Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազն ասում է՝ տուժողին ոստիկանի հետ չի տարել ոստիկանություն, դատարանն էլ մերժեց նրա դեմ բացարկը

Դեկտեմբեր 19,2013 17:12

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն այսօր դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ վերսկսեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԻնեսաՊետրոսյանի բողոքի քննությունը:

Ինեսա Պետրոսյանն իրականացնում է Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի պաշտպանությունը եւ վերաքննիչ դատարան դիմելով ՝բողոքարկում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճիռը:

Հիշեցնենք, որ նրա պաշտպանյալները մեղադրվել են եւ դատապարտվել են ազատազրկման՝ տուժող, մուրացկանությամբ զբաղվող Սպարտակ Հայրապետյանից գումար հափշտակելու համար:

Դատավճռից հետո Խաչիկ Հակոբյանը չէր ենթարկվել ուղեկցողներին, կծել էր նրանցից մեկի ոտքը, իսկ Արա Դիլանյանն ինքնասպանության փորձ էր արել, եւ ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Վերջինս դատարան չէր բերվել, եւ ըստ ԴՀ պետի գրության, ի վիճակի է դատարան գալու, սակայն հրաժարվել է:

Մինչդեռ, ըստ պաշտպանին ուղարկված գրության, նա ի վիճակի է միայն հենակի կամ սայլակի միջոցով տեղաշարժվելու:

Դատական նիստն այսօր սկսվեց առանց տուժողի եւ ամբաստանյալի:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը բացարկ հայտնեց մեղադրանքը պաշտպանած մարզի դատախազ Հայկ Պետրոսյանին:

«Գործի դատաքննության ընթացքում դատախազ Հայկ Պետրոսյանը դուրս գալով իր լիազորություններից, դատական վիճաբանությունների փուլում՝ սեպտեմբերի 3-ին, տուժող Սպարտակ Հայրապետյանին ոստիկան Գրիշայի միջոցով տարել է Գորիսի ոստիկանություն, որտեղ նրանից հաղորդում եւ մի քանի տեսակի բացատրություններ են վերցրել, որոնք գտնվում են դատախազի մոտ, ինչի հիմքով էլ սկսվել է դատաքննությունը: Դատական նիստի ավարտից հետո, բացի դատարան ներկայացրած բացատրությունից, դատախազը ցուցադրեց իր հեռախոսով ձայնագրած Սպարտակ Հայրապետյանին, որը իբր նշում էր, որ իմ՝ փաստաբանիս կողմից նրան գումար է տրվել»,-հրապարակեց Ինեսա Պետրոսյանը:

Դատախազը զրպարտություն համարեց փաստաբանի ասածը, հայտնեց, որ հեռախոսներն իր մոտ են, կարող են փորձաքննությամբ պարզել, թե նման տեսանկարահանում կա՞, թե՞ ոչ:

Ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանն իր ընկերոջ հաշմանդամ դառնալու համար մեղադրեց դատախազին, նաեւ ասաց, որ նրա անարդարացի դատավճռի պատճառով իր երեխաները մնացել են առանց խնամքի, որ իր եղբոր եւ հարազատների թաղմանն անգամ չի կարողացել մասնակցել:

Ամբաստանյալին, սակայն, դատարանը ոչ միայն թույլ չտվեց դատախազին ուղղված իր վրդովմունքը շարունակել, այլ երբ դուրս էր գալիս խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, դիմելով դատական նիստերի քարտուղարին, հորդորեցին մեղադրողի դեմ հնչած արտահայտության դեպքում հեռացնել նիստերի դահլիճից: Դրան հետեւեց Ինեսա Պետրոսյանի ռեպլիկը. կողմնակալություն եք ցույց տալիս:

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատարանը կողմնակալության հետ կապված հանդիմանեց փաստաբանին, ասելով, որ նման եզրահանգման է եկել, քանի որ դատախազը մենակ էր դահլիճում, իսկ ամբաստանյալի հարազատները շատ էին, նաեւ հիշեցրեց ամբաստանյալի պահվածքը:

Դատարանը մերժեց դատախազի բացարկը:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Ինեսա Պետրոսյանը նորից պնդեց, որ դատարան բերվի Արա Դիլանյանը, որպեսզի դատարանի համար պարզ լինի նրա վիճակը:

Դատախազը դեմ էր եւ գտնում էր, որ կարելի է առանց ամբաստանյալի նիստն անցկացնել, մոռանալով կողմերի հավասարության սկզբունքի հարգման մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031