Հատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հարցազրույցից:
– Տիկին Գյուլումյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին բավարարել է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ Թուրք գործչին շվեյցարական դատարանը պատժել էր Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ Այս դեպքում կա՞ն քայլեր, որ պետք է ձեռնարկի հայկական կողմը ի դեմս սփյուռքի կառույցների։
– Դատավճիռ կայացնողներից երկուսը մնացել են առանձին կարծիքի, այսինքն չեն համաձայնել մեծամասնության կարծիքի հետ, նրանք մնացել են մասնավոր կարծիքի՝ չհամաձայնելով մեծամասնության պատճառաբանություններին։ Սա բավականին լուրջ նախապայման է, որ եթե շվեյցարական կառավարությունը դիմի գործը վերանայելու խնդրանքով, գործը կհասցվի մեծ պալատին եւ վերաքննվի։ Սա միակ հնարավոր ելքն է փակուղուց։
– Նմանատիպ բողոքների բավարարումը ինչպե՞ս կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա։
Կարդացեք նաև
– Դա կարող է ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցություն։ Այսինքն, նոր ընդունվող օրենքները կարող են հաշվի առնել այն հանգամանքները, որոնք դատարանն է իր վճռվում նշել եւ համենայն դեպս, դրանք հաշվի առնելով, իրենք համապատասխան օրենք ընդունեն։ Բայց մյուս կողմից կարող է եւ ազդել այնպես, որ ընդհանրապես չցանկանան այս հարցին անդրադառնալ։ Դա իմ մասնավոր կարծիքն է։ Սրանք հարցեր են, որոնք ավելի շուտ պետք է առաջադրեք քաղաքական գործիչներին եւ սփյուռքի ներկայացուցիչներին։ Ես որպես դատավոր արդեն ասեցի, թե ինչ ելք կա։
– Հնարավո՞ր է, որ սրանից հետո միջազգային հանրությունը դիրքորոշում ունենա, որ ցեղասպանություն է եղել, բայց խուսափի այն դատապարտող կամ ժխտելու համար պատասխանատվության ենթարկող օրենքների ընդունումից։
– Դժվար է ասել, որովհետեւ չի կարելի ասել, որ վճռով ինքնըստինքյան ժխտվում է այդ փաստը։ Այնտեղ ուղղակի ուշադրության է հրավիրված, որ առայժմ 20 երկրներ են ճանաչել ցեղասպանությունը եւ միջազգային կոնսենսուս չկա։ Այսինքն, դա կնշանակի նաեւ, որ հակառակ քայլեր կարելի է
անել, այսինքն` քայլեր ճանաչման ուղղությամբ՝ եւ ավելի մեծ պետությունների կողմից ճանաչման ուղղությամբ։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում