Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում կքննարկվեն կարևոր հարցեր

Դեկտեմբեր 19,2013 17:22

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու և «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի  փաթեթին, որի դրույթների գործողությունը ժամանակային առումով ունի սահմանափակ բնույթ և որի ազդեցությունը տարածվում է միայն 2013թ. բյուջետային տարվա վրա: Օրենսդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարությունը հաստատել է «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի իրականացման համար համագործակցության կազմակերպման կանոնակարգը:

Կառավարությունն իր նիստում սահմանել է ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաև այդ տարվա պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները:

 

Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

 

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության  զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է  «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել  բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ: «Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, – ասել է վարչապետը: – Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում  եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի և գնման գործընթացի կազմակերպումը և կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Սյունիքի մարզում գտնվող մի շարք արգելավայրերի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով կառավարությունն ստեղծել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը և «Խուստուփ» պետական արգելավայրը, հաստատել դրանց կանոնադրությունները: Որոշման նպատակն է բարձրացնել մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը: Նշված  վայրերում հանդիպում են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում ընդգրկված և Էնդեմիկ  բուսատեսակներ, կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ, ինչպես նաև մի շարք արժեքավոր կենդանիների տեսակների ապրելավայրեր և միգրացիոն ուղիներ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անտառային հրդեհի վտանգի վաղ ազդարարման, հրդեհի արագ արձագանքման և հրդեհի դեմ պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագրին:

 

 

Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը

 

 

Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում  շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա  Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» ՍՊԸ  կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. դեկտեմբերի 16-ը: Ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կառուցված և գործող բուսական յուղի և քուսպի` անասնակերի, արտադրության գործարանը վերազինել բուսական յուղի ռաֆինացման նոր, ժամանակակից  սարքավորումներով, ընդլայնել արտադրության տեսականին և ծավալը: Այժմ գործարանում արտադրվում է արևածաղկի և հլածուկի էկոլոգիապես մաքուր, ոչ ռաֆինացված բուսական յուղ և քուսպ: Ձեռնարկության վերազինման համար նախատեսվում է ներդնել շուրջ 655 մլն դրամ:

Գործադիրը վեց ամսով երկարաձգել է ներդրումային մեկ այլ ծրագրով «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, որը սպառվել է  2013թ. նոյեմբերի 30-ին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ  սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով: Արտադրվող գինու 25 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Լիտվա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա: Այժմ հիմնվում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրություն:

 

Գործարարների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ

 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր երեք որոշումների փոփոխությամբ հեշտացրել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի, թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային  սպիրտի արտադրության, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության բնագավառների արտոնագրումը:

Մեկ այլ որոշման փոփոխությամբ  գործադիրը նպատակ ունի կրճատել էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխարինման) ու բաշխման արտոնագիր, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, նշված ոլորտներին հողամասերի տրամադրումը կառուցապատման իրավունքով իրականացնել առանց մրցույթի, իսկ օտարումը` ուղղակի վաճառքով:

Բիզնես գործընթացի բարելավման նպատակով վերջին տարիներին կրճատվել է էլեկտրականությանը միացման ժամկետը, սակայն այն չի ուղեկցվել ծառայություն մատուցող ընկերության համար պետական մարմինների հետ համաձայնեցման գործընթացի դյուրացմամբ և ժամկետի կրճատմամբ: Այս խնդիրը կլուծվի մշակման փուլում գտնվող Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նոր ծրագրի իրագործմամբ: Մինչ այդ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել գործող ծրագրի համապատասխան կետը:

Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգը, դրանից բխող միջոցառումների ցանկը: Նախատեսվում է մեծացնել նշված կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ծավալը:

Գործադիրը հավանություն է տվել «Համայնքային ենթակառուցվածքների  ծրագիր II, 3-րդ փուլ – Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերի նախագծերին: Ծրագիրը նախատեսված է իրականացնել երեք փոխկապակցված փուլերով, որոնց ամբողջական իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել բոլոր թիրախների լիարժեք կատարումը: III փուլի իրականացումն, օրինակ, թույլ կտա ավարտին հասցնել Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը` ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում:

Զինծառայողների աշխատավարձը կավելացվի 2014թ. հունվարի 1-ից

  

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում  կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության  նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության այդ որոշման 1-ին հավելվածը, որով սահմանվել են լրավճարների առավելագույն չափերը և զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթ ունեցող 2-րդ հավելվածը:

Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մոտ 150 քառ. մետր մակերեսով տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ երկրապահ կամավորականների միությանը` իր իսկ ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Նշված վարչության տնօրինության Երևան քաղաքի Մանանդյան 41/4 հասցեի բնակելի շենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերվել են իրենց զբաղեցրած տարածքները` պայմանով, որ քաղաքացիներն այդ բնակարանները կարող են օտարել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն հինգ տարի անց:

Կառավարության որոշմամբ 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր  ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 48 մլն դրամ:

 

Ոստիկանական պահպանությունը պետական պահպանության ինքնուրույն տեսակ է

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ոստիկանական պահպանությունը սահմանել որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, տարանջատել  ոստիկանական պահպանության և մասնավոր պահնորդության ոլորտները, ինչպես նաև ամրագրել ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների և ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը: Հավանության է արժանացել նաև սույն օրինագծի ընդունմամբ պայմանավորված  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը:

Նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական  նախաձեռնության կարգով  ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով առաջարկվող օրինագիծը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև: Ըստ կառավարության եզրակացության, նախագիծն  առավելապես ունի հռչակագրային և ծրագրային բնույթ, հստակ չէ դրա կարգավորման առարկան, այն չի բովանդակում արդյունաբերական քաղաքականության իրականացման գործնական մեխանիզմներ: Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի նախագիծը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օրենքի նախագծի լրամշակման հարցում համագործակցել հեղինակի հետ: Նույնաբովանդակ եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է պետտուրքը սահմանված ժամկետում չգանձելու և սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը օրական 0.5 տոկոսի փոխարեն սահմանել 0.15 տոկոսի չափով: Ընդունելի համարելով այս առաջարկը, գործադիրը ոչ նպատակահարմար է համարել մյուսները և արել հանդիպակաց առաջարկներ:

Կառավարությունը քննարկել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա առաջարկել է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը: Կառավարության եզրակացության համաձայն, քանի որ մանրաձկան  ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական գործընթաց է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Գործադիրն ընդունելի է համարել բնապահպանական միջոցառումներ չիրականացնող  ՀԷԿ-երի աշխատանքի դադարեցումը, ինչպես նաև լճի անմիջական ազդեցության գոտում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումը, սակայն ներկայացրել է նաև մի շարք առարկություններ: Օրինագիծն այս տեսքով  կառավարությունն անընդունելի է համարել:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

 Այլ հարցեր

  Փոփոխելով ու լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որին վերապահվում է այդ անձի հայ լինելու փաստաթուղթը առանձին դեպքերում հաստատելու իրավունք: Խնդիրը հրատապ է Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան եկած հայազգի քաղաքացիների համար:

Իր նիստում կառավարությունը նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց  համաձայն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի նշումից բացի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այդ գործառույթը կկազմակերպի նաև սահմանային անցման կետերում: Մեկ այլ որոշմամբ համապատասխան լրացում է կատարվել ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության մեջ:

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Վանդ-սա» ՍՊԸ-ին` մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք մեր երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:

Արաբական Միացյալ Էմիությունների  Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելու կապակցությամբ մինչև 2017թ. ձմեռային զորակոչ պարտադիր զինվորական  ծառայության զորակոչից տարկետում է տրվել Հենրիկ Մելքոնյանին, Աշոտ Մնացականյանին և Ռաֆայել Հարությունյանին:

Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031