Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավադրությունների տեսությունը՝ հակամարտությունների հիմքում

Դեկտեմբեր 19,2013 23:53

Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող միջազգային կոնֆերանսի մասնակիցները, ի թիվս այլ թեմաների, «ձեռքի հետ» անդրադառնում էին նաեւ մի այսպիսի հարցի՝ հիմնավո՞ր է արդյոք «դավադրությունների տեսությունը», ամեն ինչի հիմքում ջհուդամասոնական կամ անգլոսաքսոնական դավադրություններ փնտրելը, թե՞ ոչ:

Դավադրությունների տեսության վառ կողմնակիցներից էր Սահմանային համագործակցության ասոցիացիայի (ՌԴ) վերլուծաբան Անդրանիկ Դերենիկյանը: Նա, մասնավորապես, անգլոսաքսոնական դավադրություն էր տեսնում Ուկրաինայում հիմա կատարվող իրադարձությունների հիմքով, պնդում էր, որ այդ երկրները, մասնավորապես Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, շահագրգռված են Ուկրաինայի մասնատմամբ: Նույն հետքն էր նա տեսնում նաեւ աշխարհի բոլոր ծայրերում կատարվող իրադարձությունների հիմքում՝ սկսած Պակիստանից, ավարտված Սիրիայով: «Ռուսաստանի համար հիմա կարեւոր է հեռու մնալ այդ հակամարտություններից, ինչպես որ անում է Ուկրաինայի դեպքում: Արեւմուտքը շատ կոպիտ ձեւով խառնվում է այդ երկրի ներքին գործերի մեջ, իսկ Ռուսաստանը հեռու է մնում»,-հայտարարեց ռուսաստանցի փորձագետը: Պարոն Դերենիկյանը նաեւ ասաց, որ այն օրը, երբ անգլոսաքսերը որոշեն՝ Թուրքիան կկոտրեն, կպառակտեն: Իսկ Թուրքիայի կայունությամբ շահագրգիռ է միայն Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրները:

Իր խոսքում դավադրությունների տեսությանն անդրադարձավ Հասարակական–քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (Ռուսաստան) տնօրեն Վլադիմիր Եվսեեւը. «Անգլոսաքսոնների մասին այստեղ շատ խոսվեց, բայց ես բոլորիդ կոչ եմ անում՝ պետք չի ավելի շատ թշնամիներ փնտրել, քան կան իրականում: Մեր ունեցած բոլոր խնդիրները ոչ թե դավադրությունների արդյունքում են ստեղծվում, այլ որոշակի պայմանների եւ հանգամանքների դասավորության արդյունքում: Պետք է իրատես լինել: ԱՄՆ-ն երբեք չի գնա պատերազմի՝ անիմաստ տեղը, բավական է նայել միայն նրանց ռազմական ծախսերին, որոնք գնալով քչանում են: Ռազմական բյուջեն զգալի կրճատվել է, եւ ասել, որ Արեւմուտքը սպասում է, երազում է, որ ինչ-որ մի տեղ պատերազմ կսկսվի՝ սխալ է: Մենք առանց այն էլ բազմաթիվ խնդիրներ ունենք, եւ պետք չի անգլոսաքսերին կամ մասոններին խառնել այս ամենի մեջ: Դա պայթունավտանգ է եւ ճիշտ չէ»:

Պարոն Եվսեեւին հակադարձելու եկավ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ֆասիհ Բադերհանը, ով, ինչպես պարզվեց, նույնպես դավադրությունների տեսության կողմնակից էր. «Իհարկե, պետք չի անգլոսաքսերին զրկել իրենց շահերը հետապնդելու իրավունքից, ուղղակի նրանք սկսել են մտնել ամեն տեղ, անգամ մտնում են հետսովետական տարածք: Այ, եթե նրանք կարողանային պահպանել միջազգային իրավունքի նորմերն այնպես, ինչպես դա անում է Ռուսաստանը, որը չի մտնում ուրիշ երկրների ներքին գործերի մեջ»: Ապա` պարոն Բադերհանը սկսեց հեգնել. «Այո, իհարկե, ոչ մի դավադրություն էլ չկա՝ ՍՍՀՄ-ը ինքն իրեն փլվեց, Սիրիան ինքն իրեն սկսեց կործանվել, արաբական գարունը ինքն իրեն ծնվեց, , ոչ մի դավադրություն էլ չկար…»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031