Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Դեկտեմբեր 20,2013 10:26
Shekoyan

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներեքերորդ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Եվ Բարդուղն ասաց՝ «որ էս ասածերս հասկանաք, կարող ա սկսեք փրկության ելքեր փնտրել», եւ Արիկը քմծիծաղով Բարդուղին հարցրեց՝ «դու որ հասկացել ես, չես կործանվելո՞ւ», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «իմ հասկանալը քիչ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ հասկանալը շատ քիչ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ իմ հարցը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «մենակ իմ փրկության հարցը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բոլորս միասին պիտի հասկանանք, որ բոլորս միասին փրկվենք» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «բոլորս միասին պիտի փրկության ելքը փնտրենք ու գտնենք», եւ տեր Մաղաքիան խոսեց ու ասաց՝ «միակ փրկիչը Հիսուսն է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բոլորիս փրկությունը Հիսուսն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե Հիսուսին ապավինենք, վստահաբար կփրկվենք», եւ Բարդուղն ասաց՝ «Հիսուսին ապավինենք, բայց մի քիչ էլ մեր մեր ուղեղներին զոռ տանք» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «կարող ա՞ Հիսուսը մեր փոխարեն մտածի», եւ տեր Մաղաքիան խոսեց ու ասաց՝ «եթե Հիսուսի զորությանը հավատանք եւ Հիսուսին ապավինենք, վստահաբար մտքի թռիչքներ կունենանք», եւ Բարդուղն ասաց` «հազար յոթ հարուր տարի ա հավատում ենք, բայց մտքի թռիչքներ չենք ունենում», եւ Արիկը փռթկացնելով Բարդուղին հարցրեց՝ «բա քո մտքի թռիչքներն ի՞նչ են», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իմ մտքի թռիչքները Հիսուսի հետ ոչ մի կապ չունեն», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ հետ կապ ունեն», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «սատանայի», եւ Անանիան խաչակնքելով ասաց՝ «մեղա Աստծո», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սատանայի հետ էլ ոչ մի կապ չունեն», եւ Արիկը ժպտալով հարցրեց՝ «բա ո՞ւմ հետ կապ ունեն», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մասին չեմ մտածել», եւ Արիկը ժպտալով Բարդուղին ասաց՝ «փոխանակ էդ մասին մտածես, ուրիշ բաների մասին ես մտածում», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «փոխանակ քո մասին մտածես, ուրիշների մասին ես մտածում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ձեզ ուրիշ չեմ համարում» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես իմ ու ձեր խնդիրներն իրարից չեմ տարանջատում», եւ Արիկը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «որովհետեւ փրկիչ ես», եւ տեր Մաղաքիան ասաց՝ «փրկիչը Հիսուսն է», եւ Արիկը տեր Մաղաքիային ասաց՝ «հանաք ենք անում, տեր հայր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ ամեն ինչ լուրջ ես ընդունում», եւ Բարդուղն ասաց՝ «ամեն ինչ հանաքի ենք տալիս, դրա համար էլ էս վիճակին ենք հասել», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վիճակի ենք հասել», եւ Բարդուղը զարմացած նայեց տեր Մաղաքիային, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դու մեր երկրի ու մեր ժողովրդի վիճակից գո՞հ ես», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե դժգոհենք, դրանից երկրի ու ժողովրդի վիճակը չպիտի բարելավվի», եւ Բարդուղը տեր Մաղաքիային հարցրեց՝ «բա ո՞նց պիտի բարելավվի», եւ տեր Մաղաքիան պատասխանեց ու ասաց՝ «աշխատանքով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հավատքով ու աշխատանքով», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդիկ աշխատանք պիտի ունենան, որ աշխատեն», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե բոլորս նստենք ու դժգոհենք, դրանից աշխատատեղեր չեն առաջանա», եւ Բարդուղը զարմացած նայեց տեր Մաղաքիային, մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես հանրապետական, տեր հայր», եւ տեր Մաղաքիան ներողամտորեն ժպտալով Բարդուղին ասաց՝ «վիրավորում ես», եւ Բարդուղը փռթկացնելով Մաղաքիային հարցրեց՝ «խի հանրապետականը վիրավորանք ա՞», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգեւորականը որեւէ կուսակցության դավանելու իրավունք չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հայ հոգեւորականի միակ կուսակցությունը քրիստոնեությունն է», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «միակ առաջնորդն էլ Քրիստոսն ա», եւ տեր Մաղաքիան ասաց՝ «Հիսուսն ամենքի՛ս առաջնորդն է», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ պահն արդեն հասունացել ա, տեր հայր», եւ տեր Մաղաքիան Հայկունուն հարցրեց՝ «ո՞ր պահը», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սեղանը օրհնելու», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած, դրա համար էլ եկել եմ», եւ Բարդուղը ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «մենք էլ չէինք ուտում ու չէինք խմում՝ սպասում էինք, որ գաս, սեղանը օրհնես», եւ Օրթախը քամահրանքով Բարդուղին ասաց՝ «մանավանդ դու չէիր խմում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ չափը ճանաչում եմ», եւ Արիկը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «հույսներս դու ես. դու էլ որ չափդ չճանաչես, մեր ազգի թշնամիները հերներս կանիծեն», եւ Արիկի խոսքի վրա Ալեքսն էլ, ինչպես միշտ, ուշացած հայտնվեց, եւ Ալեքսին նայելով՝ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «թամադան էլ բարեհաճեց» ու էդ ասելով՝ տեղից վեր կացավ, սեղանօրհնեքի տեքստն արտասանեց եւ վերջում գինու իր գավաթը բարձրացնելով ասաց՝ «շնորհավոր ամանոր», եւ մենք հոտնկայս մեր բաժակներն իրար խփեցինք, եւ երբ խմեցինք ու նստեցինք, Արիկը տեր Մաղաքիային հարցրեց՝ «էդ որ ասում ես՝ շնորհավոր ամանոր, էդ ճիշտ ա՞», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ պիտի ասեի», եւ Արիկն ասաց՝ «պիտի ասեիր՝ շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ», եւ տեր Մաղաքիան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «այժմ ամանորն ենք շնորհավորում ու նշում» եւ ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «Սուրբ ծնունդն ամսույս վեցին կշնորհավորենք ու կնշենք», եւ Արիկը զարմացած ասաց՝ «բայց ասում են՝ շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ», եւ տեր Մաղաքիան ժպտալով հարցրեց՝ «ովքե՞ր են ասում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տելեվիզորով ու ամեն տեղ ըտենց են ասում», եւ տեր Մաղաքիան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ամսույս վեցին Սուրբ ծնունդն ազգովի կշնորհավորենք ու կնշենք», եւ Ալեքսն Արիկին ասաց՝ «իզուր ես էդքան մանրանում», ե Արիկն Ալեքսին ասաց՝ «հեչ էլ իզուր չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ կարեւոր բան ճշտեցի», եւ Ալեքսը բաժակը բարձրացնելով ասաց՝ «շնորհավոր բոլորիս նոր տարին», եւ Արշակն Ալեքսին ասաց՝ «չես համբերում, որ պաշտոնապես քեզ թամադա ընտրենք», եւ Արիկն Արշակին ասաց՝ «չարժի ձեւականությունների վրա ժամանակ ծախսենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ ա՝ Ալեքսին ենք ընտրելու», եւ Ալեքսն ինքնագոհ ժպտալով նորից բաժակը բարձրացրեց ու նորից ասաց՝ «շնորհավոր բոլորիս նոր տարին», եւ Արիկն Ալեքսին ասաց՝ «էդ որ ասում ես՝ շնորհավոր բոլորիս նոր տարին, էդ էլ ա սխալ», եւ Ալեքսը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ պիտի ասեմ», եւ Արիկն ասաց՝ «պիտի ասես՝ շնորհավոր բոլորիս գալիք նոր տարին» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «որովհետեւ նոր տարուն դեռ հինգ ժամից ավել կա», եւ Ջավախյանը խնդալով Արիկին ասաց՝ «էրեւում ա՝ քեզ էլ պիտի թամադայի խորհրդական նշանակենք, ադա», եւ Բարդուղն ասաց՝ «Արիկը ճիշտ ա ասում», եւ Օրթախ Աբոն ասաց՝ «տարին մի անգամ Արիկն էլ ա ճիշտ բան ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսպիսի դեպքերում ռուսներն ասում են՝ սնաստուպայուշչիմ ու խմում են», եւ Ջոնն ասաց՝ «ռուսներին գովալու համար Աբոյի խելքն իրանը չի», եւ Արիկն ասաց՝ «փաստորեն, ռուսները միակն են, որ էդ կենացը ճիշտ ձեւով են խմում», եւ Բարդուղն ասաց՝ «կարեւոր հարցերը թողած՝ երկրորդական հարցերի մեջ եք խորացել», եւ Ալեքսն ասաց՝ «կարեւոր հարցերը մի քանի րոպեով հետաձգենք» եւ բաժակը նորից բարձրացնելով՝ ժպտաց ու ասաց՝ «սնաստուպայուշչիմ» եւ բաժակը հերթով բոլորիս բաժակներին խփեց ու խմեց, եւ բոլորս մեր բաժակներն իրար խփեցինք ու խմեցինք, եւ տեր Մաղաքիան տեղից վեր կենալով ասաց՝ «ես գնամ, պարոնայք», եւ Սերոբը տեր Մաղաքիային ասաց՝ «ես քեզ իմ մեքենայով կտանեմ, տեր հայր», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու Սերոբին ասաց՝ «հիմա ինչն են շատ՝ տաքսիները», եւ Սերոբն ասաց՝ «ես կտանեմ», եւ Բարդուղը ծիծաղելով տեր Մաղաքիային ասաց՝ «Սերոբն իրա հոգու փրկության համար ա ուզում քեզ իրա ավտոյով տանի», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «կարող ա՞ թողնենք, որ մեր հոգեւոր հովիվները մարշրուտնի նստեն»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել