Գլխավոր դատախազի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը եղել է մի քանի օր առաջ: Պարզվում է, որ բոլորը մոռացել են, իսկ ահա «միջազգային հանրությունը» ուշադրության կենտրոնում է պահում և հետաքրքրվում այդ գործով: Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է, որը երևի թե արժանի էր ավելի մեծ ուշադրության: Ինչու է միջազգային հանրությունը այդպես հետևում գործին, ինչ խնդիրներ կան այստեղ, ինչով է գործը կարևորվում, որ արժանանում է այդ մասշտաբի ուշադրության:
Լիսկան, իհարկե, Հայաստանի իշխանական համակարգի հենասյուներից մեկն է, ընդ որում, ըստ տարբեր տեղեկությունների, նա Սերժ Սարգսյանին ամենամոտ կանգնած անձանցից է: Պատահական չէ երևի թե, որ իշխանական համակարգում մինչ այսօր նրան ներվել է ամեն ինչ: Ամենայն հավանականությամբ, Լիսկայի գործը հանդիսանալու է միջազգային հանրության ձեռքին այն մտրակներից մեկը, որով սեպտեմբերի 3-ից հետո հարաբերվում են Սերժ Սարգսյանի հետ: Մինչև սեպտեմբերի 3-ը նրան կարկանդակներ էին մատուցվում, սեպտեմբերի 3-ից հետո միջազգային հանրությունն ակնհայտորեն փոխել է իր մոտեցումը, և մեկ կարկանդակին առնվազն մեկ մտրակի հարված է հաջորդում: Եվ Լիսկայի գործի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը երևի պետք է դիտարկել հենց այդ համատեքստում՝ Լիսկան Հայաստանի իշխանական համակարգի անձեռնմխելիության խորհրդանիշն է, նա արդարադատության և իրավականության առումով Սերժ Սարգսյանի շրջապատի ամենաանմատչելի մարդկանցից է, և թիրախն ընտրված է միանգամայն դիպուկ՝ անկասկած հաշվի առնելով նաև համակարգային ռեզոնանսի էֆեկտը:
Անշուշտ, սա բոլորովին չի նշանակում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը շուտով կրկին կհայտնվեն ճաղերի հետևում և կստանան իրենց հասանելիք պատիժը, գործի քննությունը կսկսի իրականացվել ոչ թե ներիշխանական կոնյունկտուրայի, այլ արդարադատության շրջանակում: Նման բաներ սպասել, իհարկե, պետք չէ, սակայն դեսպանի արտահայտությունը հուշում է, որ կարող են լինել անակնկալներ, գուցե նույնիսկ ոչ հենց այս գործի հետ կապված, սակայն նախկին մարզպետին վերաբերող: Ըստ ամենայնի, այդ զարգացումները պայմանավորված կլինեն նրանով, թե ինչպես կպահի իրեն Սերժ Սարգսյանը: Նրան ակնհայտորեն մեսիջ են ուղարկել, սակայն պարզ չէ, թե հատկապես որ խնդրով:
Խնդիրներն, իհարկե, շատ են՝ թե արտաքին, թե ներքին հարցերին վերաբերող: Ընդ որում՝ կարող են լինել և քաղաքական, և տնտեսական խնդիրներ: Չի բացառվում, որ խնդիր կարող է լինել, օրինակ, Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հարցը: Մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը ձեռք բերի կասկադը, ինչի արդյունքում կապահովվեր 180 միլիոն դոլար ներդրում: Այսպիսով, Հայաստանի էներգետիկ համակարգում կլիներ փոքր, սակայն կարևոր տարբերակում, երբ գրեթե ողջ համակարգը վերցրած Ռուսաստանից բացի, կլիներ նաև այլ ներդրում: Սակայն մի քանի օր հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի կառավարությունը չեղյալ է համարում գործարքը: Կառավարությունից այս կապակցությամբ, ըստ էության, պարզաբանում այդպես էլ չի եղել: Պետք չէ բացառել, որ հենց այս առիթով է ամերիկյան դեսպանը Լիսկայի գործով պարզաբանումներ հայցել գլխավոր դատախազությունից:
Կարդացեք նաև
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում