Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանը հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չունի

Դեկտեմբեր 19,2013 16:29

«Հսկայական գրականություն կա աշխարհում, որը վերաբերում է Հայաստանին կամ գրված է հայ գրողների կողմից, և Ազգային գրադարանը պարտավոր է այդ ողջ գրականությունն ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և ընդգծեց, որ ներկայումս գրադարանի ուշադրության կենտրոնում հիմնականում հայագիտական և առհասարակ Հայաստանին վերաբերող գրականությունն է: «Այս տարվանից մենք մեծ փաթեթներով գրականություն ենք ստանում Ամազոնից: Առաջ նվիրատվությամբ էինք ստանում, որը շատ չէր, հիմա արդեն մենք ենք ձեռք բերում»,- ասում է գրադարանի տնօրենը:

Ամփոփելով տարին՝ Տիգրան Զարգարյանը տարվա ամենամեծ նվաճումը համարեց գրադարանի՝ թամանյանական շենքի վերաբացումը:

Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ գրեթե պատրաստ է գրատպության թանգարանը, և, տնօրենի համոզմամբ՝ բացումը կլինի 2014 թվականին: Թանգարանում կներկայացվի հայ գրատպության պատմությունը՝ 1512 թվականից մինչև մեր օրերը: «Թանգարանը մեծ նվաճում է, որովհետև մենք ասում ենք՝ հին մշակույթ ունենք, գրատպության հին պատմություն ունենք, բայց թանգարան՝ որպես այդպիսին, չունենք»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ Տ. Զարգարյանն ասաց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացնում են վարպետաց դասեր մարզային և համայնքային գրադարանավարների համար. «Ծանոթացնում ենք գրադարանագիտության արդի ձեռքբերումներին, թվայնացման աշխատանքներին, այն մոտեցումներին, որոնք կան այժմ գրադարանային գործում, որովհետև դրանք զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներին համընթաց»,- նշեց տնօրենը:

Նրա խոսքով՝ իրենք դրամաշնորհային մի շարք ծրագրեր ունեն՝ աջակցելու մարզային և համայնքային գրադարաններին:

Տիգրան Զարգարյանն ասաց, որ ընթացքի մեջ է հայ մամուլի համահավաք էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը. «Մեր թերթերն աղետալի վիճակում են: 19-րդ դարի գավառական մամուլն այնքան են օգտագործել, որ արդեն փշրվում է: Այդ պատճառով էլ մեծ գործընթաց է գնում թվայնացման ուղղությամբ: Մեկ միլիոնից ավելի թվայնացված նյութեր արդեն հասանելի են բոլորին: Դրանք կարելի է նաև ազատ բեռնաթափել»,- տեղեկացրեց բանախոսը:

Ինչ վերաբերում է թվայնացման աշխատանքներին, գրադարանի տնօրենն ասաց, որ  նախատեսում են դրանք ավարտել մինչև 2020 թվականը: «Կթվայնացվեն մինչև 1990 թվականը եղած նյութերը, որովհետև դրանից հետո արդեն առաջ է գալիս հեղինակային իրավունքի հարցը: Այն ժամանակ հեղինակային իրավունքը Խորհրդային միությանն էր պատկանում, հիմա՝ առանձին անհատների և հրատարակիչների: Այսինքն` այդտեղ խնդիր կունենանք»,- նշեց Տ. Զարգարյանը և հավելեց, որ մտադրություն ունեն համացանցում տեղադրելու պետպատվերով հրատարակված նյութերը, որոնք ազատ դիտման և բեռնաթափման հնարավորություն կտան: «Բայց սա դեռևս միայն գաղափար է, որը, հուսով ենք, կիրագործվի»,- նշեց գրադարանի տնօրենը:

Խոսելով խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, բնական են Ազգային գրադարանի նման խոշոր մի կառույցի համար, Տ. Զարգարյանը առաջին հերթին մատնանշեց թամանյանական շենքի այն թերությունը, որ հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չունի առայժմ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031