Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետ. Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի նորմ չէ, «լենինիզմ» է

Դեկտեմբեր 19,2013 16:35

Վրաց-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս, այսօր Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերվող համաժողովի ընթացքում, բավականին սուր, բայց կոռեկտ ձեւակերպումներով ելույթ ունեցավ ՌԳԱ Գիտակազմակերպչական վարչության ԳՀԱ ծրագրման բաժնի պետ, Հասարակական– քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: Նա իր ելույթը սկսեց նրանից, որ մշտապես կողմնակից է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, որը խախտվում է երբեմն արտաքին ուժերի, երբեմն՝ ներքին խնդիրների արդյունքում:

Ինչ վերաբերում է ռուս-վրացական հակամարտությանը, ըստ Վ.Եվսեեւի, դրանք հանկարծակիորեն չսկսվեցին 2008-ի օգոստոսին: Նա համարում է, որ երբ Ռուսաստանը սկսեց նորոգել աբխազական երկաթուղին, Վրաստանը դա ընկալեց որպես պատերազմի սկիզբ: Պարոն Եվսեեւը կարծում է, որ Սահակաշվիլու ռեժիմը մեծ ակնկալիքներ ուներ դրսի ուժերից, իրեն թվում էր, թե Արեւմուտքը ամբողջությամբ է կանգնած իր թիկունքին՝ անգամ ռազմական գործողությունների դեպքում: Եվ մի պահ էր ստեղծվել, որ փոքր տեղական կոնֆլիկտը կարող էր վերածվել միջազգային լուրջ սկանդալի՝ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն կանգնած էին պատերազմի անմիջական վտանգի առջեւ: Պարոն Եվսեեւն ընդունեց, որ չկար խիստ մեծ անհրաժեշտություն՝ ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, բայց դա արվեց, եւ դա դարձավ լրջագույն խնդիր Վրաստանի տարածքային ամբողջականության համար:

Նա խոսեց նաեւ երկակի չափանիշների մասին, որոնցով առաջնորդվում են գերտերությունները: Միջազգային իրավունքը չի սահմանում ազգերի ինքնորոշման իրավունք՝ «դա լենինիզմ է», սակայն հստակ սահմանում է տարածքային ամբողջականության եւ օտար երկրների ներքին գործերին չխառնվելու պայմանները: Այնինչ՝ գերտերությունները (նա նկատի ուներ հատկապես ԱՄՆ-ին) պարբերաբար գտնում է պատրվակներ՝ այլ երկրների ներքին գործերին խառնվելու եւ տարածքային խնդիրներ լուծելու համար՝ Իրաք, Սիրիա, եւ այլն: Պարոն Եվսեեւը պնդում է, որ երկրները, որոնք նման կոպիտ ձեւով մտնում են այլոց ներքին խնդիրների մեջ, որեւէ բարոյական իրավունք չունեն այլոց (Ռուսաստանին) ասելու, թե ինչպես վարվեն: Այդուհանդերձ, պարոն Եվսեեւը խոստովանում է, որ կոնֆլիկտի մեջ չի կարող լինել միայն մեկ կողմ, պետք է լինի առնվազն երկու կողմ: Ճիշտ է, նա համարում է, որ ռուս-վրացական հակամարտության մեղքը հիմնականում վրացական կողմինն էր, բայց նաեւ ընդունեց, որ Ռուսաստանն էլ իր մեղքն ուներ, քանի որ ներգրավված էր Աբխազիայում:

Իսկ երեկ հետաքրքիր, կարելի է ասել՝ սկանդալային ելույթով հանդես եկած Միխայիլ Չեռնովն ասաց, որ վրաց-օսեթական հարաբերությունները ապագա չունեն, եւ այդ երկու ժողովուրդների համատեղ պատմությունը ի սկզբանե չի կայացել, եւ որպես ապացույց նկատեց, որ վրացական մշակույթի եւ օսեթական ազգի միությունն է աշխարհին տվել Ստալինին: Նա նաեւ ասաց, որ 2008-ից առ այսօր իրավիճակը փոխվել է, եթե առաջ Վրաստանը դեպի ԱՄՆ էր կողմնորոշված, ապա հիմա՝ դեպի Եվրոպա եւ դա խորացնում է լարվածությունը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, ու կարող է բերել բախումների:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031