Ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գործում է Այգեպար գյուղի մանկապարտեզը, ուր հաճախում է 21 երեխա: Մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը մեզ հայտնեց, որ վատ պայմանների պատճառով 2008-2010 թվականներին մանկապարտեզ է հաճախել 4-5 երեխա:
Տարիներ շարունակ մանկապարտեզը զրկված է եղել կենցաղային տարրական պայմաններից, պատուհանները ջարդված էին, ջուր չի եղել: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մանկապարտեզում տեղադրել է արեւային ջրատաքացման համակարգ, մետաղապլաստե դռներ ու պատուհաններ: Լիլիթ Մելիքյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները, որպես փոքրիկների սննդի գումար, ամսական 1000 դրամ են վճարում:
Մանկապարտեզի վարիչն ասաց, որ երեխաները կրակոցներից չեն վախենում, «նրանք հերոսներ են», սաստիկ կրակոցների դեպքում մանկապարտեզի աշխատողները փոքրիկներին տանում են ննջարան, որտեղ ավելի ապահով է: Մանկապարտեզի տնօրենը հայտնեց նաեւ, որ Լոս-Անջելեսի «Հայրենիք» միության կողմից նախադպրոցական հաստատության շենքը նորոգվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ