Երևան—Ամեն ամառ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցում են «Զարգացնենք Հայաստանը միասին» (ԶՀՄ) ծրագրին, որի ընթացքում նրանք կիրառում են ձեռք բերած գիտելիքները և հմտությունները` որպես մենթոր հանդես գալով երիտասարդների համար:
«Լույսի» ուսանողները, մենթիները և «Լույսի» թիմը հավաքվում են քաղաքից դուրս որևէ վայրում` քննարկելու ԶՀՄ ծրագրի նախագծային առաջարկները և համայնքներում իրականացվելիք աշխատանքների համար թիմեր կազմելու:
Այնուհետև ԶՀՄ ծրագրի մասնակիցները 10-15 հոգուց բաղկացած խմբերի են բաժանվում և մեկնում Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններ: Նրանք երկրին այլ տեսանկյունից ծանոթանալու, քաղաքացիներին լսելու և համայնքի կարիքները հայտնաբերելու համար միմյանց հետ համագործակցելու հնարավորություն են ստանում: Նպատակն է միասին մշակել և իրականացնել նախագծեր, որոնք ուղղված կլինեն հայտնաբերված առաջնային մարտահրավերների հաղթահարմանը:
Ի՞նչ է անում «Լույսը»
Կարդացեք նաև
«Լույս» հիմնադրամը երկակի առաքելություն է իրականացնում` սովորել և գործել:
1- Սովորել. «Լույսի» կրթաթոշակի ծրագիրն ավելացնում է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողների թիվը: «Լույսն» ապահովում է ստեղծարար հայերի միավորումը` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի: Մի շարք երկրներ ևս դիմակայում են նույն մարտահրավերներին:
2- Գործել. «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրն ասես քաղում է «Լույսի» ուսանողների հիմնարար գիտելիքներն ու լավագույն փորձը: Մանրամասն ծրագրված կոնկրետ նախագծերի միջոցով «Լույսն» ակադեմիական գիտելիքը փոխակերպում է իրական ձեռքբերումների: Գիտելիք ունենալը բավարար չէ, կենսական նշանակություն ունի դրա կիրառումը:
Բոլոր հայերի համար. «Լույսը» պատրաստ է աջակցելու Հայաստանի այն քաղաքացիներին կամ ծագումով հայերին, ովքեր ընդունվում են աշխարհի տասը լավագույն համալսարաններից մեկը:
«Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը 28 տարի շարունակ աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում` ղեկավարելով «Future of Learning» և «Media Fabrics» հետազոտական խմբերը: 2009-ին նա տեղափոխվել է Հայաստան` իր նոր գործն ստանձնելու:
«Շատերը հարցնում են` իսկ ինչո՞ւ միայն աշխարհի լավագույն համալսարանները: Քանի որ ամբողջ աշխարհը փորձում է դիմակայել նույն մարտահրավերներին, որոնք ծառացել են նաև Հայաստանի առջև, իսկ ամենաստեղծարար ու հնարագետ մարդիկ ապագան կերտում են հենց այդ հաստատություններում, հայերն անպայմանորեն պիտի լինեն նրանց շարքերում,- ասում է Ժաքլին Կարաասլանյանը: – 1915 թվականից մինչ այժմ առաջին անգամ երկրի կողմից ստեղծվել է մի հաստատություն, որը կոչված է միավորելու հայ մտավոր ներուժը,- ավելացնում է նա: – Կարծում եմ` այս նախաձեռնությունը «Լույսի» հիմնադիրների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հզոր տեսլականն է»:
«Լույսի» ուսանողներն արդեն հաջողություններ են արձանագրել: Բոլորովին վերջերս Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի «Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանն արտոնագրել է նորարարական իր գյուտը, որի տեխնոլոգիան ամբողջ աշխարհի ֆերմերին հնարավորություն կտա ավելի բարձր բերքատվություն ապահովելու: Քեմբրիջի համալսարանի «Լույսի» կրթաթոշակառու Վահե Ճիտոյանը խրախուսանքի է արժանացել արքայազն Չարլզի կողմից` ֆիզիկայի բնագավառում հետազոտություն իրականացնելու համար, որը լուծում է առաջարկում էներգիայի նոր աղբյուրների անհրաժեշտության ահագնացող խնդրին: Կոլումբիայի համալսարանի «Լույսի» շրջանավարտ Լիլի Ջանյանցը դրամաշնորհ է ստացել` «Ճարտարապետությունը` հանուն խաղաղության» թեմատիկայի շրջանակում իր ներկայացրած նախագծի համար: Եվ սա ընդամենը վերջին մի քանի ամիսների մեծ ձեռքբերումների ցանկն էր:
«Մեր ձեռքբերումները չափվում են ոչ միայն շնորհած կրթաթոշակների քանակով (այժմ տարեկան շնորհում ենք շուրջ 200 կրթաթոշակ), այլև գիտելիքի որակով, որ մեր երիտասարդ մտավորականները ներդնում են Հայաստանի և, լայն առումով, աշխարհի զարգացման գործում»,- ասում է Գայանե Ղումաշյանը, ով «Լույսի» հետ է հիմնադրամի կազմավորման օրվանից:
Ինչպե՞ս է դա կատարվում
«Լույսի» կրթաթոշակառուների նպատակն է ստեղծել կրթական ինքնաբավ ֆոնդ:
«Ամբողջ աշխարհում 10 միլիոն հայ կա: Եթե մեզնից յուրաքանչյուրը նվիրաբերի նվազագույնն ընդամենը 10 ԱՄՆ դոլար, ապա 3 կամ 4 տարի հետո ընդհանուր գումարը կհասնի 300,000,000 միլիոնի,- ասում է տիկին Կարաասլանյանը:- Դրամագլխային ֆոնդի տարեկան տոկոսադրույքը թույլ կտա միջինը ավելի քան 350 կրթաթոշակ շնորհել ամեն տարի և անընդհատ»:
Կրթաթոշակ շնորհելուց բացի, «Լույս» հիմնադրամն ստեղծում է ենթակառուցվածք` իր ուսանողների գիտելիքը քաղելու և ի նպաստ հայրենիքի կիրառելու համար: Ավագ դպրոցի և տեղի բուհերի ավելի քան 500 երիտասարդներ ներգրավված են «Լույսի» մենթորության ու պրակտիկայի ծրագրերում:
«Հայաստանը չի կարող մեկուսացված լինել աշխարհից,- ասում է տիկին Կարաասլանյանը:- Մեր հիմնադիրները Հայաստանը պատկերացնում են որպես առաջատար երկրներին համընթաց քայլող պետություն: Մեր երկիրն իր ներդրումը պետք է ունենա գիտելիքահենք տնտեսության մեջ: Մեր կրթաթոշակառուները, գիտելիքի համաշխարհային միտումները կերտելով, նաև Հայաստան են բերում իրենց փորձառությունը` կիրառելով այն հանուն երկրի զարգացման: Մտավոր ներուժը, կրթությունն ու նորարարական միտքն են ապագայի շարժիչ ուժը, և մենք պետք է ստեղծենք այդ»:
Թեև «Լույսը» հիմնադրվել է ընդամենը 4 տարի առաջ, բայց արդեն ավելի քան 300 շահառու ունի, ովքեր արժանացել են միջինը 22,000 ԱՄՆ դոլար կրթաթոշակի, իսկ ընդհանուր թիվը կազմում է 9,042,000 ԱՄՆ դոլար։ Սա կրթաթոշակների շնորհման բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է և ամենամեծը աշխարհում։ Մինչ օրս հիմնադրամը ֆինանսավորվել է մասնավոր հատվածի և հայաստանյան առաջատար ընկերությունների կողմից:
«Լույսի» ուսանողները սովորում են Կոլումբիայի, Հարվարդի, Քեմբրիջի, Օքսֆորդի, Տորոնտոյի, Հոնգ Կոնգի համալսարաններում, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում, Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտում և աշխարհի լավագույն այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է ամեն տարի:
Ինչո՞ւ պետք է հայերը ներդնեն «Լույսի» գործում
«Լույսն» ամենաբարձր արդյունքներն է գրանցում արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ուսանողների` Հայաստանում հաստատվելու ցուցանիշով: Մինչ օրս Հայաստանում աշխատանք է գտել կրթություն ստացած ազգաբնակչության 54 %-ը, որից 20 %-ը Սփյուռքից են:
Հիմնադրամի ձեռքբերումներն արդեն իսկ տեսանելի են: «Լույսի» ուսանողների կենտրոնացումը աշխարհի`գերազանցության լավագույն կենտրոններում հաջողությամբ բրենդավորել է Հայաստանը` որպես մտավոր հզոր ներուժ ունեցող և հնարավորությունների երկիր:
Արդյունավետ գործունեություն ծավալող հիմնադրամների հետ համեմատած` «Լույսի» գործառնական ծախսերն ամենացածրն են և կազմում են նրա ամբողջ բյուջեի ընդամենը 7 %-ը, իսկ մնացած մասը` 93 %-ը, հատկացվում է կրթաթոշակներին:
Ուղերձն ավելի քան հստակ է. Հայաստանը պետք է տոկուն լինի և աշխատի շատ` գոյատևման բարեգործական մոդելից դուրս գալու համար: Երկրի մասնավոր ոլորտը կարիք ունի զարգացման և աջակցության, ինչպես նաև` 21-րդ դարին անհրաժեշտ մասնագիտական հմտություններով օժտված աշխատուժի: «Լույսը» դիմակայում է այս մարտահրավերին:
Արդյունքներ
«Լույսն» ստեղծում է Հայաստանում համագործակցող մասնավոր և հանրային հաստատությունների էկոհամակարգ: «Լույսի» շրջանավարտներն աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում ու քաջ գիտակցում են համատեղ ստեղծագործելու և արտադրելու կարևորությունը:
«Մենք հաջողությամբ պսակված նախաձեռնությունների մի երկար ու պերճախոս ցանկ ունենք, և այդ հաջողությունները, կարծում ենք, պատկանում են ողջ հայությանը: Մենք մտադիր ենք տարեցտարի ավելացնել «Լույսի» կրթաթոշակառուների թիվը: Հավատում ենք, որ «Լույսի» դրամահավաքի ռազմավարությունն իր արդյունքը կտա մինչև 2015-2016 թվականները, իսկ հաջողության հասնելու ճանապարհին մենք ունենք յուրաքանչյուրիդ կարիքը»:
«Լույսի» 308 ուսանողներից յուրաքանչյուրի հետ կարելի է կապ հաստատել` հիմնադրամի կայքի «Հայկական աշխարհ» էջ այցելելով (https://www.luys.am/en/armenianworld), որտեղ տեղադրված են նրանց կենսագրությունները և կոնտակտային տվյալները:
Տիկին Կարաասլանյանը մեծ ակնկալիքներ ունի «Լույսի» ապագա ձեռնարկումներից, որոնք խթանում են կրթական գերազանցությունը Հայկական աշխարհում: «Ցանկանում ենք, որ մեր երիտասարդները ոչ միայն մեծ երազանքներ փայփայեն, այլև համառորեն աշխատեն` հայրենիքի պայծառ ապագան կերտելու համար»:
«Լույս» հիմնադրամ