Դեկտեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղար Պասկալ Տերասսեի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր գրանցված զարգացումները:
Այս համատեքստում դեսպանն ընդգծեց խորհրդարանական մակարդակով իրականացվող համագործակցության կարևորությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց պարոն Տերասսեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ ուղղված ծրագրերի իրականացման համար։ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը ապագայում կշարունակվի և կամրապնդվի` շնորհիվ նոր նախաձեռնությունների, ինչպիսին է, օրինակ, Հայաստանում ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի ստեղծման ծրագիրը:
Պարոն Պասկալ Տերասսեն իր գոհունակությունը հայտնեց ֆրանկոֆոն ընտանիքում ինտեգրման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրած ջանքերի առնչությամբ: Նա ողջունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Ազգային Ժողովի ֆրանկոֆոնիայի հանձնախմբի միջև հաստատված համագործակցությունը՝ դրական արձագանքելով՝ ՀՀ Ազգային Ժողովի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի շարունակմանը, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնմանը: Պասկալ Տերասսեն հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալը կնպաստի կազմակերպության խորհրդարանական մարմնում Հայաստանի դերակատարության ամրապնդմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ