Նոր տարվա մոտենալու հետ մեր սուպերմարկետները կորցնում են չափ ու սահման` գների բարձրացման, անորակ ապրանքը սաղացնելու եւ մեզ հիմարացնելու առումով. 400 դրամի սահմանում գտնվող մեկ լիտր կաթը եթե մինչեւ վերջ էլ խմես` կաթի համ չես առնի, այս ամառ 100 դրամ արժեցող սեւ սալորը չիր դառնալուց հետո, որքան էլ տարօրինակ է` էլի 3-3,5 հազար արժե էն անբերք տարիների պես: Ձուն, որի ավելցուկից մի պահ խանութները չգիտեին ինչ անեին, արհեստականորեն դեֆիցիտ սարքելուց հետո հիմա հատը 80-90 դրամից չի իջնում: Միրգը համեմատաբար էժան է, բայց նայած` որը եւ որտեղ. արդեն ապրանքային տեսքը կորցրած մանդարինի վրա գրում են` ակցիա, ու դնում 300-350 դրամ, որ հենց առողջ ու թարմ մանդարինի գինը պիտի լիներ, քանի որ մանդարին արտահանող երկրներում այս տարի դրա բերքը նույնպես շատ է, եւ մանդարինը շան ոտի հետ գնում է: Բայց դե մերոնք ուրիշ են` քարից հաց քամող, իսկ լավ մանդարինը 500-800 դրամ է: Կորոլյոկի չիրն այս տարի մի 500 դրամով թանկ է, թե ինչու` պարզ չէ, երբ եւ այս միրգն էլ էր սեզոնին շատ, եւ բավական էժան էր: Այժմ մոտ 800 դրամ արժեցող բանանը վերջին օրերին կրկնապատիկ գին է ունենում, մերոնք այդպես էլ չսովորեցին քանակի եւ ոչ թե թանկության վրա վաստակել: Խոզի բուդը, որը միջին հայ ընտանիքի Նոր տարվա երջանկությունն է, այս պահին 2,5 հազար դրամից է սկսվում կիլոգրամը, հայտնի չէ, թե ինչ կլինի դրա գինը դեկտեմբերի 25-ից հետո:
Նոր տարվա սեղանի հաշվարկ անելը մոդայիկ է մեր ԶԼՄ-ների համար, մենք էլ մերն անենք. եթե ընկուզեղենի երեք տեսակից մեկական կիլոգրամ գնի ընտանիքը /ընկույզ` 6 հազար, նուշ 7000, պնդուկ կամ տխիլ` միջինը` 4 հազար դրամ, արդեն 17 հազար դրամ: Մի 4 կիլոգրամ տավարի միս` 10 հազար դրամ, երկու հավ` 5 հազար դրամ, տեղական հավի կիլոգրամը 1500-2000 դրամ է: Մի 5 հազար դրամ կպահանջվի գոնե 2 ձուկ գնելու համար: Խոզի բուդը մի 20 հազար դրամ կարժենա, կոնֆետեղենն ու ջրերը` նույնպես մի այդքան: Սալաթներ, թխվածք, պանրի տեսականի ու կարագ, այլ մանրմունր բաներ` էլի մի 20 հազար: Ամենաթանկն, իհարկե, խմիչքն է, որի վրա ըստ նախասիրությունների մի 40 հազար ծախսվում է, եւ տուփով շոկոլադեղենը, որով հայերը սիրում են միմյանց տները գնալիս իրար պատիվ տալ: Արդեն թակում ենք 200 հազար դրամի դռները: Մենք, իհարկե, չհաշվեցինք միջինից ավելի բարձր կենսամակարդակ ունեցողների` թանկարժեք թառափների եւ սաղմոնների, սեւ եւ կարմիր ձկնկիթների հանդեպ հազարավոր դոլարներ արժեցող սերը, զանազան թանկարժեք աղանդերային ձեռքբերումների նրանց ծախսերը, իսկ օլիգարխների` միմյանց զարմացնելուն ուղղված ապխտած թանկարժեքությունների տեղադրումներն իրենց 10-մետրանոց սեղանների թանգարանային ձեւավորում հիշեցնող սարքուկարգին` մեզ չեն վերաբերում:
Իսկ ահա աղքատության նվազագույն շեմից ներքեւ գտնվող եւ բավական ստվար թիվ կազմող ընտանիքների ծախսերը կախված են միայն ու միայն նրանց հնարավորությունից, ու ոչ երբեք` ցանկություններից:
Հ. Գ. – Խանութներում սկսված ամանորյա աժիոտաժն ինձ հունից հանում է: Մարդիկ որ սկսում են պիտանի ու անպիտան ամեն բան հիմիկվանից հավաքելՙ ոնց որ փախեփախի պատրաստվելիս լինեն: Ու դա վիրուսի պես բան էՙ վարակիչ: Բա էն քաղքենիական անիմաստ փողթափոցին… որսի միս, մի քանի հարյուր դոլարանոց ձուկ, մի քանի հազար դոլարանոց գրող ու ցավ…
Կարդացեք նաև
Անհանգստության ու անկատարության զգացումն է պատում ինձ ողջ Նոր տարում, հատկապես երբ տարբեր չտեսական ու քաղքենիական սեղանների մոտ եմ հայտնվում. իմ ճանաչած բոլոր աղքատ մարդիկ մտովի հանգիստ չեն տալիս ինձ ողջ Նոր տարվա ընթացքում, ու միշտ մտածում եմՙ ինչքան պիտի ներսից դատարկված լինի ազգը, որ դրսի աղքատության ֆոնին տոննայով թանկարժեք զահրումար փորը լցնի, զկռտա ու մնացած օրն անցկացնի ոսկեզօծ զուգարանում…
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում