ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կանցկացվի հրատապ քննարկում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Ուկրաինայում» թեմայով, ինչպես նաև կքննարկվի Մագնիտսկու սպանության և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու հարցը:
Aravot.am-ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց` արդյոք այսպիսով` Եվրոպայի խորհուրդն Ուկրաինային պատասխա՞ն է տալիս երկրի ղեկավարության` Մաքսային միությանն անդամակցելու որոշման կապակցությամբ:
Տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Պետք է համադրել Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները այլ տարածքների` նախկին ԽՍՀՄ տարածքների հետ, ինչպես նաև Հայաստանի հետ, քանի որ այսօր Ուկրաինայում լուծվում է ոչ միայն այդ երկրի ժողովրդի ժողովրդավար ապրելու հնարավորությունը, այլև Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում նույնպես, քանի որ մենք բոլորս Արևելյան գործընկերության անդամ ենք և արևելյան գործընկերության շրջանակներում պիտի ստորագրեինք փաստաթղթեր, որոնք ենթադրում են ազատ առևտրի հնարավորություն Եվրամիության հետ»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի` Ուկրաինան անհրաժեշտ է Ռուսաստանին` Մաքսային Միությանն անդամակցելու հարցում: Եթե Ռուսաստանը չի կարողանում նրան միավորել Մաքսային Միության մեջ, ապա Ռուսաստանի կայսերական ցանկությունը, որը զուգորդվում է ոչ թե իրական ռեսուրսներով, այլ ավանտյուրայի տեսքով, կոպիտ ճնշումների միջոցով, հնարավոր չի լինի իրականացնել առանց Ուկրաինայի մասնակցության:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն այս առիթով նշեց. «Եթե Ուկրաինայի հարցը քննարկվում է, ապա սա ունենալու է անդրադարձ նաև Հայաստանի նկատմամբ»:
Մյուս կողմից Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ այժմ օրակարգային է Ուկրաինայի հարցը, քանի որ «թեև Հայաստանն էլ իր աշխարհաքաղաքական դիրքով կարևոր նշանակություն ունի, բայց Ուկրաինային հարցն այս պահին առաջին գծում է»:
Եվրոպայի խորհրդի` Ուկրաինային պատասխանի առիթով` տիկին Փոստանջյանն այսպես արձագանքեց. «ԵԽ-ն քաղաքական մարմին է, որտեղ, իհարկե, այսպիսի և այլ անդրադարձերը հենց այնպես չեն լինում: Դրանք ուղղակի ունեն իրենց տրամաբանությունը և հատուկ նպատակը»:
Մեր հստակեցմանը` հնարավո՞ր է Եվրոպան ջրի երես հանի նաև Հայաստանի հետ կապված խնդրահարույց հարցերը` օրինակ, մարտի 1-ը, ՀՀ ընտրությունների ընտրակեղծիքները և այլն, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ամեն ինչ սպասելի է: Սակայն այս պահին, քանի որ առաջին գծում Ուկրաինան է, այդ երկրի հարցն այսօր ավելի օրակարգային է, քան Հայաստանի վերաբերյալ հարցերը: Բայց միևնույն է, Հայաստանը չի անտեսվելու և ընդհանուր միտումն այն է, որ ՌԴ-ն իր կայսերական ցանկությունը չի թաքցնում, հրապարակավ հայտնում է, որից մեկն էլ Մաքսային միության ձեռնարկն է, որով Ռուսաստանը փորձ է անում վերականգնել նախկին Խորհրդային միության տարածքը: Պարոն Պուտինը այս մասին չի էլ թաքցնում, բազմիցս հայտարարել է իր հարցազրույցներում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ