Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 13:31

«Մեդիա կենտրոն», դեկտեմբերի 20: Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան ՀԿ անդամները համոզված են. քանի որ կանայք ունեն առանձնահատկություններ, նրանց նկատմամբ պատիժն էլ պետք է այլ ձևով կիրառվի:

«Կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժ կիրառելու պրակտիկան պիտի նաև ՀՀ-ում խթանվի»,- ասաց ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը վստահ է. ինչպես որ պատժի կրման սահմանափակումներ են սահմանված օրինախախտ անչափահասների դեպքում, այնպես էլ պետք է սահմանվեն կանանց համար: Ներկայում բացառություն են կազմում միայն հղի  և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք: «Այժմ Հայաստանում կանայք համահավասար վերաբերմունքի են արժանանում,- ասում է Սաֆարյանը և հավելում,- կանանց համար գոնե պատժի առավելագույն շեմը չպետք է լինի նույնը, ինչ տղամարդկանց համար»:

2010թ. ՄԱԿ-ի 65/229 բանաձևին համապատասխան մշակվել են Միջազգային բանտային ռեֆորմի կանոններ, որոնցով նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել կանանց և տղամարդկանց ազատազրկման իրավունքների և պայմանների տարբերակման վերաբերյալ:

Տիգրան Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց համար որևէ առանձնահատուկ պայմաններ նախատեսված չեն նաև շրջանների ՁՊՎ-ներում: Հիմնական աշխատակազմն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի անդամները 2014թ. հունվարից այցելելու են «Աբովյան» ՔԿՀ՝ տեղում ուսումնասիրելու և գնահատելու, թե որքանով  է ՔԿՀ-ներում պաշտպանված կանանց իրավունքները: Նաև մոնիտորինգի են ենթարկվելու այն դատական գործերը, որոնցում կին ամբաստանյալ է ներգրավված:

Քննարկման ընթացքում ՀԿ Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ավետիք Մեջլումյանը կոչ արեց բոլորին իրենց տեղեկացնել այն գործերի մասին, որոնցում որպես ամբաստանյալ ներգրավված են կանայք, քանի որ դատական տեղեկատվության «Դատալեքս» համակարգը թույլ չի տալիս տարբերակված որոնումներ կատարել:

ՔԿՀ-ներում և դատական գործերի ընթացքում մոնիտորինգի արդյունքում ՀԿ-ն կընդհանրացնի ոլորտում իրավիճակի պատկերը և կմշակի օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ ազատազրկված կանանց պահման պայմանները բարելավելու և կանանց նկատմամբ այլընտրանքային պատժի կիրառումը խթանելու համար:

Դեկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան ՀԿն անցկացրեց քննարկում` «Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Հայկուհի Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան, Ավետիք Մեջլումյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար և Տիգրան Սաֆարյանը՝ փաստաբան:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք «Ա1+»-ի տեսանյութում

«Մեդիա» կենտրոնի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031