Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի նախկին տնօրենն իրեն մեղավոր ճանաչեց

Դեկտեմբեր 19,2013 20:21

Դեկտեմբերի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին նիստը: Դատական նիստը գլխավորում էր դատավոր Նելլի Բաղդասարյանը:

Սուսաննա Սարգսյանը մեղադրվում է իր պաշտոնը չարաշահելով յուրացման եղանակով հափշտակություններ կատարելու մեջ, որով վնաս է հարուցել պետությանը: Նա մեղադրվում է 4 դրվագով, որոնցից 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 

Դատական նիստի ընթացքում Սուսաննա Սարգսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում եւ զղջում է կատարվածի համար:

Ամբաստանյալ Սուսաննա Սարգսյանը սույն թվականի դեկտեմբերի 17-ին դատարանին ներկայացրել է միջնորդություն, որով իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրում է դատական գործի քննությունն անցկացնել արագացված քննության կարգով՝ նշելով, որ կամավոր վճարել է պետությանը իր կողմից վնաս հասցված գումարը՝ 2216433 դրամը:

Մեղադրող, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Սուրեն Առաքելյանը, ով նախաքննության ավատից հետո առարկել էր միջնորդությունը, դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ փոխել է իր որոշումը, քանի որ մեղադրյալը կամավոր հատուցել է պետությանը վնաս հասցրած գումարը եւ իրեն մեղավոր է ճանաչել: Դատական նիստի ընթացքում դատարանը որոշեց անցկացնել արագացված դատական քննություն

Արագացված դատական կարգ կիրառելիս դատարանի կողմից ապացույցների ընդհանուր հետազոտություն չի կատարվում, այսինքն՝ չեն հարցաքննվում գործող վկաները, գործող ամբաստանյալը, չեն հետազոտվում եւ հրապարակվում գործում առկա մյուս ապացույցներն ու փաստաթղթերը, այլ միայն ուսումնասիրվում են  քրեական գործում առկա ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, եթե այդպիսիք առկա են, եւ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները: Արագացված դատական կարգ կիրառելիս մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում, դատարանը կարող  է նշանակել պատիժ, որը չի գերազանցում քրեական օրենսգրքով տվյալ հանցագործության համար նախատեսված պատժի 2/3-ը:

Դատական նիստի ընթացքում պաշտպան Գեղամ Հակոբյանը ներկայացրեց 14 ուսուցիչների կողմից Սուսաննա Սարգսյանի դրական բնութագրող բնութագրեր եւ Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի ուսուցիչների եւ ծնողների 100 ստորագրություն:

Երեւանի գլխավոր դատախազի տեղակալ Սուրեն Առաքելյանը դատարանից պահանջեց Սուսաննա Սարգսյանին հանցավոր ճանաչել. «ենթարկել տուգանքի առաջին 3 դրվագներից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով, իսկ 4-րդ դրվագով վեցհարյուրապատիկի չափով  եւ վերջնական պատիժ սահմանել տուգանք 800000 դրամի չափով: Նաեւ Սուսաննա Սարգսյանին զրկել հանրային եւ պետական մասնակցության կազմակերպություններում պետական մասնակցությամբ կազմակերպություններում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի վեց ամիս ժամկետով»:

Իսկ Սուսաննա Սարգսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը նշեց, որ հանցագործությունը կատարվել է հանգամանքների բերումով, իսկ դատախազի պահանջը խիստ է եւ անարդարացի: Եվ պահանջեց դատարանից մեղմ մոտեցում ցուցաբերել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Լուսանկարում՝ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031