Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանի «հրեշտակները», Սերժ Սարգսյանի «թարս աճող խիարն» ու ՀՀ արդարադատության պատկերը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2013 17:51

«Սերժ Սարգսյանի` իրավական համակարգի մասին աշխարհայացքը, մոտեցումները սահմանափակվում են խփեմ 60,70,80,90, խիարը թարս է աճում, եկել ես, որ ի՞նչ անես շրջանակներում: Նման  գաղջ մթնոլորտում ապրելն ու գոյատևելը անհնար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պարոն Սաքունցը, որպես երկրում արդարադատության համակարգի ցուցանիշ` օրինակ բերեց Սուրիկ Խաչատրյանի, «Հարսնաքարի» դատավարությունները և նկատեց. «Նույնիսկ այն կառույցը, որը երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է, արժեզրկվեց: Նույնիսկ Վովա Գասպարյանի հրեշտակները չփրկեցին ոչ միայն Վովա Գասպարյանին, այլև իշխանությանը: Հրեշտակները մնացին օդում: Երբ տարեսկզբին մեկ քաղբանտարկյալը` Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց, բայց հետո ունեցանք տասնչորս քաղբանտարկյալներ, որոնք դիմեցին վերջին միջոցին` քաղաքացիական անհնազանդությանը»:

Aravot.am-ը մատնանշելով մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որտեղ կոնկրետ կաշառքի դեպքեր են ներկայացված և բազում խախտումներ, հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է դրվի Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը, ինչպես ժամանակին Իշխան Զաքարյանի պարագայում եղավ: Արթուր Սաքունցը ողջունելով զեկույցը պատասխանեց. «Սերժ Սարգսյան և իրավական հասկացությունները համատեղելի են ինչքան կրակն ու ջուրը, ինչքան մահն  ու կյանքը: Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանին, ապա ասեմ, որ նա մի քիչ աղմկեց, դոսյեները հավաքեց, ներկայացրեց Սերժ Սարգսյանին: Եթե նախկինում դրանք գաղտնի էին ներկայացնում, հիմա բացահայտ, օրը ցերեկով: Դոսյեները ներկայացրեց ու շարունակեց իր աշխատանքը: Ինչպես ասում են Иванушка слушает, да ест!: Բերեք չհամեմատենք Կարեն Անդրեասյանին ու Իշխան Զաքարյանին: Կարեն Անդրեասյանը իրեն դրեց լուրջ խնդրի առջև, թե ինչպես է նրա ճակատագիրը լինելու, առաջին հերթին երևի ինքը կիմանա: Բայց եթե ինքն իր դիրքորոշումը շարունակի՝ որպես ՄԻՊ, ես կպաշտպանեմ նրան, հենց թեկուզ միայն այդ զեկույցի համար, որի շնորհիվ շատ խնդիրների տրվեց իրավական ուժ»:

Ավետիք Իշխանյանը նույն հարցին արձագանքեց. «Դատաիրավական համակարգը, դատարանները, ոստիկանությունը, դատախազությունը ՀՀ իշխանությունների պահպանման հիմնական հենարանն են: Ինչո՞ւ Արման Դավթյանին խոշտանգելու համար ոչ ոք չի պատժվում, եթե պատժվեց, ուրեմն համակարգը կփլուզվի: Իսկ Կարեն Անդրեասյանին  օրենքով որևէ կերպ աշխատանքից հեռացնել չեն կարող, բայց ՀՀ-ում կարող է գործել ահաբեկման, կոմպրոմատների մեխանիզմը: Այդ դեպքում կարող ենք պնդել, որ պետական այդ անկախ կառույցը ոչնչացրին Հայաստանում»:

Անդրադարձ կատարվեց նաև բանակում գոյություն ունեցող խնդիրներին: Արթուր Սաքունցը տեղեկացրեց.  «Շարունակվում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը, որը հանգեցնում է մահվան դեպքերի: ՊՆ-ն փակ կառույց է և փակում է բոլոր հանցագործությունները, քանի որ պաշպանության բնագավառը նրանց համար եկամտաբեր է: Նրանց համար մահվան դեպքերը էական նշանակություն չունեն, իսկ ցավակցությունները ձևական են: Սեյրան Օհանյանը պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակողն է: Զինծառայության կարգուկանոնի պատասխանատուն է գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը, ով  մնում է ստվերում: Իր սիրուն աչքերի համա՞ր է շարունակում պաշտոնավարել»:

«Լրագրողներ հանուն իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս տարի 31 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից 8-ը ինքնասպանություն է որակված:

Արթուր Սաքունցն այս կապակցությամբ ասաց.«Հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր 10 ինքնասպանության դեպքից 9-ը սպանություններ են, քննությունը չի հիմնավորում, որ դրանք ինքնասպանություն են»:

Ժաննա Ալեքսանյանը հատկապես բացասական գնահատեց ՀՀ ոստիկանության աշխատանքը ու շեշտեց, թե Աշոտ Կարապետյանը չի կարող առանց խոշտանգումների:

Իսկ Արթուր Սաքունցը նշեց, որ հանձինս Վովա Գասպարյանի և Գևորգ Կոստանյանի այս տարի «նվերներ» ունեցանք. «Վովա Գասպարյանը  մսագործներին նշանակում է ոստիկանապետ, իսկ Գևորգ Կոստանյանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ձգտում ունի»:

Ավետիք Իշխանյանը խոսեց ՀՀ-ում գոյություն ունեցող անհանդուրժողականության ու խտրականության մասին, երբ ստեղծվեցին այնպիսի կեղծ կառույցներ, ինչպիսիք են Համահայկական ծնողական կոմիտեն, Երիտասարդական լիգան և այլն: Նա նկատեց, թե «գործում են խորհրդային ժամանակվա մեթոդները, երբ սուտ ԿԳԲ-ն սուտ էր  տարածում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031