Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված քննարկումներ՝ տարածքային ամբողջականության խնդիրների շուրջ

Դեկտեմբեր 19,2013 22:51

Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ՀՀ) եւ «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» (ՌԴ) համատեղ ուժերով կազմակերպված  «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մի նիստը նվիրված էր Վրաստանի տարածքային ամբողջականության պահմանմանը: Այնպես ստացվեց, որ այդ թեմայով երկու զեկուցողներն էլ Ռուսաստանից էին եւ համապատասխան տեսակետ ունեին այդ հարցի վերաբերյալ:

Վրաստանից ժամանած փորձագետները որոշակի անհամաձայնություն հայտնեցին ռուսական տեսակետին, բայց Վրաստանի «թասիբին» կանգնելու հիմնական հանձնառությունն իր վրա վերցրեց ադրբեջանական «Զերկալոյի» քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը, ով ասաց, որ ռուս-վրացական հարաբերությունները փակուղի են մտել, եթե ոչ մի կողմը զիջելու ցանկություն չունի: Եվ արդյունքում՝ այս հարցը լուծում չունի, եթե իհարկե, չլուծվի Միխայիլ Չեռնովի առաջարկած տարբերակով:   Նա նկատի ուներ պարոն Չեռնովի՝ նախորդ օրը առաջարկած ծրագրերը, որոնց համաձայն սահմանների նոր վերաձեւումներ պետք է լինեն եւ Ռուսաստանից ուղիղ ավտոմայրուղի եւ երկաթուղի լինի դեպի Հայաստան եւ Իրան:

Պարոն Միրքադիրովը բարձրացրեց Չեչնիայի հարցը. «Սահակաշվիլու մեթոդը՝ հետ բերել Հարավային Օսեթիան ընդունելի է՝ ուզում էր տարածքային ամբողջականությունը վերականգնել, սակայն՝ անօգուտ, որովհետեւ դեմ էր դուրս եկել Ռուսաստանին: Բայց Ռուսաստանը նույն ձեւով լուծեց իր տարածքային ամբողջականության հարցը Չեչնիայի հետ՝ ուժային մեթոդներով, լավ արեց, բայց խոսելու տեղ չունի Վրաստանի վերաբերյալ»:

Չեչնիայի անունը լսելուն պես՝ ռուսաստանցի փորձագետների ձեռքերը հերթով վեր բարձրացան՝ համաժողովը վարողից խոսք խնդրելու նպատակով:

Սակայն պարոն Միրքադիրովը շարունակեց. «Այո, համաձայն եմ այստեղ հնչած այն կարծիքի հետ, որ այն, ինչ կատարվեց Կոսովոյում՝ անթույլատրելի էր. անընդունելի է միջազգային բոլոր նորմերի վրա թքել եւ միակողմանի ընդունել անկախությունը, բայց նույն ձեւով անընդունելի էր Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ընդունումը՝ անկախ նրանից, թե ինչ էր արել Վրաստանը: Այնտեղի ժողովուրդների անվտանգության պաշտպանությունն ընդամենը ինտերվենցիայի փաստի հիմնավորումն էր: Ստացվում է, որ պետությունը, որը Կոսովոյի դեպքում պաշտպանում էր միջազգային իրավունքի նորմը՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեպքում ինքը դարձավ այդ նորմը խախտողը: Եվ արդարացումը միակն էր՝ դուք բարոյական իրավունք չունեք մեզ դաս տալու: Բայց այդ պատերազմից եւ սահմանների վերաձեւումից հետո Ռուսաստանը կորցրեց Վրաստանի վրա որեւէ ազդեցության լծակ: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը կարողանում է ազդել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա, ապա Վրաստանի վրա այլեւս ոչ մի լծակ չունի, ազատ է թողել»:

Այս ելույթից հետո ՌԴ-ից ժամանած գործիչները հերթով սկսեցին խոսել այն մասին, որ Չեչնիան մեջտեղ բերելը կոռեկտ չէր:

ՌԳԱ ԱԻ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը հիշեցրեց Խասավյուրտյան խաղաղության համաձայնագրի մասին, երբ Ռուսաստանը փաստացի ընդունեց Չեչնիայի անկախությունը: Սակայն այդ խաղաղությունը խախտեց հենց Իչկերիան (Չեչնիան), երբ ներխուժեց Դաղստան. «Որեւէ զուգահեռ տանելը Չեչնիայի հետ՝ կոռեկտ չէ»: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա ըստ պարոն Արեշեւի՝ պետք է գտնել նոր եւ լավ գաղափարներ, որոնք կարող են նոր ազդակներ տալ երկխոսությանը, օրինակ, Վրաստանի կողմից հաղորդակցության միջոցների ապաշրջափակում եւ այլն:

Հասարակական–քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (Ռուսաստան) տնօրեն Վլադիմիր Եվսեեւն էլ  շեշտեց, որ Չեչնիայի մասին խոսելը կոռեկտ չէր: Նա անգամ ասաց, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար Չեչնիան խնդիր չի եղել: Ուղղակի ելցինյան ժամանակներում, երբ սկսվել էին ազգային ինքնորոշումների շքերթները, եւ Ելցինը, կարծես, լոյալ վերաբերմունք ուներ, Ռուսաստանի համար խնդիր էր Թաթարստանը: «Թաթարստանի տարածքում մենք ոչ մի ռազմական միավոր չունեինք, որպեսզի հանկարծ Շամիեւը (Թաթարստանի հանրապետության այն ժամանակվա ղեկավարը) չենթարկեցներ զորքերն իրեն: Եթե Ելցինի կողմից արտոնված այդ ինքնորոշումների շքերթը շարունակվեր՝ Ռուսաստանը լրիվ կքանդվեր՝ Թաթարստանը, Բաշկիրիան եւ այլն… Այդ պատճառով հիմա ահագին բան խստացվել է՝ վերացվել է ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունների նախագահների ինստիտուտը եւ այլն: Չեչնիան կարող էր մնալ անկախ, բայց չպետք է փորձեր տարածվել, կպնել մյուս հանրապետություններին: Թալիբները իրենց կաթսայում չեն կարողանում մնալ, դուրս են թափվում: Միայն դրանով էր պայմանավորված երկրորդ պատերազմը Չեչնիայում, ոչ թե մենք շատ էինք երազում Չեչնիան վերադարձնել մեզ»,-ասաց Վլադիմիր Եվսեեւը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031