Դեկտեմբերի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին նիստից հետո գործում վկա հանդիսացող է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել 2012 թվականի հոկտեմբերի 29-ին եւ ներկայացրել է ավելի քան 4 դրվագ.
« Այն որ լաբորանտ Սարգիս Սարգսյանը, հրամանագրված 2009 թվականից չի աշխատել մինչեւ իմ հաղորդումը, որից հետո նրան ազատել են: Ընդունում եմ՝ 3 տարի՝ 11874244 դրամ վատնել է յուրացրել է եւ եթե այդ գումարը գումարվեր այդ 2216433 դրամին, ուրեմն՝ դա դառնալու էր առանձնապես խոշոր չափով յուրացում: Եվ որպեսզի փրկեն ամբաստանյալին, չգիտեմ՝ ինչպես է եղել Շենգավիթ վարչական շրջանի քրեական բաժինը, քննիչը, դատախազը, ինչպե՞ս են սա շրջանցել»
Նա նաեւ նշեց, որ դպրոցի ավտոտնակում՝ կապարակնքված դռների հետեւում գույք կա, մասնավորապես՝ մալազիական, ինդոնեզական փափուկ կահույք, բաղնիքի գույք, մեծ «Sony» ապրանքանիշի հեռուստացույց, հսկա թանկարժեք մսաղաց եւ այդ բոլոր նկարները, ըստ տիկին Բախշյանի դատական գործում կա.
«Ես ապշում եմ. Դատարանը սրան չանդրադարձավ, մեղադրական եզրակացության մեջ քննչական բաժինը, ոչ մի դրվագով չի անդրադարձել: Խնդրե՛մ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Կոստանյան, ուզո՞ւմ եք փաստ, ասում եմ: Այս փաստը ինչպե՞ս են քննիչները Շենգավիթ քննչական բաժնում կոծկել»:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը անդրադարձավ նաեւ դպրոցի մի քանի ուսուցիչների կողմից գրված դրական բնութագիրներին: Նրա խոսքերով այդ ուսուցիչներից Մոնիկա Մարտիրոսյանը, չնայած, որ փաստաթղթերում նշված է՝ բարձրագույն կրթությամբ հատուկ մանկավարժ, լոգոպեդ, իրականում, չունի բարձրագույն կրթություն: Մեկ այլ ուսուցիչ՝ Ստեփանյան Թագուհին, տիկին Բախշյանի կողմից անցկացված հետազոտությունից հետո ազատվել է աշխատանքից, քանի որ իր կրթությունը չի համապատասխանում մանկավարժի կրթությանը.
« Սուսաննա Սարգսյանը դպրոցի լավագույն հայոց լեզվի ուսուցիչներին 2012 թվականի սեպտեմբերի 1-ին ազատեց աշխատանքից, նրանց փոխարեն ընդունել է Թագուհի Ստեփանյանին, ով արդեն ազատված է աշխատանքից»:
Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ չի կասկածում, որ այս գործում կոռուպցիա կա, բայց չի կարող պատկերացնել այդ կոռուպցիայի չափերը:
Իսկ 27 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ լարված են իր եւ Սուսաննա Սարգսյանի հարաբերությունները.
«Ես համարձակվեցի հետաքրքրվել, թե ինչ արժի իմ աշխատած մեկ ժամը, ընդամենը դա: Պատմությունները սկսվեց , սկսվեցին հետապնդումները»:
Տիկին Գրիգորյանի խոսքերով Սուսաննա Սարգսյանը զրկել է իրեն դասասենյակից, իսկ իր այն հարցին՝ ի՞նչ իրավունքով է դա անում պատասխանել է՝ «գործ տվող, չես աշխատելու այս դպրոցում, անգամ զուգարանում չեմ թողնի, որ աշխատես»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ