Մի քանի ամիս առաջ Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց էր ներկայացրել Ազատ եւ Նորա Սարգսյանների հետ, որոնց որդին այսօր ՀՀ նախագահն է: Արդեն երկու օր է` խորհում ենք` գրե՞լ այս մասին, թե՞ ոչ: Որոշեցինք գրել, բայց նախ ցանկանում ենք մի ավանդույթի մասին պատմել, որ հատուկ է հայերին: Հին ժամանակներում, երբ գյուղում որևէ մեկը մատաղ պետք է մատուցեր Աստծուն, իր հավաքած գումարը տանում, փոխում էր դարբնի գումարի հետ: Համարվում էր, որ ամենաարդար քրտինքով վաստակած գումարը դարբնինն է, և միայն այդպիսի գումարով գնված մատաղացու կենդանու արյունը Աստծո կողմից ընդունելի կլինի: Ինչեւէ… Ասածն ամբողջացնելու համար ներկայացնում ենք չհրապարակված դրվագներ վերը նշված հարցազրույցից: Իսկ մեր կողմից միայն մեկ բան` հողը թող թեթև լինի վրադ, Ազա’տ պապ:
…Երբ թեյ պետք է խմեինք, տիկին Նորան, մեղավոր հայացքով դառնալով դեպի ինձ, ասաց. «Դու չայը սարքե, ես քինամ (գնամ) իմ հիվանդին մի քյաթա (գաթա) տամ օտե, ճարի (դեղ) վախտն ա, ճարը խմե, նոր վեր չայը խմինք»: Մինչ խոհանոցում պատրաստում էի թեյը, լսվում էին տիկին Նորայի հոգատար հարցերը. «Ճարը կոլ ըս տվա՞լ, դե ճյուրը խմե»: Իսկ երբ արդեն նստած էինք, տիկին Նորան սկսեց բացատրել, որ Ազատն արդեն դժվարությամբ է դեղը կուլ տալիս: Ու անգամ, երբ հրապարկման համար զրույցն արդեն սկսել էինք, տեսնում էի, թե ինչպես էր գաղտագողի անընդհատ ամուսնու կողմը նայում` համոզվելու համար, որ Ազատը լավ է:
Տիկին Նորան չափազանց ուշադիր էր հիվանդ ամուսնու նկատմամբ, ուշադիր և այնքան սիրով լի: Հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը և արտասանած ցանկացած բառին կամ ցանկությանը ու ամեն անգամ ընդհատում հարցազրույցը` դառնալով դեպի ամուսինը. «Հա, Ազա’տ, հինչ ա իլա՞լ, հինչ ըս օզո՞ւմ»: Ազատ պապը չէր կարողանում երկար ժամանակով նստել, անընդհատ կնոջն ասում էր. «Նորա’, քինա՞մ…քինա՞մ»: Տիկին Նորան էլ համոզում էր, որ դուրս չգա, արդեն ուշ է, մարդ չկա դրսում:
Մանրամասները՝ Yerkir.am-ի կայքում
Լուանկարը՝ Yerkir.am-ի