Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
Արամ Աբրահամյան– Երբ Չիլիում Պինոչետի ժամանակ անցում էր կատարվում թոշակների պարտադիր կուտակային համակարգին, սոցապնախարարը տեւական ժամանակ ամեն օր 3 րոպեանոց ելույթ էր ունենում եւ բացատրում էր բարեփոխման իմաստը: Մեզ մոտ այլ է. առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» բանավեճին ես հրավիրել եմ առաջարկվող բարեփոխումների կողմնակիցներին եւ հակառակորդներին: Սակայն կողմնակիցները՝ իշխանության ներկայացուցիչները, հրաժարվեցին ներկայանալ: Եվ ես կփորձեմ ներկայացնել նրանց փաստարկները:
Մենք չունենք հեռուն մտածելու մշակույթ, մենք ուզում ենք սպառել այն, ինչ ունենք, եւ չենք մտածում, թե ինչ է լինելու 20 կամ 30 տարի հետո, նրանք, ովքեր դեմ են այդ օրենքին, օգտվում են մշակույթի բացակայությունից: Ահա թե ո՞րն է, ըստ իշխանության ներկայացուցիչների, բողոքի հիմքը:
Վահագն Խաչատրյան– Խոսե Պիներան, որի մասին դուք ակնարկեցիք, եւ որը համարվում է աշխարհում լայն տարածում ստացած կենսաթոշակային բարեփոխումների կնքահայրը, իր հուշերում գրում էր. «Նախարարությունում աշխատած 2 տարվա ընթացքում աշխատանքային 7-օրյա շաբաթը հավասարապես բաժանել էինք 2 մասի՝ թիմակիցներիս հետ, տքնաջան աշխատանքը ուղղված բարեփոխման նախագծի յուրաքանչյուր դետալը կատարյալ դարձնելուն եւ մարդկանց այդ գաղափարների արժեքները եւ դրանց տրամաբանությունը սովորեցնելուն»: Այսինքն՝ նա դա անում էր, որպեսզի Չիլիի յուրաքանչյուր քաղաքացի կարողանար հասկանալ եւ հավատալ, որ այս բարեփոխումը իրեն օգուտ է տալու: Այն, ինչ դուք ներկայացրեցիք՝ որպես իշխանությունների տեսակետ, տիպիկ սոցիալիստական մոտեցում է, ցավում եմ, որ 21-րդ դարում լիբերալ կրթություն ստացած անձինք՝ հանձին այսօրվա կառավարության, իրենց բացատրության հիմքում դնում են սա: Ցանկացած քաղաքացի սպառելու ցանկություն ունի, եւ մյուս կողմը՝ հանձին իշխանության, պետք է ցույց տա այդ սպառման միջոցների օգտագործման ավելի արդյունավետ ձեւ:
Կարդացեք նաև
Ա. Ա.– Պետական բյուջեն, ըստ բարեփոխման կողմնակիցների, չի ապահովում եւ չի էլ ապահովելու այն թոշակի չափը, որն անհրաժեշտ է արժանապատիվ կյանքի համար: Հետեւաբար թոշակը չի կարող լինել բաշխողական, այն պետք է լինի կուտակային:
Վ. Խ.- Հարցադրումը պետք է փոխվի, որ մենք ներկայացնում ենք մի նոր համակարգ, որը կոչվում է կուտակային, եւ սա պետք է չլինի պետական, այլ մասնավոր: Մեր քաղաքացիներին պետք է բացատրել. եթե ուզում եք ձեր ծերության հարցը լուծեք, պետք է այսօրվանից մտածեք: Այսօր մարդը հնարավորություն ունի իր միջոցների խնայողությունները տարբեր ձեւերով օգտագործել: Այսինքն՝ մարդկանց պետք է ներկայացնեն արդյունավետությունը, եւ դա պետք է արվի ոչ պարտադրողաբար:
Ա. Ա.– Հարցադրմանը՝ եթե պարտադիր է, ուրեմն դա կամ հարկ է, կամ տուրք է, կամ պարտադիր վճար է, բարեփոխման կողմնակիցները պատասխանում են` դա ոչ հարկ է, ոչ տուրք է, ոչ պարտադիր վճար է: Ապա այդ դեպքում` ի՞նչ իրավական մեխանիզմով են մարդկանցից պահանջում այդ 5 տոկոսը:
Վ. Խ.- Սա լրացուցիչ հարկ է՝ ի վերջո, այս հարկը վճարում ենք մենք, վճարում է բիզնեսը, վճարում է պետությունը: Եվ եթե պետությունը այդ գումարները չվճարեր որպես կենսաթոշակային հիմնադրամի այն 5 տոկոսը, որն ինքն է տալիս, դրանք կգնային այլ նպատակների համար, որպես եկամուտ կդառնային:
Ա. Ա- Երբ մեքենաների պարտադիր ապահովագրությունն էր մտցվում, էլի դժգոհություններ կային, բայց, ըստ իրենց ուսումնասիրությունների, հիմա մարդկանց 70 տոկոսը գոհ է ԱՊՊԱ-ից:
Վ. Խ.- Կենսաթոշակային այս համակարգն էլ, եթե իր մեջ թույլ տար այնպիսի հնարավորություն, որ մարդիկ իրենց կենսաթոշակային, նույնիսկ պարտադիր հիմնադրամից կարող էին օգտվել ոչ թե 23- 50 տարի հետո, այլ օգտվեին 10 տարի հետո, որը առաջարկում էր նաեւ ՀԱԿ-ը, ապա այսքան դժգոհություն չէր լինի: Մարդկային հոգեբանության մեջ 10-15 տարին նորմալ է ապագայի ծրագրեր կառուցելու համար:
Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ