Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիաբնակ սոպրանոն չմերժեց Կարեն Դուրգարյանին

Դեկտեմբեր 20,2013 13:51

Աննա Րիանը վիրտուալ շփումից հետո հայաստանյան  համերգի որոշում է կայացրել

Հայաստանցի արվեստագետների ու դասական երաժշտության սիրահարների համար երկար սպասված է այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Վիեննա գալա» համերգը: Դեռեւս 1980-ականների սկզբից մինչ օրս մոսկովյան կենտրոնական հեռուստատեսությամբ Ամանորի գիշերը Վիեննայից ուղիղ եթերով հեռարձակվող երեկոն՝ ծրագրում միայն ավստրիացի կոմպոզիտորների (Մոցարտ, Շտրաուս եւ այլն) պարահանդեսային երաժշտություն, «ներդրվում» է Հայաստանում: Նախագծի մտահղացումը Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանինն է, որը հավաստիացրեց, թե փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել ավստրիացի ճանաչված դիրիժոր Վոլֆգանգ Գրյոսի հետ եւ այսուհետ ամեն տարի, Ամանորի շեմին հայ հանդիսատեսին կնվիրվի վիեննական պարահանդեսային երաժշտության հիասքանչ երեկո:

Կայանալիք համերգին առաջին անգամ հայրենիքում կներկայանա ավստրիաբնակ ճանաչված սոպրանո Աննա Րիանը (Զաքարյան): Երգչուհին կրթություն է ստացել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: Իսկ թե ինչպես է հայտնվել Ավստրիայում, «Առավոտի» հետ զրույցում Աննան նշեց, որ 1990-ականների սկզբներին Երեւանում մշակույթի մասին խոսք լինել չէր կարող, հենց այդ պատճառով գնել է տուրիստական ուղեգիր Ավստրիա եւ մեկնել: «Հայտնվելով Վիեննայում, բախտս բերեց հենց առաջին օրից. տեղի օպերային թատրոնում անցկացվում էր երիտասարդ երգիչների ունկնդրում: Մասնակցեցի, ինձ ընտրեցին, բայց ես հրաժարվեցի, մեկ պատճառով՝ Վիեննայի օպերային թատրոնն առաջարկեց պատրաստել Էրդայի դերերգը՝ Վագների «Վալկյուրե» օպերային ներկայացման մեջ: Եթե համաձայնեի, ապա կտապալվեի,- ասաց երգչուհին՝ մանրամասնելով,- Էրդայի պարտիան գրված է մեցցո սոպրանոյի համար, մինչդեռ իմ ձայնը լիրիկ-դրամատիկ սոպրանո է»: Մեր զրուցակիցը շարունակեց իր պատմությունը, թե ինչպես հեռանալով Վիեննայի օպերային թատրոնից, չի հուսահատվել եւ դիմել է տեղի կոնսերվատորիա՝ վերապատրաստվելու նպատակով: «Դա միակ հնարավորությունս էր Ավստրիայում հաստատվելու»,- նշեց Աննան:

Շուրջ 20 տարի է՝ արդեն հայտնի սոպրանոն հանդես է գալիս ճանաչված թատրոններում՝ համաշխարհային օպերային գրականության գլխավոր դերերգերով: Շուրջ 5 տարի է, ինչ հայ երգչուհին գեղարվեստական ղեկավարն է Վիեննայի Royal կամերային նվագախմբի: Այս կապակցությամբ արվեստագետն ասաց. «Նվագախմբի ծրագիրը հիմնականում ավստրիական դասական երաժշտության բրենդներն են՝ Մոցարտն ու Շտրաուսը: Հրավիրում եմ նաեւ խորեոգրաֆներ, դիրիժորներ, երաժիշտներ, օրինակ՝ նվագախմբում աշխատում են երկու հայաստանցի գեղեցկուհիներ՝ ալտահար եւ ջութակահար: Ավստրիայում եւ արտերկրում անասելի խիստ է աշխատանքային գրաֆիկս….»: Հարցին, թե ո՞վ էր պատճառը առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով այցին, Աննան պատասխանեց. «Առաջին առաջարկն արեց Վոլֆգանգ Գրյոսը: Անկեղծ ասած՝ ցանկությունս մեծ էր, այդուհանդերձ երկմտում էի: Բայց երբ հրավերի առաջարկ արեց Կարեն Դուրգարյանը եւ երբ դրանից հետո Youtube-ով ծանոթացա Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի արվեստին ու հարցազրույցներին, ինչն ինձ համար ոչ պակաս կարեւոր էր, չմերժեցի»: Կատակեցինք, թե փաստորեն հեռակա սիրահարվել է Դուրգարյանին, երգչուհին ժպտաց եւ ներկայացրեց. «Պատկերացրեք՝ մինչ Երեւան այցս, դեկտեմբերի 14-ին Մոսկվայում մենահամերգ ունեցա Եվգենի Սվետլանովի անվան երաժշտության տանը, տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, 15-ին մեկնեցի Վիեննա, 16-17-ին ունեցա գալա համերգ եւ վերջին օրվա ելույթից անմիջապես հետո ուղեւորվեցի օդանավակայան՝ Հայաստան գալու համար…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031