Նախկինում ՀԱԿ դաշինքի մաս կազմող, ապա առանձնացված և նոր միավորում ստեղծած 5 կուսակցությունները՝ «Ժողովրդավարական հայրենիք»-ը, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ»-ը, «Ժողովրդավարական ուղի»-ն, Հայաստանի կանաչների կուսակցությունը և «Մարդու իրավունքներ-96»-ը շարունակում են օրակարգում թողնել ՀԱԿ-ից իրենց մասնաբաժինը պահանջելու հարցը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԺՈւԿ նախագահ Մանուել Գասպարյանը՝ հավելելով, որ իրենք չեն փոխել մոտեցումն՝ առ այն, որ կոնսենսուսի միջոցով այդ հարցը կլուծեն, առայժմ քվորում չլինելու պատճառով հստակ դիրքորոշում չկա :
Նա թեպետ նշեց, որ հաջորդ հանդիպումը հնարավոր է հունվարին լինի, այդուհանդերձ տեղեկացրեց, որ իրենց մասնաբաժինը պահանջելու հարցը մնում է օրակարգում. «Բացակայություն կար, նիստը չկայացավ, սպասում ենք հաջորդ նիստին: Հիմա գործընթացները այլ ֆորմատով են գնում, հետաձգվել է առայժմ: Ընդամենը տեղափոխվել է: Երբ նիստը լինի՝ դա արդեն կքննարկենք: Հանձնաժողովի տեղեր և մի շարք խնդիրներ, որ պետք է բաժանվի բոլոր քաղաքական միավորների միջև, ինչպես, օրինակ, ՀՀՇ-ն կարող է ստանալ, այնպես էլ՝ մենք: Ճանապարհները ծանրաբեռնված են, մեր գործընկերները շատ քիչ են լինում քաղաքում: Արմենակ Դովլաթյանն է բացակայում, Նոր տարուց հետո կքննարկենք»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչու են իրենք արտաքին քաղաքական զարգացումներից հետո այդքան պասիվ և որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չեկան, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ընդդիմությանը շատ են քննադատում, որ պասիվ է գտնվում, ինչ որ պահանջներ չի առաջ քաշում, միակարծիք է իշխանության հետ՝ Մաքսային միությանն անդամագրվելու հարցում: Ես մի փոքր այլ մոտեցում ունեմ՝ Ազատության հրապարակում ասացի մի փոքր սպասել է պետք: Մաքսային միությունը, որպես այդպիսին, կայացած չէ, պետք է կայանա, որ լիովին հասկանանք: Ուղղակի այս պահին որպես գործընկեր՝ ստրատեգիական գործընկեր, չէի ուզենա, որ քաղաքական ուժերն ունենային խորը ընդդիմադիր դիրքորոշում: Մեզ համար մի փոքր վտանգավոր ժամանակաշրջան է Ղարաբաղի հարցով, Թուրքիայի արտգործնախարարի պահվածքն ու դիրքորոշումը․․․ Ես սրանով եմ պայմանավորում մի փոքր սպասելը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև