Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո գաղտնի միտքը

Դեկտեմբեր 20,2013 14:43

Չվող թռչունների նման ժամանակը հեռանում է մեզանից, ոչ թե տարին մի անգամ, այլ ամեն օր` չթողնելով մեզ հասկանալ, ճանաչել իրեն: Եվ անճանաչելին չի հանդիպում տեսանելիին եւ, մնալով անպատկեր երազ, տարրալուծվում է ինքն իր մեջ` մեզ թողնելով ծվատված մի հեքիաթ, որին հավատում կամ չենք հավատում, որը չենք հիշում, սակայն եւ չենք էլ կարող կորցնել, որովհետեւ կորցնում ես այն, ինչ ունես, իսկ չունեցածդ կարծես թե չես կարող կորցնել…
– Հետեւի՛ր նշաններին,- ասում էր Բաբելոնը: Հազարավոր տարածություններ հեռու ացտեկները կրկնում էին,- հետեւի՛ր նշաններին:

– Հետեւի՛ր նշաններին,- հաստատում էր արեւից խանձված Եգիպտոսը` Սֆինքսի հողմահար հայացքի առաջ, հետեւի՛ր նշաններին՝ հերթով կրկնում էին նրանք ու կործանվում` իրենց իսկ ստեղծած նշանների խորախորհուրդ թնջուկներում:

Այնինչ, Աստծո գաղտնի միտքը անխոցելի է եւ միշտ միտված է մեր փրկությանը, եթե, իհարկե, գիտենք, թե ինչից ենք ուզում փրկվել: Պատահում է՝ հանդիպում ես անծանոթի, որին նախկինում երբեք եւ ոչ մի տեղ չես տեսել եւ զգում ես, թե ինչպես նրա ներկայությամբ օրվա մթնոլորտը խախտվում է, կորցնում ներդաշնակությունը այն բացասական ալիքներով, որ տարածվում է քեզ վրա` նրա անհասկանալիորեն անցանկալի ներկայությունից: Թերեւս սա այն դեպքն է, որը փորձությունն է քո, որովհետեւ դու ըստ էության հանդիպել ես քո հակամարդուն եւ հարց է` կկարողանա՞ս հաղթահարել, թե՞ կընկնես նրա ազդեցության տակ, որովհետեւ քո էության փրկության խնդիրն է, երբ տեսնում, ճանաչում ես, թե ում եւ ինչը պիտի հաղթահարես, որպեսզի ինքդ էլ չվերածվես հակամարդու, այսինքն թե` դա այն պահն է, որտեղ դու արդեն պետք է հետեւես նշաններին, սակայն ոչ թե մարդու ստեղծած, այլ Աստծո գաղտնի մտքի նշաններին, որը քեզ ետ է պահելու անհոգի գայթակղություններից…

Գրեթե հինգ հազար տարի առաջ Հայկ նահապետը արձակեց հավերժության միջով թռչող իր նետը` մարդու եւ հակամարդու կռվում, եւ մարդը հաղթեց… Ափսոս, սակայն, որ կռիվը չդադարեց, այլ տեղափոխվեց մարդու երկիր:

Եվս մեկ տարի է անցնում, ու մեզանից անվերադարձ հեռացող ժամանակի մեջ գնալով Նահապետի արձակած նետի լուսավոր հետքը ավելի է ահագնանում` մեզ կանչելով իր ետեւից, եւ հուշում, որ հանգրվանը դարձյալ միասնությունն է, ազգային պետականությունն ու անհակամարտ եւ անհակամարդ Հայրենիքը մեր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031