջանից է, իսկ ես Մարտակերտի, որը մի 100 կմ հեռավորության վրա է: Իմ համագյուղացի լինելը բավարար չէ ակադեմիայի համակարգում պաշտոն զբաղեցնելու համար, նրան ընտրել են ակադեմիայի անդամները: Պարոն Հարություն Կարապետյանը սիրում է այդպիսի եզրակացություններ հրամցնել հասարակությանը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել այլ տեսակետներ նույնպես:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031