Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. ՄԻԵԴ-ի որոշումը առաջին «ծաղիկն» էր, ճնշումները մեր դեմ դեռ նոր են սկսվելու. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 20,2013 12:13

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեկտեմբերի 17-ին կայացրեց որոշում, որով 1915թ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը չճանաչեց քրեական հանցագործություն: Այս թեմայի շուրջ է «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ։

-Ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի այս խայտառակ փաստին:

-Հայ իրավաբանները պետք է բողոքարկեն օրենքի անհամաչափ կիրառման դեմ, այսինքն՝ վիճարկեն ոչ թե մարդու արտահայտման իրավունքը, այլ օրենքի խտրական կիրառումը, թե ինչո՞ւ պետք է մարդու ազատ արտահայտվելու իրավունքը տարածվի Հայոց ցեղասպանության վրա, բայց ոչ Հոլոքոստի:
Նաեւ նկատի պետք է ունենալ մի կարեւոր փաստ. Հոլոքոստը ժխտելու համար բազմաթիվ մարդիկ են դատապարտվել, այսինքն՝ կան մեզ համար կարեւոր նախադեպեր, ու մենք պետք է պնդենք, որ Հայոց ցեղասպանության պարագայում դրանք եւս կիրառվեն: Կրկնում եմ, հայկական կողմը պետք է հստակ բարձրաձայնի օրենքի խտրականության հարցը ու խնդիրը դիտարկի հենց այդ հարթության վրա:
Այս առնչությամբ ուզում եմ մի օրինակ բերել. չնայած երեւույթները խիստ տարբեր են, սակայն նպատակս այն զուտ խտրականության տեսանկյունից դիտարկելն է: Տեսեք, Եվրադատարանն ասում է՝ միասեռ ընտանիքները կարող են երեխա որդեգրել, ու նշում, որ հակառակ պարագայում կդրվի խտրականություն ընտանիքների միջեւ: Այսինքն՝ օրենքը առաջնություն է տալիս ու կարեւորում է ոչ խտրական վերաբերմունքը: Այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ միասեռականների պարագայում ՄԻԵԴ-ը համարեց, որ չի կարելի խտրական վերաբերմունք ցուցաբերել, բայց Հայոց ցեղասպանության պարագայում այն դարձավ երկրորդական:
Կարծում եմ, այո, սա քաղաքական որոշում էր, եւ պատասխանն էր Հայաստանի այն քայլի, որ 3,5 տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո մեր երկիրը որոշեց փոխել իր ինտեգրացիոն ուղղությունը: Եվրոպան ասում է՝ եթե դուք ինձ հետ եք, ուրեմն Եվրոպական դատարանից կստանաք եվրոպական չափանիշներին համարժեք որոշումներ, եթե ինձ հետ չեք, ուրեմն ձեր դեմ կկիրառեմ ոչ եվրոպական չափանիշներ:

   -Ստացվում է, որ եվրոպական կառույցները, տվյալ դեպքում՝ ՄԻԵԴ-ը, եւ Արեւմուտքից հնչող բարձրագոչ հայտարարությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, ընդամենը լծակներ են եվրոպական ուղեծրից «շեղված» երկրներին ճնշելու, սեփական քաղաքականությունը պարտադրելու համար:

-Իհարկե, լծակ են: Պետք է նաեւ նկատի ունենանք՝ ոչ միայն Ռուսաստանն ունի ճնշման լծակներ, այլեւ Եվրոպան, ու վերջինս այս որոշմամբ դա կիրառեց: Ավելին, կարծում եմ, ՄԻԵԴ-ի որոշումը առաջին «ծաղիկն» էր, ճնշումները մեր դեմ դեռ նոր են սկսվելու…

  -ՄԻԵԴ-ի որոշումը կարծես փրկօղակ է դառնում նաեւ Ֆրանսիայի իշխանությունների համար. Ֆրանսիայի նախագահը, որն օրերս խոստացավ բարձրացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը, կարող է հանգիստ ձերբազատվել հայությանը տված խոստումից:

-Կարծում եմ, ճիշտ դիտարկում է: Այո, այս որոշումը շատ լավ առիթ է Ֆրանսիայի համար, եւ այդ երկրի իշխանությունը ճիշտ պահին այն կօգտագործի: Ֆրանսիան կմերժի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ու իր քայլը կարդարացնի ՄԻԵԴ-ի որոշմամբ: Ի դեպ, այս որոշումը նաեւ հարմար առիթ կդառնա թուրքերի համար՝ չեզոքացնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվող մեծ ալիքը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031