Դեկտեմբերի 19-ը Աղքատներին օգնելու միջազգային օրն է: Աղքատության սահմանումների եւ Հայաստանում դրա վիճակագրության մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Բանախոսը նշեց, որ ՄԱԿ-ի կողմից արձանագրված է, որ աղքատների օրական եկամուտը 2 դոլարն է, չքավորների դեպքում՝ մեկ դոլարից ցածր է:
Պարոն Ադիբեկյանը ներկայացնում է աղքատության սահմանումները. «Կա հարաբերական աղքատություն, այսինքն՝ չի բավարարվում տվյալ սոցիալ տնտեսական պայմաններում մարդու սովորական պահանջները՝ սնվել, կենցաղային պահանջները բավարարել, երեխա ունենալ, մեծացնել եւ այլն,- ասում ե նա եւ ավելացնում,-կա սուբյեկտիվ աղքատություն, երբ ես ինքս եմ համարում, որ ես աղքատ եմ: Ես գտնում եմ, որ պետք է հանգստանամ Նիցցայում, այլ ոչ թե Կիպրոսում, եւ երբ հարցնում են, ասում եմ՝ աղքատ եմ»:
Ներկայացնում է վիճակագրությունը. աշխարհում երկուսուկես միլիարդ աղքատ կա, որից մեկ միլիարդը չքավորներն են: «Հայաստանում պաշտոնական տվյալներով՝ մեր ընտանիքների մոտ երեսունյոթ տոկոսը աղքատ է, որից չքավորը կազմում է մոտավորապես յոթ տոկոսը: 2012 թվականի տվյալներն են: Մեր տվյալներով՝ բացարձակ աղքատների թիվը կազմում է քառասունյոթ տոկոս, բայց իրենց աղքատ են համարում, դա սուբյեկտիվն է, քսան տոկոսը: Մարդիկ չեն ուզում իրենց զգալ աղքատ, կենսական դժվարությունները գնահատում են որպես անցողիկ: Մեր տվյալներով՝ այդ քառասունյոթ տոկոսի տասը տոկոսը ընչազուրկներն են, որոնք սոված պառկում են քնելու: Այսինքն, եթե վերցնենք թվաքանակը, Հայաստանում հարյուր ընտանիքից ութսունհինգի եկամուտը գնում ա սննդի եւ կոմունալ ծախսերին, մոտ հիսուն տոկոսը մենակ սննդին է հերիքում: Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու»:
Կարդացեք նաև
Ի՞նչ է անում պետությունը: Բանախոսն ասում է՝ ըստ վիճակագրության՝ 100 000 ընտանիք ստանում է աղքատության նպաստ, ամսեկան 29 000 դրամ, եւս 11 000 երեխաների նպաստ է տալիս:
«Ներկայումս կառավարությունը գտնում է, որ ծայրահեղ աղքատ է 2.8 տոկոսը: Աղքատության գիծը Հայաստանում 21 000 դրամ է»,- ասում է պարոն Ադիբեկյանը եւ նշում, որ հույս դնել պետության վրա չի կարելի, քանի որ այդ նպաստները բավարար չեն կարիքները հոգալու համար:
«Աղքատության լծակը պետք է տարվի ոչ միայն պետական մարմիններով, այլ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց լծակները օգտագործեն: ՏԻՄ-երը լծակներ ունեն օգնելու համար, եկեղեցին էլ, թե ինչի չի օգնում, չգիտեմ»,- ասում է նա:
Խոսելով այն մասին, թե հատկապես որտեղ է ավելի բեւեռացված աղքատությունը, պարոն Ադիբեկյանը նշեց. «Ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքն է, որովհետեւ ունի աշխատող հիմնարկներ, որտեղ ամենաբարձր աշխատավարձն է, երկրորդն ա, ամենաբարձր մակարդակը դա տեղեկատվական ոլորտն ա, երկրորդը դա հանքագործությունն ա: Ամենավատ վիճակում իհարկե Տավուշն ա, ու սահմանամերձ գյուղերն են, որոնք շուկա չունեն վաճառելու իրենց արտադրանքը կամ շուկան այնքան հեռու է, որ արտահանումն իմաստազրկվում է»:
Երեւանում նույնպես աղքատությունը նույն մակարդակում է, ըստ բանախոսի:
Աղքատություն շեմը հաղթահարելու ճանապարհ սոցիոլոգը նույնպես նշում է. «Մենք պետք է ունենանք երկու տասնյակ մեծ գործարաններ, որոնցից կլինեն նաեւ մանր եւ միջին բիզնեսներ: Հիմա մենք գյուղի հաշվին ենք ապրում, գյուղացին չի կարողանում իր քրտինքը բարձր վաճառել, որովհետեւ Հայաստանի սպառողը գնողունակ չէ: Այն, ինչ մենք կարող ենք արտադրել մեր երկրում, չպիտի ներկրենք: Պետք է ասեմ նաեւ, որ տնտեսապես շահավետ է Հայաստանում բիզնես դնել, որովհետեւ այստեղ ավելի քիչ ես աշխատողին վարձատրում: Այստեղ պետք է բիզնեսներ դնել, այդպես պայքարել աղքատության դեմ»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսագետ չեմ, բայց բացարձակ տխմարություն է Հայաստանում բիզնես դնելը այն պատճառով, որ աշխատողին քիչ ես վարձատրում, այս պարագայում գործարարը եկամուտ չունի, քանի որ հազիվ է հասցնում հարկային պարտավորվածությունները կատարել: Ուրեմն հարց է ծագում, եթե գործարարը եկամուտ չի ստանում, իսկ աշխատողը ամսեկան ստանալու է 35-45000դրամ, որը չի բավարարում նրա ընտանիքի գոյատևման համար առաջնային պահանջները բավարարելուն, ապա ու՞մ, կամ հանուն ի՞նչի հիմնել մի գործ, որը աշխատելու է բացառապես կորուստներով: