Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռ/կ․ Ջեյմս Ուորլիք․ «Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը»

Դեկտեմբեր 19,2013 23:35

Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցից հետո Մինսկի խմբի համանախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:

«Ազատություն»․ – Շնորհակալություն, պարոն դեսպան, այս բացառիկ հարցազրույցին համաձայնելու համար: Եվ առաջին հարցը ուղղակիորեն վերաբերում է վերջին շրջանի Ձեր գործունեությանը: Դուք հանդիպեցիք երկու նախագահների հետ և Դուք մաքոքային դիվանագիտություն եք վարում, գնում եք, գալիս եք, Ձեր ժամանակը ծախսում եք նաև Լեռնային Ղարաբաղում: Վիեննայից և Կիևից հետո, ակնհայտորեն, նոր հույս կա, և ես առաջին անգամ տեսնում եմ Ձեր հայտարարություններում դրական տոն: Ո՞րն է դրա պատճառը: Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Կա՞ ինչ-որ բան, որ մենք չգիտենք:

Ջեյմս Ուորլիք․ – Նախ և առաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հարցազրույցի համար: Հաճելի է Ձեզ տեսնել, և ես ուրախ եմ, որ մենք զրուցելու հնարավորություն ունենք:

Գիտեք, որ երկու նախագահները հանդիպեցին նոյեմբերի 19-ին Վիեննայում, և դա մի քանի տարվա մեջ առաջին անգամն էր, որ նրանք հանդիպեցին: Եվ լավ լուրը դրանից այն է, որ նրանք կառուցողական երկխոսություն ունեցան, և որ 90-րոպեանոց առանձնազրույցում, որին որևէ այլ մարդ ներկա չէր․․․

«Ազատություն»․ – 90 րոպե՞:

Ուորլիք․ – 90 րոպե․․․ Նրանք կարողացան լրջորեն զրուցել միմյանց հետ խնդիրների շուրջ և ավարտեցին զրույցը՝ երկուսն էլ հավատալով, որ կարող են աշխատել միմյանց հետ, և որ կա ճանապարհ դեպի առաջ: Եվ դա լավ լուր էր բոլորիս համար և, անշուշտ, լավ լուր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Եվ մենք ակնկալում ենք այդ երկխոսության շարունակություն, քանի որ դա է ճանապարհը, որով մենք կարող ենք գտնել դեպի վերջապես խաղաղ կարգավորում տանող ուղին: Եվ դա իրոք երկու նախագահների անելիքն է: Եթե նրանք ունեն այն կարգավորելու, միմյանց հետ աշխատելու և առաջ շարժվելու ճանապարհ գտնելու քաղաքական կամք, ապա դա տեղի կունենա, և Մինսկի խումբն էլ այստեղ է՝ գործընթացի դյուրացմանն օգնելու համար:

«Ազատություն»․ – Հետաքրքիր հայտարարություն Վիեննայի հանդիպումից հետո: Հայտարարությունում ասված է, որ երկու կողմերը, երկու նախագահները քննարկել են հարցերի լայն շրջանակ: Եվ սա առաջին անգամն է, որ մենք լսում ենք նման բան: Նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ, ես չեմ խոսում 2012-ից հետո տեղ գտած դադարի մասին, նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ, որոնցում միջնորդի դեր էր ստանձնել [Ռուսաստանի նախագահ Դմիտրի] Մեդվեդևը, դուք չեք ունեցել նման հայտարարություն, թե նախագահները հարցերի լայն շրջանակ են քննարկել: Կասեի՞ք մեզ, եթե հնարավոր է, թե ինչ հարցեր են դրանք:

Ուորլիք․ – Անշուշտ, դա առանձնազրույց էր, հետևաբար՝ ես չգիտեմ բոլոր փաստերը: Սակայն նրանք, այո, զրուցել են ամենազգայուն խնդիրների շուրջ, և նրանք զրուցել են միմյանց հետ շատ անկեղծորեն, թե ինչ կպահանջվի կարգավորման ուղի գտնելու համար: Եվ դա կառուցողական է: Ես վստահ եմ, որ նրանք համաձայնության չեն եկել ամեն ինչի շուրջ, սակայն փաստը, որ նրանք ունեցան այս քննարկումը, որ նրանք հանձնարարեցին իրենց արտգործնախարարներին շարունակել քննարկումը, և որ նրանք հուսով են հանդիպել եկող տարվա սկզբին, շատ դրական քայլ է:

«Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ նրանք անդրադարձել են այն բոլոր սկզբունքներին, որոնք ուրվագծվել էին Մադրիդում և ապա հետագայում թարմացվել:

Ուորլիք․ – Ես չգիտեմ․․․ Վստահ չեմ, թե նրանք զրուցել են բուն սկզբունքների մասին, սակայն գիտեմ, որ նրանք զրուցել են կարգավորում գտնելու հարցում առանցքային հարցերի շուրջ: Նրանք ասացին, որ հարգում են միմյանց դիրքորոշումները և որ հավատում են, որ կարող են գտնել կարգավորման ճանապարհ: Այժմ, անշուշտ, դա պետք է մշակվի, բանակցվի, և այդ պատճառով է, որ հուսով ենք՝ նախագահները կրկին կհանդիպեն խոսակցությունը շարունակելու համար:

«Ազատություն»․ – Պարոն դեսպան, ո՞րն է ամենադժվարին խնդիրը այս քննարկումներում: Կարո՞ղ եք նկարագրել, գոնե ընդհանուր գծերով, թե որն է այդ հարցը, ըստ էության:

Ուորլիք․ – Ինչպես գիտեք, կան մի շարք շատ դժվարին հարցեր, որոնց պետք է անդրադառնալ: Դա է պատճառը, որ այդ խոսակցությունը շարունակվում է արդեն 20 տարի հրադադարից հետո: Դրանք դժվարին խնդիրներ են, սակայն, իրոք, ես հավատում եմ, որ երկու կողմերը կարող են գտնել ճանապարհ դեպի առաջ, որը, իրոք, օգնի երկու կողմերին, որ երկու կողմերը կարող են տեսնել ճանապարհ դեպի առաջ՝ կարգավորում, որ, իրոք, ոչ մեկը չկորցնի և բոլորը շահեն: Եվ ինչպես ցանկացած բանակցության պարագայում այստեղ ևս  մենք դա ենք ակնկալում: Ոչ թե որ ժողովուրդը՝ լինի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի, զոհողություններ անի: Ոչ, մենք դա չենք խնդրում: Մեր հույսն այն է, որ կողմերը, բոլոր կողմերը կհամարեն, որ իրենց շահերից է բխում այս ձգձգվող հակամարտությանը երկարատև, խաղաղ կարգավորում գտնելը:

«Ազատություն»․ – Թերևս, փորձագետների մեծ մասը և նաև լրատվամիջոցները կենտրոնանում են երկու հարցի վրա: Նախ և առաջ, ինչպես դուք նկարագրում եք ձեր հայտարարություններում, ինչպես գրված է կարգավորման այդ սկզբունքներում՝ «օկուպացված» տարածքների վերադարձը, որոնք այժմ վերահսկում են հայկական ուժերը: Մեկ այլ հարց հանրաքվեն է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անցկացնել սեփական հանրաքվեն և որոշում կայացնել սեփական ճակատագրի առնչությամբ՝ ուզում են արդյո՞ք անկախ լինել, Ադրբեջանի կազմում կամ Հայաստանի կազմում: Սրանք երկու ամենադժվարին խնդիրներն են: Այդպե՞ս է:

Ուորլիք․ – Այո, անշուշտ, դրանք շատ կարևոր խնդիրներ են, սակայն Ձեզ համար ավելացնեմ ևս մեկը, որն է՝ վստահությունը և փոխըմբռնումը: Ինչը ապշեցնում է ինձ, երբ ես Բաքվում եմ, Երևանում եմ և նաև, երբ Լեռնային Ղարաբաղում եմ, ես գտնում եմ, որ նրանք լավ մարդիկ են՝ բոլոր կողմերը: Եվ հասկանում եմ, որ կա խորը անվստահություն, անվստահություն բոլոր կողմերի միջև: Եվ հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել մի ճանապարհ, և դա ժողովուրդների միջև շփումների մակարդակում է, այլ ոչ թե կառավարությունների և բարձր քաղաքականության, որ ես հուսով եմ, որ հայերը, ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող են միմյանց ընկալել  որպես իրական մարդիկ և տեսնել սրա մարդկային կողմը: Եվ ես, այո, հավատում եմ, որ բոլոր կողմերում լավ, ազնիվ մարդիկ են: Գիտեք, նրանք մարդիկ են, որոնք ցանկանում են լավագույնը իրենց ընտանիքների համար, ապագայի համար, նրանք ցանկանում են խաղաղություն և բարգավաճում:

«Ազատություն»․ – Եվ նրանք չեն ուզում պատերազմ․․․

Ուորլիք․ – Ոչ ոք չի ուզում պատերազմ: Դա է հարցը: Եվ մենք մի իրավիճակում ենք այժմ, երբ ո՛չ խաղաղություն է, ո՛չ պատերազմ: Մարդիկ ավելիին են արժանի, քան այն է, ինչ ունեն այժմ, և ճանապարհը երկարատև կարգավորման ուղի գտնելն է: Ինչպես ասել եմ ուրիշներին, դա կարող է տարածաշրջանում բարգավաճման նոր դարաշրջան բերել, սա մի հակամարտություն է, որը կարող է լուծվել, և ես իրոք հույս ունեմ, որ քաղաքական առաջնորդները կարող են ուղի գտնել հանուն մարդկանց: Ինձ ապշեցնում է, որ մի սերունդ, նոր սերունդ է աճում  Ադրբեջանում, Հայաստանում և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում․․․

«Ազատություն»․ – Որոնք միմյանց չեն տեսել․․․

Ուորլիք․ – Նրանք չեն տեսել իրար, նրանք չեն զրուցել միմյանց հետ, նրանք իրար չեն ճանաչում և միմյանց մասին լսում և տեսնում են միայն լրատվամիջոցներով: Դժբախտաբար, դա աղավաղվում և  սխալ է մեկնաբանվում, և ես կցանկանայի տեսնել մի կետ, որում վստահության և հարաբերությունների այդ ձևը կարող է վերականգնվել:

«Ազատություն»․ – Դուք կարո՞ղ եք դա անել:

Ուորլիք․ – Ես հուսով եմ․․․

«Ազատություն»․ – Հուսով եք․․․

Ուորլիք․ – Գիտեք, դա Մինսկի խմբի անելիքը չէ, մենք գործընթացը դյուրացնողներն ենք: Քաղաքական ղեկավարության գործն է՝ որոշել՝ արդյո՞ք իրենք ցանկանում են կարգավորում գտնել:

«Ազատություն»․ – Մեկ այլ կարևոր հարց: Դուք ներկայացնում եք երկրներ, որոնք անհրաժեշտաբար շատ շահագրգռված չեն․․․ նրանց օրակարգի կարևորագույն խնդիրներից չէ, Լեռնային Ղարաբաղը առաջին հարցը չէ, երկրորդն է կամ երրորդը կամ չորրորդը:

Ուորլիք․ – Կան շատ խնդիրներ․․․

«Ազատություն»․ – Ձեզ պետք է ստանալ ձեր նախագահների աջակցությունը․․․

Ուորլիք․ – Աշխարհում շատ խնդիրներ կան, անշուշտ: Նայեք Ձեր շուրջը, և կան շատ, շատ լուրեր, որ․․․ Համամիտ եմ Ձեզ հետ, որ Լեռնային Ղարաբաղը առաջինը չէ ցուցակում, բայց դա չի նշանակում, որ այն կարևոր չէ: Եվ անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն շատ կարևոր է: Եվ երկարատև խաղաղության ուղի գտնելը ծայրաստիճան կարևոր է, ու Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել: Նայեք, մենք աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, մենք նվիրված ենք այդ ձևաչափին և ուղի գտնելուն: Կարո՞ղ է Միացյալ Նահանգները որևէ բան անել նաև երկկողմ հիմքի վրա: Մենք պատրաստ կանգնած ենք, և կարող եմ ասել, որ մենք կարող ենք ունենալ շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ, որ մենք կարող ենք այստեղ գտնել ճանապարհ դեպի առաջ, և մենք կցանկանայինք գտնել երկարատև կարգավորում․․․

«Ազատություն»․ – Կարո՞ղ եմ այդ մասին մի քիչ ավելի շատ խոսել :

Ուորլիք․ – Անշուշտ:

«Ազատություն»․ – Դուք միշտ ասում եք, ոչ միայն դուք՝ մյուս կողմերը ևս, որ մենք իրոք ունենք․․․ սա եզակի իրավիճակ է, Լեռնային Ղարաբաղը, սա թերևս այն փոքրաթիվ տեղերից է, որտեղ կա փոխըմբռնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, և որ «մենք համագործակցում ենք այստեղ, չկա մի հարց, որի շուրջ մենք կարող ենք վիճել, ուրեմն՝ կա լիակատար փոխըմբռնում»: Ճի՞շտ է դա արդյոք: Իրո՞ք այդպես է: Հայաստանի հանրության մեջ և այլ հանրությունների մեջ ևս որոշակի հոռետեսություն կա, քանի որ չեք կարող լիակատար փոխըմբռնում ունենալ մեկ հարցում և այդքան տարբեր լինել այլ հարցերում:

Ուորլիք․ – Այստեղ ես համաձայն չեմ, քանի որ իրականում մենք շատ լավ ենք աշխատում ռուսների հետ շատ հարցերում: Իմ նախորդ աշխատանքը Աֆղանստանում էր, և կար մեկ այլ հարց, որտեղ մենք իրոք շատ սերտորեն աշխատում ենք, և մեր միջև կա փոխըմբռնում: Սակայն Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չկա: Իմ ռուս գործընկերոջ, իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, ով, ես գիտեմ, հաղորդակցվում և սերտորեն աշխատում է նաև Եվրամիության հետ, մենք աշխատում ենք փոխըմբռնման մթնոլորտում և ցանկանում ենք առաջ շարժվել որպես թիմ՝ ուղի գտնելու, և հուսով ենք նպաստել կարգավորմանը, և դա նաև այն է, ինչ ուզում են կողմերը:

«Ազատություն»․ – Մեկ այլ հարց: Դուք շա՞տ ժամանակ եք ծախսում Լեռնային Ղարաբաղում:

Ուորլիք․ – Շատ:

«Ազատություն»․ – Օրինակ, օրերս դուք շուրջ երկու ժամանոց բանակցություններ ունեցաք [Լեռնային Ղարաբաղի նախագահ] Բակո Սահակյանի հետ, եթե չեմ սխալվում, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: Եվ դուք բանակցեցիք առաջնորդների հետ: Բայց օրերս դուք ավելացրեցիք մեկ այլ խումբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սա դրա մի հետաքրքիր մասն է: Կարո՞ղ եք մեզ ասել մի փոքր ավելին, թե ինչու եք այդքան շատ ժամանակ ծախսում Լեռնային Ղարաբաղում, որևէ նոր բան կա՞:

Ուորլիք․ – Ես միշտ սպասում եմ Լեռնային Ղարաբաղ իմ ճամփորդելուն և այստեղ մարդկանց հանդիպելուն, նրանց տեսակետները լսելուն: Եվ ես կասեի, որ Մինսկի խումբը ուշադրությամբ լսում է, և մենք ցանկանում ենք հաշվի առնել նրանց տեսակետները: Այս այցելության ընթացքում լավ հնարավորություն կար հանդիպելու քաղաքացիական հասարակության հետ և լսելու նրանց տեսակետները: Եվ Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք ոչ միայն ամենաբարձր մակարդակի քաղաքական առաջնորդներին, այլև պետք է բաց լինենք՝ լսելու նաև ժողովրդին: Եվ սա ոչ միայն հենց Լեռնային Ղարաբաղում է, այլ նաև Երևանում է, Բաքվում: Մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը, և ճանապարհը դեպի առաջ, որ նրանք հավատում են, և նրանց մտահոգությունները: Եվ սա լավ հնարավորություն էր Լեռնային Ղարաբաղում՝ լսելու նրանց: Եվ սա առաջին անգամն էր, որ ես հանդիպեցի նրանց հետ, սակայն կարող եմ վստահեցնել, որ վերջինը չի լինի:

«Ազատություն»․ – Դուք նաև զրուցել եք քաղաքացիական հասարակության հետ Ադրբեջանում, այո՞:

Ուորլիք․ -Ես բաց եմ՝ լսելու նրանց և զրուցելու յուրաքանչյուրի հետ: Եվ կարծում եմ՝ դա կարևոր է մեզ համար:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031