Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան – 3

Դեկտեմբեր 20,2013 12:33

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի կուսակցություններից նրանք, որոնք չունեն որոշակի նյութական ռեսուրսներ, չեն դիմանում մրցակցությանը և շատ արագ անհետանում են քաղաքական տեսադաշտից: Քաղաքական տեսադաշտ ասելով` առաջին հերթին նկատի ունենք Ազգային ժողովում կուսակցությունների գրաված տեղերի քանակը: Նույնիսկ ՕԵԿ-ը, որն ունի որոշակի նյութական ռեսուրսներ, որոշակի լծակներ ու կուսակցական աշխատանքի որոշակի փորձ, դժվարությամբ է իր տեղը պահպանում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Դժվար է պատկերացնել, թե այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ինչ տեղ կգրավեր Հանրապետական կուսակցությունը, եթե իշխող կուսակցություն չհանդիսանար:

Բացառությունն ընդդիմադիր կուսակցություններն են, որոնք որոշակի ֆինանսական ռեսուրսների ու լծակների բացակայության պայմաններում հաջողացնում են թափանցել Ազգային ժողով ու ջրի երեսին մնալ: Եվ այդ է պատճառը, որ այսօր Հայաստանի ընդդիմադիր, կիսաընդդիմադիր և իբր թե ընդդիմադիր կուսակցությունների միջև թեժ պայքար է գնում թիվ 1 ընդդիմադիրի դափնին նվաճելու համար, որովհետև ժողովրդի աչքում թունդ ընդդիմադիր երևալու դեպքում է միայն հնարավոր դժգոհ ընտրազանգվածի քվեները կորզել: Եվ նույնիսկ թունդ ընդդիմադիր ներկայանալու դեպքում է որոշակի ֆինանսական լծակներ հարկավոր` եթե ոչ ընտրակաշառքի, ապա գոնե ընտրարշավի հետ կապված նվազագույն ծախսերը հոգալու իմաստով: Եվ ընդհակառակը, ֆինանսական ու այլևայլ լծակներ ունենալու դեպքում էլ որոշ չափով ընդդիմադիր կեցվածքն է անհրաժեշտություն, որովհետև իշխանությունից իշխանական քվեները խլելը գրեթե անհնարին է, իսկ ընդդիմադիրներից` ավելի քան հնարավոր:

Եվ էս դեպքում արդեն եթե ոչ արմատական ընդդիմադիր, ապա առնվազն այլընտրանքային կեցվածքն ավելի քան անհրաժեշտ է, և այս «այլընտրանքային» արտահայտությունը միայն ու միայն Ծառուկյանի ԲՀԿ-ին է վերաբերում, որովհետև Հայաստանում ԲՀԿ-ից բացի ուրիշ այլընտրանքային կուսակցություն չի եղել ու հետագայում էլ դժվար թե լինի: Եվ կարծում եմ` աշխարհի մասշտաբով էլ է էս այլընտրանքայինը միանգամայն նորություն ու նորարարություն: Եվ այս նորարարությունը ոչ թե ԲՀԿ-ի նորարարական հակումներից է բխում, այլ Հայաստանի ներքաղաքական ուրույն իրավիճակից, ինչպես նաև` անձամբ Ծառուկյանի անձնական հարաբերություններից և էդ հարաբերությունների բարդությունից:

Եվ այստեղից անմիջապես կարող էինք անցում կատարել մարդ-կուսակցությունների թեմային, բայց նախքան այդ պարտավոր ենք ավելի հանգամանալից անդրադառնալ ԲՀԿ-ին ու նրա բավական արագընթաց կենսագրությանը, որովհետև խոսել Հայաստանում կուսակցությունների ստեղծման ու գործունեության մասին: Եվ չանդրադառնալ ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի ֆենոմենին, ոչ միայն անարդար է, այլև` անհնարին:

Ներկայումս ԲՀԿ-ն այնքան երևելի ու երևացող է, որ շատերն արդեն սկսում են մոռանալ, որ սույն կուսակցությունը հիմնադրվել է երկրորդ նախագահ Քոչարյանի կամքով ու գիտությամբ: Բայց հիշողներից ոմոնք էլ համոզված են, որ սույն կուսակցությունը ժամանակին Քոչարյանի կամքով ու գիտությամբ հիմնադրվելով` արդեն որոշակիորեն դուրս է գտնվում երկրորդ նախագահ Քոչարյանի ազդեցության ոլորտից:

Ոմանք երևի հիշում են, որ Քոչարյանի իշխանության վերջին տարիներին կուսակցություն հիմնելու մտադրություն ուներ Քոչարյանի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Արտաշես Թումանյանը, և նույնիսկ արդեն այդ կուսակցության ծրագիրն էր թերթերից մեկում հրապարակվել: Բայց միանգամայն անսպասելի այդ կուսակցության գաղափարը թղթի վրա էլ մնաց ու չիրականացավ, և, շատ չանցած, նույնքան անսպասելի ստեղծվեց Ծառուկյանի ԲՀԿ-ն: Մեկի կասեցումը մյուսի ստեղծման հետ չենք կապում միայն ու միայն կոնկրետ ու սպառիչ տեղեկատվություն չունենալու պատճառով:

Ինչևէ. ԲՀԿ-ն կա և շարունակում է բարգավաճել` Հայաստանի ներքաղաքական դաշտում ավելի ու ավելի նկատելի դարձնելով իր այլընտրանքային գոյությունը:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031