Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Գազային ամբողջ պատմությունը եղել ու մնում է քաղաքական խնդիր». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 20,2013 12:26

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հարցազրույցից:

– Հայաստանին ռուսականից էժան գազի վաճառքի վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարությունները ռեա՞լ եք համարում զարգացումների տեսակետից։

– Միանգամայն։ Ի սկզբանե համոզված էի և հիմա էլ փաստում եմ, որ Իրանի դեսպանի հայտարարությունը միայն Հայաստանին չէր ուղղված։ Հայաստանն իր գնողունակությամբ փոքր շուկա է նման հայտարարության համար։ Իրական հասցեատերը Արևմուտքն էր և, վստահ եմ, որ արդեն 2014-ին Իրանից գազի արտահանման ծավալների մեծացումը կհաստատի իմ տեսակետը։

Իրանն առաջարկում է ռուսականից էժան գազ, սա ոչ միայն տնտեսական, սա քաղաքական անկախություն ապահովող հնարավորություն է։ Ռուսական գազային շանտաժից ազատվելու շանսը Արևմուտքը չի կորցնի։ Այս հարթության մեջ Հայաստանը ևս չպետք է իր շանսը կորցնի, որովհետև Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը Եվրոպային կարող է գազով ապահովել՝ շրջանցելով Ռուսաստանը։

Կարծում եմ՝ ավելորդ է բացատրել, որ գազամուղը նաև ինֆրակառույցների զարգացում է, նոր աշխատատեղեր ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերականգնումն ընդհանրապես կարող է տարածաշրջանում նոր իրավիճակ ու նոր զարգացումներ ստեղծել, որոնցից դուրս մնալը Հայաստանի դեպքում ընդհանրապես մեկուսացում է դառնում։

– Իսկ Ռուսաստա՞նը։ Իսկ Մաքսային միությո՞ւնը, իսկ ՄՄ-ի շահերին դեմ քայլեր չձեռնարկելու Հայաստանի հանձնառությո՞ւնը, որ հաստատվեց հուշագրի ստորագրումով։

– Ինչո՞ւ եք հակադրում Ռուսաստանին ու Իրանին։ Սա՝ մեկ, և երկու՝ սա այն դեպքն է, որ Հայաստանը նախ և առաջ պետք է մտածի սեփական շահերի պաշտպանության մասին, հետո նոր՝ այլ պետության շահերին չհակադրվելու։ Իրանի դեմ խստագույն էմբարգոյի տարիներին Հայաստանն Իրանի հետ առևտրատնտեսական կապերը շարունակում էր Արևմուտքի գիտությամբ, և դա չէր դիտվում պատժելի արարք։ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի հաշվին իր կենսական խնդիրները չի լուծում և գազային ամբողջ պատմությունը եղել ու մնում է քաղաքական խնդիր։

Բոլորովին վերջերս Ռուսաստանը Կուբային նվիրեց բազմամիլիարդ պարտքը։ Կուբան միակ երկիրը չէ, որ Ռուսաստանին պարտք է եղել, բայց ոչինչ չի վճարել։ Մաքսային միությանն անդամակցության որոշումը Հայաստանի գործող իշխանության սխալն է միանշանակ, և եթե այդ որոշումն արդեն իսկ սկսում է հարվածել տնտեսությանը, ևս մեկ փաստարկ է՝ ՄՄ-ից հրաժարվելու համար։

Մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց էր տալիս ու հիմնավորում էր, որ ՄՄ մտնելը Հայաստանի համար բացարձակապես աննպատակահարմար է՝ մեզ մոտ մաքսատուրքերի արժեքները արդեն համաձայնեցված են եվրոպական չափանիշների հետ և ավելի ցածր են, քան գործում են այսօր Ռուսաստանում։

Սննդամթերքի գների մաքսազերծումը Ռուսաստանում 25-30 տոկոսի է հասնում, մինչդեռ Հայաստանում 10 տոկոս է։ Հայաստանի ներկրումը ՄՄ երկրներից 10 տոկոս է, իսկ եվրոպական երկրներից՝ 20– 22: Իհարկե, տնտեսական առումով մենք տուժելու ենք, ի՞նչ հայկական շահի մասին է խոսքը։

Եվ երրորդ՝ Ռուսաստանին ձեռնտու չէ, եթե Ռուսաստան ասելով նկատի ունեք իշխանությունը։ Իսկ ռուս ժողովրդին հենց Մաքսային միության ստեղծումը ձեռնտու չէ, նրանց պետք է, որ իրենց իշխանություններին իրենք ընտրեն ազատ, արդար ընտրություններով, որ Ռուսաստանում էլ լինի ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն։ Ռուս ժողովուրդն ազատություն ու իրավահավասարություն է ուզում, ոչ թե նորից որոշակի պետություններ հավաքել իր շուրջը, առավել ևս, որ մեծ օգուտներ ունենալ հնարավոր էլ չէ։

Ի վերջո, փաստ չէ, որ Մաքսային միությունը գործառնելու է. տասնամյակներ առաջ ստեղծվեց ԱՊՀ-ն, և ի՞նչ։ Պետությունների այդ միավորումը որևէ քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, պաշտպանական դեր ունի՞ համաշխարհային քաղաքականության մեջ։ ԱՊՀ-ն այսօր ընդամենը մի կառույց է, որտեղ աշխատում են ինչ-որ թվով մարդիկ և լուրջ տեսք են ընդունում, թե կարևոր գործ են անում։ Եթե ԱՊՀ-ն կայանար, Մաքսային միություն ստեղծելու ոչ գաղափարը, ոչ անհրաժեշտությունը Ռուսաստանը չէր ունենա։ Մի մեռելածին կառույցին հաջորդելու է մյուսը, նույնիսկ եթե ՄՄ-ին անդամակցեն ոչ միայն Նազարբաևի առաջարկած Թուրքիան ու Պուտինի առաջարկած Հնդկաստանը, այլև Լուկաշենկոյի չառաջարկած Չինաստանը:

Զրույցը՝ Անահիտ Ադամյանի

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031