Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի հետ համագործակցությամբ դասընթաց էր կազմակերպել Վանաձորում:
Դասընթացը նվիրված էր կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը:
«Ծրագրի նպատակը, առաքելությունը աջակցելն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու Սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենսաթոշակային բարեփոխումների ներդրման եւ քաղաքականության իրականացման փուլում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի կենսաթոշակային քաղաքականության հարցերով պատասխանատու Արսեն Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ հանդես են գալիս մարզային հանդիպումներով դեռեւս այս տարվա նոյեմբերի մեկից:
Կարդացեք նաև
«Մեր թիրախային խումբը, ում հետ անցկացվում է միջոցառումը, սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցներն են, եւ մենք լուսաբանում ենք կենսաթոշակային նոր համակարգի բարեփոխումները եւ 2014 թվականի հունվարի մեկից գործող պարտադիր կուտակային բաղադրիչի օրենսդրական կարգավորումները` ինչ պահանջներ է ներկայացվում, ովքեր են լինելու մասնակիցները, դրույքաչափերի մասին եւ այլն»,-ասաց Արսեն Մանուկյանը` նկատելով, որ թիրախային խմբի հետ աշխատելու նպատակը ոչ միայն տեղեկատվություն հաղորդելն է, այլ նաեւ գիտելիք փոխանցելը:
«Մենք կարեւորում ենք գիտելիքի փոխանցումը նրանց, որպեսզի նրանք էլ իրենց հերթին արդեն կարողանան իրենց գիտելիքները փոխանցել մեր ազգաբնակչությանը»,-բացատրում է Արսեն Մանուկյանը:
Հաջորդ կանգառը Գյումրին է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ