Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ դիմաց պիկետ անցկացնող քաղաքացիների հայտարարությունը

Դեկտեմբեր 20,2013 12:59

2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի 2013թ. դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին վավերացման, հակասում է ՀՀ շահերին, սահմանադրությանը և օրենսդրությանը, ազգային և էներգետիկ անվտանգությանը, լրջագույն վտանգի տակ է դնում Արցախի գոյատևումը:

Սույն համաձայնագրով «ՀայՌուսգազարդ»-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերի օտարումը («հանձնումը», ինչպես նշված է համաձայնագրում) «Գազպրոմ»-ին առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված համաձայնեցումների և թույլտվությունների, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների հետ համաձայնեցումների և խնդրի շուրջ հանրային լսումների, ՀՀ օրենսդրության ակնհայտ և կոպտագույն խախտում է:

Համաձայնագիրը ՀՀ-ին պարտավորեցնում է մինչև 2043 թ. ներառյալ բացի «Գազպրոմից» ռուսաստանյան որևէ այլ ընկերությունից գազ չներմուծել՝ միաժամանակ օժտելով ռուսական կողմին անվերապահ և բացառիկ իրավունքներով, այդ թվում՝ գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունքով, ինչը նշանակում է, որ նույնիսկ Իրանից գազ ներմուծելու լավագույն ցանկության դեպքում այդ ներմուծումն անհնար կլինի ենթակառուցվածքների օգտագործման վրա դրված սահմանափակումների պատճառով:

Ըստ համաձայնագրի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ «առանց Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության», ինչը նշանակում է, որ 100 տոկոսանոց սեփականատեր «Գազպրոմը» կարող է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները և իր այլ սեփականությունը հանձնել այնպիսի երրորդ կողմերի, որոնք կարող են ուղղակիորեն վտանգել ՀՀ ֆիզիկական անվտանգությունը: Համաձայնագրում նշվում է նաև, որ «ՀայՌուսգազարդ»-ի կողմից տնօրինվող տեղեկությունները չեն կարող համարվել պետական գաղտնիք, այսինքն՝ դրանք ևս կարող են տրամադրվել ցանկացած երրորդ կողմի:

Վերոնշյալ պայմանագիրը բազմիցս շեշտում է, որ ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այսինքն կախյալ է Արցախի գազամատակարարման հարցը, ինչը Արցախի բնակչությանը կարող է կանգնեցնել էներգետիկ անվտանգության խնդրի առջև:

ՀՀ կառավարությունը համաձայնագրի 6-րդ հոդվածով վայր է դրել «Գազպրոմ»-ին պատկանող գույքի ազգայնացման կամ ռեկվիզիցայի որևէ իրավունք, Հոդված 7-ով երաշխավորել է, որ ՀՀ ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի «Գազպրոմ» ընկերություն և դրա իրավահաջորդների իրավունքները և շահերը: Սա նշանակում է բացարձակ կապիտուլյացիա «Գազպրոմ»-ին:

Սույն հայտարարության մեջ անհնար է զետեղել հակապետական և հակաօրինական բոլոր դրույթները, քանի որ դրանք արտացոլված են համաձայնագրի գրեթե ողջ տեքստում, ուստի սահմանափակվելով վերը նշված կարևորագույն դրույթներով՝ հայտարարում ենք, որ.

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ և ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՄՐԱԳՐՈՒՄ ՀՕԳՈՒՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ:

ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿՍԵՂՄԵՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿՈՃԱԿԸ, ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԺԻ:

Ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031