«Երեւանի քաղաքապետարանի հետ մեր հրշեջ փրկարարներն աշխատում են, ես տրամադրել եմ համապատասխան տեխնիկա եւ սառույցների հետ կապված, եւ ընդհանուր առմամբ, եթե պետք է լինում, փողոցների մաքրման աշխատանքները մեր տղաներն իրենց հետ անում են»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նախարարին չի՞ անհանգստացնում, որ ձյան պատճառով Երեւանի մայթերին արտակարգ դրություն է ստեղծվել ու ամենուր սառույց է:
Այն հարցին էլ, թե նախարարին բավարարո՞ւմ են մայթերի ու փողոցների սառույցներից մաքրման աշխատանքները, պարոն Երիցյանն ասաց՝ «Ես շրջել եմ փողոցներում եւ միշտ շրջում եմ: Դե գիտեք, կարող էր վիճակն ավելի լավ լինել»:
Դիտարկմանը, թե փաստորեն ավելի լավ Երեւան չունենք, Արմեն Երիցյանն այսպես արձագանքեց՝ «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք, կտեսնեիք: 2 օրից 2-3 աստիճանով եղանակը կտաքանա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ