«Առավոտը» «Դատախազին բողոք է բերվել հեռուստաընկերության դեմ» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի դատախազին Նարա Ղազումյանն ուղղել է բողոք՝ ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության դեկտեմբերի 11-ի «Հերթապահ մաս» հաղորդման, եւ խնդրել «պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին համապատասխան հայտարարություն տրամադրելու միջոցով դադարեցնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդման շրջանակներում թիվ 38108313 քրեական գործով Ն.Ղազումյանի վերաբերյալ տեղեկատվության շրջանառությունը և գործի նախաքննության ընթացքում զերծ մնալ գործով չապացուցված տվյալների հրապարակումներից»:
Մեր խնդրանքով անդրադառնալով այս բողոքին՝ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն տեղեկացնում է. «Հերթապահ Մաս» հաղորդումը պատրաստվում և նկարահանվում է ՀՀ ոստիկանության կողմից և, որ այն համապատասխան կրիչի վրա Ընկերությանը տրամադրում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ընկերությունը առաջարկում է Նարա Ղազումյանին, իր կողմից բարձրացված հարցի լուծման համար դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Հայտնում ենք նաև, որ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի և ՀՀ ոստիկանության միջև 28.06.2011թ. կնքվել է Ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1.2 կետի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը պարտավորվել է պատրաստել և «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ին տրամադրել «Հերթապահ Մաս» հաղորդաշարը, իսկ Պայմանագրի 2.1.6 կետի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը պարտավորվել է պատասխանատվություն կրել հաղորդման բովանդակության համար»: