Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Մեր նպատակը Արամ Խաչատրյանի անունը Հայաստանի և ոչ թե Խորհրդային միության հետ կապելն է»

Դեկտեմբեր 19,2013 18:36

Այսօր կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը նվիրված է կոմպոզիտորի 110-ամյակին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա նաև բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը:

Փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ուրախացնում են փառատոնի արդյունքները: Այս մասին այսօր «Մենք» մշակութային մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը. «Մեզ համար ամենակարևորն այն է, որ փառատոնն անցավ մեծ ոգևորությամբ, լայն արձագանք գտավ հասարակության մեջ, ինչը մեզ թույլ է տալիս վստահաբար հայտարարելու, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կլինի ամենամյա: Շատ դժվար է այսպիսի հայտարարություն անելը, որովհետև դրա համար պետք է շատ ամուր հիմք ունենալ: Իսկ հիմքը կա, որովհետև, կարծում եմ, փառատոնը հաջողել է»:

Ջութակահար Անդրեյ Բարանովը, որը Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի հաղթող է, այսօր կկատարի Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Արդյոք ի՞նչ նշանակություն ունի նրա համար Խաչատրյան կատարելը:

«Արամ Խաչատրյանն առաջին հերթին մեծագույն կոմպոզիտոր է: Նա Սիբելիուսի, Չայկովսկու նման մեծությունների կողքին է, իսկ նրա «Ջութակի կոնցերտը» մտնում է աշխարհի ամենահայտնի և ամենասիրված կոնցերտների ոսկե հավաքածուի մեջ: Ընդհանրապես, ես շատ եմ սիրում լսել հայ կոմպոզիտորներին»,- ասում է ջութակահարը: Ինչ վերաբերում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթին, ապա պետք է ասեմ, որ յուրահատուկ և հաճելի զգացողություն է նրանց հետ նույն բեմում լինելը»:

Անդրադառնալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից կազմակերպվող խաչատրյանական միջոցառումներին՝ Սերգեյ Սմբատյանն ասաց. «Քանի որ Արամ Խաչատրյանը շատ քիչ է ապրել Հայաստանում, և հիմնականում ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում, միշտ համարվել և նույնիսկ հիմա էլ համարվում է Խորհրդային միության հանճարեղ կոմպոզիտոր: Եվ մեր նպատակն այն է, որ կարողանանք նրա անունը ավելի շատ կապել Հայաստանի և ոչ թե Խորհրդային միության հետ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031