Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, «Նորություններ» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած «Հայաստան. հազարամյակների ուղի» հեռուստակամուրջը, որի ընթացքում ներկայացվեց ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի համանուն գիրքը, նման կարգի միջոցառումներից տարբերվեց լսարանի կողմից հեղինակի նկատմամբ հատուկ ջերմությամբ և նույնիսկ հուզիչ երախտագիտությամբ:
Ներկայացնելով ռուսաստանցի սենատորի եռահատոր ուսումնասիրությունը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովի աշխատանքը հանդիսանում է իրադարձություն Հայաստանի և Ռուսատանի գիտական ու մշակութային կյանքում, ինչպես նաև` ներդրում Հայաստանի ու տարածաշրջանի հնագույն ու ժամանակակից պատմության ուսումնասիրության գործում: Զինուրովի գիրքը կարելի է դասել այն բացառիկ հրատարակությունների շարքին, որոնք միջմշակութային և միջկրոնական երկխոսության օրինակ են համարվում: Այն արդիական է արդեն նրանով, որ խստիվ կերպով կառուցված է միայն արժանահավատ գիտական նյութի հիման վրա, որը հեղինակը հավաքել է երկար տարիներ շարունակ և Հայաստանի հազարամյակների պատմությունը շարադրել մատչելի` չափածո կերպով: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռաֆայիլ Զինուրովը ազգությամբ բաշկիր է, իսկ հավատով` մահմեդական, ապա աշխատանքի արժեքը և նրա հումանիտար ու միջկրոնական նշանակությունը վեր է ամեն մի գնահատականից: Սի իսկական նվեր է ոչ միայն հայ և ռուսաստանցի պատմաբաններին, այլ նաև ողջ հայ ժողովրդին:
Պատմելով գրքի ստեղծման մասին, Ռաֆայիլ Զինուրովը նշեց, որ չնայաց իր արտակարգ զբաղվածությանը, նա բաց չի թողել այս կամ այն պատմական իրադարձության մասին նոր բան իմանալու ոչ մի առիթ, ուսումնասիրել է հայ հին պատմիչների և լուսավորիչների` Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Առաքել Դավրիժեցու և շատ ու շատ ուրիշների գործերը, Հայաստանի մասին հիշատակություններ է փնտրել հին հույն և հռոմեացի պատմիչների աշխատանքներում: Խոսելով հայերի պատմական ճակատագրի մասին, Զինուրովը ընդգծեց, որ աշխարհում եզակի են այն ազգերը, որոնք հազարամյակներ ձգվող իրենց գիրն ունեն: Առատ կերպով ծաղկող և համաշխարհային տիրապետություն ունեցող շատ քաղաքակրթություններ անհետացել են: Իսկ նրանց ժամանակակից հայերը, չնայած ծանրագույն փորձություններին, մնացել են իբրև ազգ` պահպանելով սեփական մշակույթը, գիրն ու լեզուն: Դրա համար էլ համաշխարհային քաղաքակրթությունում հայերը շատ մեծ ավանդ ունեն:
Երևանից հանդես եկող ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այսօր միայն բացառիկ մասնագետը, ինչպիսին Զինուրովն է, այդպես մանարկրկիտ կերպով կուսումնասիրեր ու կտիրապետեր հայոց պատմությանը: Աշխատության արժեքը նաև նրանում է, որ Հայաստանի պատմությունը ոչ թե հայ, այլ ռուսաստանցի, ազգությամբ բաշկիր գիտությունների դոկտորն է ներկայացնում, ինչը բացառում է որևէ կասկած պատմական իրադարձությունների ոչ ճիշտ մեկնաբանման հարցում:
Հեղինակի հասցեին հարգանքի և շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառմանը ներկա ինչպես Բաշկիրիայի, Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը իր հեթին նշեց, որ Զինուրովի գիրքը հետաքրքրել է ֆրանսիացի պատմաբաններին, ովքեր առաջարկել են թարգմանել այն ֆրանսերենի, ինչպես նաև միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը նպաստելու համար ներկայացնել համապատասխան մրցանակի: Զինուրովին, ինչպես նշեց Նավոյանը, կարելի է առանց չափազանցության Աշխարհի դեսպան համարել, քանի որ նրա գործունեությունը նպաստում է տարբեր մշակութային ավանդույթների պատկանող ժողովուրդների և պետությունների միջև խաղաղ երկխոսության ու համագործակցության համար պայմանների ստեղծմանը: Չէ՞ որ գիտելիքների պաշարը, մշակութային ավանդույթները պատկանում են ողջ մարդկությանը և վեր են ազգային սահմաններից:
Հեռուստակամրջի ավարտին Ռաֆայիլ Զինուրովը շնորհակալություն հայտնեց ներկաներին և հայերեն ասաց. «Ես ձեզ սիրում եմ»:
Էդուարդ Սախինով