Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին իր դիրքորոշումն ու «պատմական մի փաստաթղթի» հետ կապված իր անհանգստությունները
«Այսօր հիմնական խնդիրը բոլորիս հայտնի է. դա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող կողմնորոշումներն են, պիտի հստակ ասենք, որ գոնե մեծամասնության կողմնորոշում չկա,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ շատ ակնհայտ է, որ աշխարհի տարբեր երկրների իշխանությունները հաճախ ժողովրդի մեծամասնության կամքին չհամապատասխանող կամ ճշմարտությանը հակասող որոշումներ են ընդունում: «Բայց այսպիսի բան մեր իրականության մեջ այսպես ընդգծված առաջին անգամ է տեղի ունենում, երբ Հայաստանի իշխանությունները Եվրոպա ընտրելու փոխարեն ընտրում են Ոսկե Հորդա»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանը հիշատակեց նաեւ Ռուսաստանի հետ գազի առեւտրի պայմանագրի կնքումը, ասաց, որ խորհրդարանում պատգամավորները, ովքեր ծանոթ են պայմանագրին, նույնիսկ պետք է մերժեին պայմանագրի քննարկումը:
«Բայց առաջին հերթին, ով ծանոթ է պայմանագրին, նրանց պետք է զարմացնի, որ օրենքի մակարդակով փորձում են երեսուն տարվա քաղաքականություն կարգավորել, դա ծիծաղելի է նույնիսկ: Բայց մյուս կողմից, քանի որ այդ կողմերից մեկը Ռուսաստանն է, ուրեմն մնում է մտածել, որ նրանք չեն կարող չհասկանալ, որ օրենքը օրվա հետ կապված որոշումների խնդիր է, սահմանադրություն չի, բայց ինձ համար կարեւոր է այդ պայմանագրի եզրափակիչ հատվածը՝ ինչպե՞ս է այդ համաձայնագիրը չեղյալ հայտարարվում: Ինչպես գրեթե բոլոր ռուսական փաստաթղթերը, այստեղ էլ, չեղյալ հայտարարող տարբերակը չի նախատեսվում,- ասում է Պարույր Հայրիկյանը եւ ավելացնում, որ կա միայն պայմանագրում փոփոխություններ անելու մասին մաս, այն էլ կողմերի համաձայնությամբ, նույնպես շատ վերացական:
Կարդացեք նաև
Պարույր Հայրիկյանի ձեւակերպմամբ՝ զարմանալի է, որ «կայսերապաշտական նկատառում ունեցողները» կարծում են, թե այդ փաստաթուղթը կարող է որեւէ դերակատարում ունենալ:
«Ամենատհաճը խաղաղ մարդու համար պիտի լիներ այն, որ այդ պայմանագրում ըստ էությամբ արգելվում է Հայաստանին որեւէ այլ երկրից էներգակիրներ ներկրել: Ես էդպես ուղղակի արգելող դրույթ չտեսա, բայց կար այսպիսի մի դրվագ. Ռուսաստանը կամ այդ մատակարարումն իրականացնող ժառանգորդը Հայաստանին մատակարարում է այնքան գազ, որքան որ Հայաստանի համար կպահանջվի: Սա անուղղակի շեշտադրումն է այն բանի, որ մենք ենք քո մատակարարողը, ինչքան անհրաժեշտ լինի, մենք կտանք,- ասում է ԱԻՄ նախագահը եւ ավելացնում,- եթե կգտնվի մի հայ պատգամավոր, որը համաձայնագրի այդ հատվածին ծանոթ լինելով կամ նույնիսկ ծանոթ չլինելով այո կքվեարկի, դուք հանգիստ կարող եք նայել նրա երեսին եւ ասել, որ քո ժառանգները քո երեսին թքելու են ժամանակի ընթացքում»:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն էլ կմիանա այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ կպայքարի:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ