Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ինքնիշխանության համար պայքարողների թիվը բազմապատկվելու է»

Դեկտեմբեր 20,2013 14:20

Ըստ Կարինե Աֆրիկյանի՝ թեեւ ինքնիշխանության կորստի մասին խոսում են բոլորը,
սակայն այն չդարձավ միասնական ճակատով հանդես գալու քաղաքական օրակարգ:

– Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ամբողջ աշխարհն է հետեւում: Ուկրաինացի հասարակության աննախադեպ պայքարը՝ այդ երկիրը եվրաինտեգրման ուղով տանելու համար, նաեւ հաշվի առնելով ՌԴ-ի վերջին քայլերը Ուկրաինայի նկատմամբ՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Արեւմուտք-ՌԴ «պայքարն» այս հարցում կարող է ավելի սրվել:

– Իսկապես, Ուկրաինան աշխարհի ուշադրության կենտրոնում է, իսկ համացանցի շնորհիվ` նաեւ տեսադաշտում: Ուկրաինայի հասարակության արձագանքն աննախադեպ էր եւ, առաջին հերթին, Ուկրաինայի համար: Եվրոպական ինտեգրացման հարցում Ուկրաինայի արեւմտյան ու արեւելյան շրջանների նման միասնությունն անսպասելի էր շատերի համար, եւ ուկրաինական այս նոր իրողությունը խառնեց Ռուսաստանի քարտերը: Իհարկե, Ռուսաստանը փորձելու է ամեն գնով կայացնել ԽՍՀՄ հետնորդ Եվրասիական միության հիմքը հանդիսացող Մաքսային Միությունը՝ որպես Եվրամիությանը` Արեւմուտքում, եւ Չինաստանին` Արեւելքում, հակակշռող նոր «կայսրություն», սակայն «եղբայրական հանրապետությունների» վրա ճնշումների բանեցման միջոցով ստեղծված ՄՄ-ը, անգամ ՄՄ-ին Ուկրաինայի միանալու պարագայում, ինչն այլեւս հավանական չի թվում, ո՛չ մրցունակ է լինելու, ո՛չ էլ կենսունակ, քանի որ Ռուսաստանի կոռումպացված տնտեսությունը այդ ռեսուրսները չունի: Ռուսաստանը փորձելու է օգտագործել Ուկրաինան պառակտելու խաղաքարտը, սակայն այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անդառնալի են եւ առաջին հերթին՝ ուկրաինացիների մեծամասնության գիտակցության մակարդակով: Ուկրաինացիները գիտակցված գնում են ԵՄ՝ որպես Ուկրաինայի զարգացած Եվրոպական երկիր դառնալու գրավական, հասկանալով, որ դա երկարատեւ ու ծանր գործընթաց է, եւ այդ հարցում նրանց չեն խաբում ինչպես եվրապատվիրակները, այնպես էլ ընդդիմության առաջնորդները: Ուստի հասկանալի է, որ պայքարի ելած Ուկրաինայի ժողովրդի գիտակցված ընտրությունը պետք է արժանանար Եվրամիության, ԱՄՆ-ի եւ առաջադեմ այլ երկրների աննախադեպ աջակցությանը: Ուկրաինայի շուրջ զարգացումները նոր աշխարհաքաղաքական իրավիճակ են ստեղծել, եւ հանգուցալուծման հավանական սցենարները չէին կարող չհանգեցնել Արեւմուտք-ՌԴ հարաբերությունների սրացմանը: Այդ են վկայում ռուս դիվանագետներին խարդավանքի մեղադրանքով ԱՄՆ-ից վտարելը, Մագնիտսկու ցուցակի ընդլայնման, արեւմտյան բանկերում պետպաշտոնյաների եւ օլիգարխների հաշիվները արգելափակելու մասին հայտարարությունները, Սոչիի Օլիմպիական խաղերին չմասնակցելու մասին մի շարք եվրոպական առաջնորդների հայտարարությունները, որոնց կարող է միանալ նաեւ Օբաման:

– Մաքսային միությանը միանալու որոշմամբ Հայաստանը որքանո՞վ կարող է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ ապագայում:

– Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ ԵՄ դիրքորոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել, եւ հավանաբար ԵՄ-Հայաստան հարաբերությունները կկառուցվեն փոխադարձ պայմանավորվածությունների եւ հանձնառությունների շրջանակում: ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանին հատկացվելու է 25 միլիոն եվրո: Այդ օժանդակությունը հասցեագրված է Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարական ապագայով մտահոգ քաղաքացիական հասարակությանը:

Ինչ վերաբերում է եվրոպական կառույցների եւ ԱՄՆ հասցեին հնչող մեղադրանքներին, ապա դրանք անմիջական կապ ունեն 2008թ. իրադարձությունների հետ: Այն ժամանակ էլ հնչում էին անհետեւողականության մեղադրանքներ, եւ այդ մեղադրանքները հասկանալի են, բայց պետք չէ նաեւ մոռանալ, որ այդ նույն կառույցներն իրենց բանաձեւերում եւ զեկույցներում խստագույնս դատապարտեցին ինչպես մարտի 1-ը, այնպես էլ քաղբանտարկյալների առկայությունը, եւ ի վերջո հենց այդ բանաձեւերի արդյունքում հնարավոր եղավ ստեղծել Մարտի 1-ի իրադարձությունների փաստահավաք խումբը եւ ազատել քաղբանտարկյալներին: ԱՄՆ-ը նույնպես տարբեր մակարդակներով խստագույնս դատապարտեց Հայաստանի իշխանություններին եւ փակեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը տարբեր առիթներով հնչեցրեց, որ Հայաստանի ժողովրդի կամքից եւ ակտիվությունից է կախված Հայաստանի ապագան: Հիշեցնեմ նաեւ, որ նմանատիպ քննադատությամբ հանդես եկան նաեւ մի շարք եվրոպական պատգամավորներ, եւ ոչ միայն Հայաստանի հարցով, այլեւ ընդհանրապես հարցականի տակ դնելով ոչ ժողովրդավարական իշխանությունների դեմ պայքարելու եվրոպական կառույցների ունեցած լծակների արդյունավետությունը: Եվրակառույցները փորձեցին գտնել նոր լուծումներ եւ ազդեցության նոր լծակներ: 2009թ. մասնավորապես առաջ քաշվեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որի նպատակն էր ներգրավել հետխորհրդային պետություններին եվրոպական տնտեսական, արժեքային եւ իրավական տարածություն` տվյալ երկրներում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարենորոգություններին օժանդակելու միջոցով: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը հենց այդ նպատակի կենսագործմանն էր ուղղված:

– Մայդանում հարյուր հազարավոր մարդիկ են պայքարում, Հայաստանում մի քանի հարյուր մարդ Պուտինի այցի օրը դուրս եկան ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման: Ինչո՞ւ, որովհետեւ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ «առանց ՌԴ-ի Հայաստանը կկործանվի՞», թե՞ հասարակությանը ղեկավարող ընդդիմադիր նման ուժ չկա, որն այսօր Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի դուրս կգա:

– Բայց այդ մի քանի հարյուր հոգին էլ բավարար էր, որ աշխարհի բոլոր լրատվամիջոցներն անդրադառնան դրան եւ տեսնեն, որ կա նաեւ ուրիշ Հայաստան: Համոզված եմ, որ Հայաստանի ինքնիշխանության համար պայքարողների թիվը բազմապատկվելու է: Ինչ վերաբերում է հասարակությանը, արդեն քանի տարի ՀՀ իշխանությունները խոսում են ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման մասին, եւ հասարակությունը, կարծես թե, չէր բողոքում՝ ասելով թե «առանց ՌԴ-ի Հայաստանը կկործանվի», այսինքն՝ հասարակությունը նման խնդիր չուներ, եւ այդ խնդիրն առաջացավ միայն ՄՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հասարակական կարծիքն ուղղորդվում եւ մանիպուլացվում է ըստ քաղաքական կոնյունկտուրայի: Հայաստանում ՄՄ-ին միանալու որոշումը բողոքի ալիք չբարձրացրեց: Քաղաքական ուժերն ու գործիչներն առայժմ բավարարվում են հայտարարություններով ու քննարկումներով: Թեեւ ինքնիշխանության կորստի մասին խոսում են բոլորը, սակայն այն չդարձավ տարաձայնությունները մի կողմ դնելու եւ միասնական ճակատով հանդես գալու քաղաքական օրակարգ, գուցե դրա ցանկությունն էլ չի եղել: Կան ուժեր, որոնք հայտարարում են, որ Հայաստանը չպետք է միանա ո՛չ ՄՄ-ին, ո՛չ ԵՄ-ին, երբ Հայաստանը փաստացիորեն միացվում է ՄՄ-ին «կրտսեր եղբորից» ցածր կարգավիճակով, նոմինալ ինքնիշխանությամբ եւ խոցելի անվտանգությամբ: Միեւնույն ժամանակ նման դիրքորոշումն ասես հավասարության նշան է դնում ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ: Այդ պարագայում ճիշտ կլինի հարցը դիտարկել Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: ԵՄ ազատ առեւտրի համաձայնագրին միանալը կամավոր ընտրությամբ է: Այն մոնոպոլիզացված տնտեսությունը ազատականացնելու, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարենորոգությունների, ժողովրդավարական գործընթացներն առավել ամրագրելու, ընտրական գործընթացների վրա լրացուցիչ լծակներ ունենալու հնարավորություն է, որ պետք է տաներ սոցիալ-տնտեսական զարգացման: Չմիանալու պարագայում պատժամիջոցներ չեն կիրառվում, պարզապես զրկվում ես այդ հնարավորություններից: ՄՄ-ին անդամակցում ես ճնշումների արդյունքում, ինքնիշխանության կորստով, այն տնտեսապես նպատակահարմար չէ: Հրաժարվելու դեպքում սպառնում են պատերազմի վերսկսման հնարավորությամբ` միաժամանակ ակտիվորեն զինելով Ադրբեջանին, տնտեսական եւ այլ պատժամիջոցների կիրառմամբ: Եվ ի՞նչ ժողովրդավարության, համակարգային փոփոխությունների կամ իշխանափոխության մասին կարող է խոսք գնալ Մաքսային միությունում, երբ կատարվելու է ոչ թե ընտրություն, այլ նշանակում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031